Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը՝ հնազանդեցնո՞ղ

Ապրիլ 07,2009 00:00

Երեկ կեսօրին Ազգային ժողովի շենքի առջեւ տեղի ունեցավ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի եւ մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ցույց՝ ընդդեմ ՀՀ կառավարության առաջարկած՝ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մի շարք դրույթների: Միջոցառման նպատակն էր վերախմբագրել հիշյալ օրենքի նախագծի 17-19-րդ հոդվածները, քանի որ վերջիններիս կիրառումը հղի է ոստիկանական ահաբեկչության վտանգով, մարդկանց ազատությունների եւ իրավունքների լայնածավալ խախտումներով, ինչպես նաեւ ոստիկանի՝ որպես մարդկանց ազատությունների ու իրավունքների պաշտպանի կոչումը քաղաքացիներին հնազանդեցնող մի մարմնի վերափոխմամբ: Մենք գտնում ենք, որ այդ oրենքի կիրառմամբ խախտվում է ոստիկանի՝ որպես մարդկանց ազատությունների ու իրավունքների պաշտպան լինելու կոչումը, եւ դարձնում քաղաքացիներին հնազանդեցնող մի մարմին (վերջին տերմինը առկա է օրենքի նախագծում):

Մեր կարծիքով, առավել մտահոգիչ են նախագծի 17-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները: 17-րդ եւ 18-րդ հոդվածներով ոստիկանության զորքերի զինծառայողը իրավունք ունի ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոց կիրառել ոչ միայն իր օրինական պահանջին չենթարկված մարդկանց նկատմամբ, այլեւ իրեն չհնազանդված մարդկանց նկատմամբ: Այսինքն՝ եթե ոստիկանը քաղաքացուն ասի, որ նա փողոցի մեջտեղում լեզգինկա պարի, իսկ վերջինս հրաժարվի, ապա նա կարող է ծեծվել, էլեկտրահարվել եւ կծվել ծառայողական շան կողմից: 18-րդ հոդվածում սահմանված չէ, թե որ դեպքերում կոնկրետ որ հատուկ միջոցը կարող է օգտագործվել: Իսկ նույն հոդվածի 5-րդ կետում գրված է, որ որոշ դեպքերում ոստիկանը հրազենի կամ հատուկ միջոցի փոխարեն կարող է օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, այսինքն՝ դա կարող է լինել քար, երկաթե ձող, մուրճ կամ նույնիսկ բենզասղոց: 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ենթադրում է, որ ոստիկանը (ոստիկանները) կարող է հրազեն կիրառել մարդկանց՝ նրանց առողջության համար վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելիս, այսինքն, օրինակ, սովորական (բակային) ծեծկռտուքը դադարեցնելու նպատակով մի վաշտ (գումարտակ, գունդ, դիվիզիա) ոստիկան կարող է կրակ բացել 5-10 դեռահասների ուղղությամբ, քանզի վերջիններս իրար առողջության համար վտանգավոր ոտնձգություն են անում:

Ցույցին ներկա էին մի քանի տասնյակ երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ոստիկանության ներկայացուցիչները, կոպտորեն ուժ գործադրելով, փորձեցին խափանել ցույցը, սակայն վերջինս տեղի ունեցավ եւ ավարտվեց 13:30-ին:

Դանիել Իոաննիսյան, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ փոխհամակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել