Օգոստոսյան պատերազմից հետո անվտանգության հին եւ նոր կազմակերպությունների, երկկողմանի նոր հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի ու Ադրբեջանի վրա այդ ամենի ազդեցության մասին են հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ մեր հերթական զրույցները:
Բոլոր նյութերը պատրաստվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը:
Թուրքիայի համար հարաբերությունների նորմալացումն այնքան էլ անհրաժեշտ եւ շտապ գործ չէ
Հարցազրույց Ռազմավարական վերլուծության «Spectrum» կենտրոնի վերլուծաբան, պահեստի փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանի հետ
– Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի առաջարկած «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» իրագործումը:
– «Անվտանգության եւ կայունության կովկասյան պլատֆորմի»՝ որպես ԵԱՀԿ-ի տարածաշրջանային անալոգի, գործառումը հազիվ թե հնարավոր լինի: Առաջին հերթին՝ այն հինգ պետությունների միջեւ բարդ, հակամարտ եւ անհաշտ փոխհարաբերությունների պատճառով, որոնց առաջարկված է մտնել կառույցի մեջ: Վերջապես՝ մասնակցության հրավեր չի ստացել (գոնե մինչեւ այժմ) Իրանը, թեեւ եղածին նաեւ Թեհրանի շահերի ավելացումն էլ ավելի կբարդացնի փոխզիջումային որոշումների ընդունումը
ԽՍՀՄ փլուզման պահից ի վեր Թուրքիան ժամանակ առ ժամանակ հանդես է եկել նման կառույց ստեղծելու առաջարկներով, որոնք միմյանցից տարբերվում էին միայն շեշտադրումներով: Այս նախաձեռնությամբ Թուրքիան, մեծ հաշվով, Ռուսաստանին առաջարկում է բաժանել ազդեցության ոլորտները Հարավային Կովկասի տարածաշրջանում: Բայց Ռուսաստանի համար այդ առաջարկը գրավիչ է այլ պատճառներով: Առաջին՝ այդպիսի կառույցին մասնակցությունը կվկայի նրա՝ տարածաշրջանի բոլոր երկրների հետ կոորդինացված տարածաշրջանային քաղաքականություն վարելու պատրաստակամության մասին: Սա խիստ հրատապ է 2008 թ. օգոստոսին Հարավային Օսեթիայում ընթացող պատերազմին Ռուսաստանի կոպիտ միջամտությունից հետո: Երկրորդ՝ դա Մոսկվային կտա լրացուցիչ գործիք՝ Անկարայի հետ համատեղ իրականացնելու մի քաղաքականություն, որը հնարավորինս կսահմանափակի Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ներկայությունը: Արդեն առաջին տարին չէ, որ նկատվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի այսպիսի համընկնումը Սեւ ծովում՝ օտարերկրյա ռազմածովային ուժերի ներկայության հարցում:
Երրորդ՝ Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանի հետ միասին Թուրքիայի անդամակցությունը նոր տարածաշրջանային կազմակերպությանը՝ կօգնի, որպեսզի Անկարան իրականացնի ավելի հավասարակշռված, նվազ ՆԱՏՕ-ական քաղաքականություն:
Չորրորդ՝ դա կծառայի երկկողմանի տնտեսական համագործակցության հետագա աճին, մասնավորապես՝ էներգետիկայի, նավթի եւ գազի մատակարարման եւ տարանցման, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման ոլորտներում:
– Որքա՞ն արդյունավետ կարող են լինել ՀԱՊԿ երկրների օպերատիվ արձագանքման ուժերը եւ ի՞նչը խթանեց այդպիսի ուժեր ստեղծելու մասին որոշման կայացմանը:
– ՀԱՊԿ-ի ուժեղացումը Մոսկվայի հիմնական խնդիրներից մեկն է, քանի որ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում հենց այդ կազմակերպությանն է հատկացվում «ԱՊՀ տարածքում կայունության պահպանման եւ անվտանգության ապահովման առանցքային գործիքի» դերը: Թվում է, թե հենց ՀԱՊԿ-ը կդառնա այն հիմքը, որի վրա նա կկառուցի դաշնային հարաբերություններ իր ռազմավարական գործընկերների հետ: Առանց ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության՝ նման հարաբերությունների ստեղծման հնարավորությունը կասկածելի է թվում:
Սակայն պետք է հիշել, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ապա, հավելյալ միջազգային խնդիրներից խուսափելու նպատակով, հազիվ թե դուրս գա նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի սահմաններից, ուստի խոսք չի կարող լինել Պայմանագրի 4-րդ հոդվածի (հավաքական պաշտպանության մասին) գործադրման մասին: Այստեղ կարեւոր է ոչ այնքան Հայաստանի տարածքում տեղակայված ՌԴ զինված ուժերի՝ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու հավանական փաստը, որքան ՀԱՊԿ-ում՝ Մոսկվայի համար անցանկալի քաղաքական ճգնաժամի առաջացումը, երբ կազմակերպության մյուս անդամ երկրները չեզոք դիրք կբռնեն (հիմնականում՝ տնտեսական՝ նավթագազային, եւ կրոնական պատճառներով) Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական հակամարտության նկատմամբ: Դրա հետ միասին, Հայաստանին՝ որպես ՀԱՊԿ անդամի, օգնություն կարող է ցույց տրվել (առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից) ուրիշ՝ ոչ պակաս արդյունավետ եղանակներով:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւաչափում ժամանակին արձագանքելու ընդունակության ձեռք բերումը եւ կատարելագործումը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը զսպող եւս մեկ գործոն:
– Ի՞նչ տեղ են զբաղեցնում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ընդհանուր առմամբ ռուս-ամերիկյան հարաբերություններում, եւ արդյո՞ք այդ տեղի ընկալումը Հայաստանում ադեկվատ է իրական վիճակին:
– Ես չէի գերագնահատի Հարավային Կովկասի տեղը եւ դերը ռուս-ամերիկյան փոխհարաբերություններում: Այս երկու տերություններն ավելի լուրջ, գլոբալ մարտահրավերների ազդեցության տակ են, ինչպես, օրինակ, Իրանի հետ հարաբերություններ, նրա միջուկային ծրագրերը, Հակահրթիռային պաշտպանության, Հարձակողական զինատեսակների կրճատման եւ Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրերի թարմացում, միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կոորդինացում, Աֆղանստանում տիրող իրավիճակ եւ այլ հարցեր:
Իհարկե, տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճում է, երբ այնտեղ ապակայունանում է ռազմաքաղաքական իրավիճակը, ինչը ցույց տվեց հնգօրյա պատերազմը Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում: Բայց եթե Ռուսաստանը՝ որպես Կովկասի մաս, ավելի մեծ չափով է ներգրավված տարածաշրջանային, միջպետական եւ ներքաղաքական գործընթացների մեջ, ապա ԱՄՆ-ը ներկա իրավիճակում առաջին հերթին շահագրգռված է տարածաշրջանային գործընթացների աստիճանական զարգացմամբ՝ առանց լարվածությունը կտրուկ սրելու եւ հասցնելու այնպիսի վիճակի, որը կարող է վտանգել տնտեսական եւ ռազմաքաղաքական նախագծերի իրականացումը տարածաշրջանում:
Այս տեսանկյունից, ինձ թվում է, որ ՀԿ տարածաշրջանի դերը եւ նշանակությունը ռուս-ամերիկյան հարաբերություններուն թերի է գնահատվում թե Վաշինգտոնում, թե Մոսկվայում, այդ թվում՝ տարածաշրջանի կոնֆլիկտային ներուժը, դրսեւորված եւ չդրսեւորված հակամարտությունների աշխարհագրությունը լավ չհասկանալու պատճառով:
– Հավատո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը եւ ինչպե՞ս դա կարող է ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա:
– Հայաստանը բազմիցս պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների նորմալացնելու պատրաստակամության մասին: Ցավոք, հայ-թուրքական հարաբերությունների իրական նորմալացումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Անկարան այս իրադրությունից եւ առաջին հերթին՝ Հայաստանի հետ փակ սահմաններից, «կքամի» հնարավոր առավելագույն օգուտը: Թուրքիայի համար հարաբերությունների նորմալացումն այնքան էլ անհրաժեշտ եւ շտապ գործ չէ, եւ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում Անկարան բաց չի թողնի հնարավորությունը՝ նախ գնահատելու դրա հետեւանքները Երեւանի համար, քանի որ Հայաստանը, իր աշխարհատնտեսական դիրքի պատճառով, ավելի խոցելի է եւ կարող է կրել ավելի շոշափելի կորուստներ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների ազդեցությանը թուրք-ադրբեջանականի վրա, ապա այս պահին չկան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որպեսզի Անկարան կատարի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն նրա հարաբերությունները Բաքվի հետ: Եվ բանն այստեղ ընդամենը «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» փաստի հաստատումը չէ, այլ Ադրբեջանի տեղի եւ դերի նշանակությունը Վրաստանի, Իրանի, Հայաստանի, Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների համակարգում, հատկապես՝ Անկարայի կողմից նեոպանթյուրքիզմի երկարաժամկետ քաղաքականության իրականացման համատեքստում: