Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ՝ պերճախոս պատասխան Չի նաստանի նկրտումներին»

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Հարցազրույց պատմական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի աշխատակից Ալի Աբասովի հետ

– Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի առաջարկած «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» իրագործումը:

– «Անվտանգության կովկասյան պլատֆորմի», ինչպես Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ցանկացած այլ մոդելի իրականացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ողջ տարածաշրջանը, այն կազմող բոլոր երեք հանրապետությունները կմտնեն անվտանգության միասնական համակարգի՝ ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի մեջ: Ավելի պարզ ասած՝ տարածաշրջանը պետք է դառնա միայն մեկ կողմի շահերի ոլորտ, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ-ի ժամանակ էր, որը միայնակ իշխում էր այդ տարածքում: Քանի որ մոտ ապագայում նման իրավիճակի առաջացման հավանականությունը փոքր է, ապա «Անվտանգության կովկասյան պլատֆորմն» ընդամենը գործիք է, որով Թուրքիան եւ Ռուսաստանը փորձում են ազդել ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի վրա եւ որի օգնությամբ նրանք կձգտեն ավելի շուտ լուծել Արեւմուտքի հետ ունեցած սեփական խնդիրները, քան Կովկասում ձեւավորել անվտանգության նոր համակարգ: Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական եւ տնտեսական համագործակցությունը հասել է այնպիսի կետի, որից ետ քաշվելը քիչ հավանական է: «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» իրականացումը կնշանակի Ռուսաստանի դիրքերի ամրապնդում տարածաշրջանում, ինչը հազիվ թե մտնում է ԱՄՆ-ի պլանների մեջ:

– Որքա՞ն արդյունավետ կարող են լինել ՀԱՊԿ երկրների օպերատիվ արձագանքման ուժերը եւ ի՞նչը խթանեց նման ուժեր ստեղծելու որոշման կայացմանը:

– ՀԱՊԿ-ի երկրների օպերատիվ արձագանքման ուժերն իրենց արդյունավետությամբ զիջում են եւ դեռ երկար ժամանակ կզիջեն նույնիսկ այնպիսի իներտ կազմակերպության, ինչպիսին ԱՊՀ-ն է:Հիմնականում ռուս զինծառայողներից կազմված այդ ուժերի մանդատը, ըստ կազմակերպիչների, կտարածվի ահաբեկչության դեմ պայքարի, ընդհանուր սահմանների պաշտպանության, թմրադեղերի տարածման դեմ պայքարի եւ այլնի վրա եւ չի վերաբերի հակամարտության գոտիներին: Ընդհանրապես, թվում է, թե այդ ուժերի գործունեության վայրը Կենտրոնական Ասիան է, այն էլ՝ հաշվի առնելով Ուզբեկստանի (դիտորդ) եւ Թուրքմենստանի (չեզոք երկիր) առանձնահատուկ դերը: Այդ նույն գոտում գործում է ավելի արդյունավետ քաղաքական կազմակերպություն՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն արդեն հասցրել է անցկացնել լայնածավալ զինավարժություններ: Բայց այդ կազմակերպության մեջ առաջատարի դերի համար պայքար է ընթանում Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ի երկրների օպերատիվ արձագանքման ուժերը լռելյայն, բայց պերճախոս պատասխան են Չինաստանի նկրտումներին: Բացի այդ, դա բավական արդյունավետ եւ իրավաբանորեն հիմնավորված պատճառ է՝ ընդլայնելու Ռուսաստանի ներկայությունը մի տարածաշրջանում, որը ելքի հնարավորություն է տալիս դեպի Ասիայի բազմաթիվ երկրներ:

– Ընդհանուր առմամբ ի՞նչ տեղ են զբաղեցնում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ռուս-ամերիկյան հարաբերություններում եւ արդյո՞ք այդ տեղի ընկալումն Ադրբեջանում ադեկվատ է իրական վիճակին:

– Ձեւականորեն, եւ դա ամրագրված է միջազգային փաստաթղթերով, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գլխավոր միջնորդներ են Հարավային Կովկասի երեք հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացներում: Իրականում, հենց այս երկրների շահերի միջեւ առկա հակասություններն են խոչընդոտում այդ հակամարտությունների լուծմանը: Ռուսաստանն արդեն «մի ոտքը» դուրս է հանել Հարավային Կովկասից, իսկ ԱՄՆ-ը «մի ոտքը» մտցրել է տարածաշրջան: Այսպիսի իրավիճակը կարող է տեւել շատ երկար, եթե ինչ-որ արտակարգ իրադարձություններ չպատահեն: Այսօր, օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանն ամողջովին ԱՄՆ-ի հովանու տակ է, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է եւ ՀԱՊԿ-ի անդամ: Ադրբեջանը խուսանավում է երկու երկրների միջեւ: Ճգնաժամի խորացումը Հայաստանում, Ռուսաստանի նոր պատերազմը Վրաստանի հետ, որը «հանկարծ կհարձակվի» Աբխազիայի վրա, «Նաբուկո» էներգետիկ նախագծի իրականացումը եւ մի շարք այլ «անսպասելի իրադարձություններ» (օրինակ՝ պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ) կարող են փոխել Հարավային Կովկասի երկրների գլոբալ քաղաքական կողմնորոշումները:

– Հավատո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը եւ ինչպե՞ս դա կարող է ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:

– Ըստ աղքատիկ տեղեկությունների, որ հայտնվում են մամուլում, հայ-թուրքական երկխոսությունը, Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, հասել է բավական ինտենսիվ փուլի, որից հետո կարելի է ակնկալել բուռն զարգացում: Ամենայն հավանականությամբ, խոսքը հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ ծավալուն տնտեսական համագործակցության մասին է: Ցեղասպանության մասին հարցը, որը կարող է դառնալ «փորձաքար», կարելի է ճարպկորեն շրջանցել՝ ստեղծելով այդ հարցի ուսումնասիրության համատեղ հանձնախումբ: Տնտեսական ճգնաժամ ապրող Հայաստանի համար իմաստ ունի՝ ընդունելու այդ ձեւաչափը, առավել եւս, եթե Ադրբեջանի բռնազավթված տարածքների հարցում Թուրքիան բռնի ավելի «փափուկ» դիրք: Ռուսաստանը եւս պատրաստ կլինի իրադարձությունների այդպիսի ընթացքին, եթե նրա ձեռքերում մնան այդ երկխոսության վրա ազդելու կարեւոր լծակներ: Մեկ անգամ չէ, որ պաշտոնական Ադրբեջանը հայտարարել է, որ անընդունելի է համարում իրադարձությունների նման ընթացքը, թեեւ դժվար է հասկանալ, թե ինչ կկորցնի մեր երկիրը Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների բարելավման դեպքում: Ընդհակառակը, Թուրքիան կարող է ավելի արդյունավետորեն մասնակցել բանակցային գործընթացին եւ նույնիսկ դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Դարձյալ, այս երկխոսության մեջ նույնպես անհայտ է Արեւմուտքի (ԱՄՆ-ի) դիրքորոշումը, որից կախված է շատ բան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել