Պաշտոնյաների կանայք հիմնականում «ռուլետկա» են խաղում
Արտասահմանյան շրջագայությունների ժամանակ, երբ արտերկրում գտնվելը սոսկ առեւտրի նպատակ չի հետապնդում, հայուհիները բաց չեն թողնում նաեւ տվյալ երկրի ժամանցի վայրերում, այդ թվում եւ՝ խաղատներում գոնե մեկ անգամ լինելու հնարավորությունը:
Որ ժամանակակից հայ կինն արդեն կոտրել է կարծրատիպը՝ թե խաղատունն ու կինը անհամատեղելի հասկացություններ են, վկայում են խաղատներում աշխատող տղամարդիկ:
Տղամարդը, ում հետ զրուցեցինք ազարտային կանանց թեմայով, Երեւան-Էջմիածին մայրուղու Արգավանդ գյուղի մատույցներում գտնվող խաղատներից մեկի պատասխանատու աշխատողներից է եւ համաձայնեց մեզ հետ զրուցել` չբացահայտվելու պայմանով: 10 տարի աշխատում է այդ ոլորտում, բայց խաղատներ հաճախող կանանց աճ նկատել է վերջին 2-3 տարիներին:
Ըստ մեր զրուցակցի՝ կանայք տղամարդկանց պես չեն խաղում: Ի տարբերություն տղամարդկանց, նրանք խաղում են ոչ թե փողի, այլ՝ ժամանցի համար: «Կանանց խաղին հետեւելն ինձ համար հաճելի է: Այդքան զգացմունքային էակներ լինելով, խաղի ժամանակ որեւէ զգացմունքայնություն չեն դրսեւորում. անգամ պարտության մատնվելիս դեմքի որեւէ մկան չեն շարժում: Ինքնատիրապետման նախանձելի ունակություն ունեն: Մինչդեռ տղամարդիկ հայհոյում են, դեն նետում խաղաթղթերը, խմում, երբեմն՝ ձեռքներն ընկածով հարվածում ում կամ ինչին պատահի»:
Թեեւ զրուցակիցս բոլոր կանանց, ընդհանրապես կինարմատին, համարում է հանելուկային, բայց ամենահանելուկայինը, ըստ նրա, 30-35 տարեկան մի սիրունատես կին է, ով իրենց խաղատուն գալիս է ամիսը երկու անգամ, մենակ. «Պոկեր է խաղում, կրվում ու լուռ հեռանում է: Վերջին անգամ եկավ մարտի 8-ին, էլի մենակ: Երկու ժամվա ընթացքում $15 000 թողեց խաղատանն ու գնաց: Դրանից հետո էլ չի եկել…»:
Խաղատուն հաճախող կանանց մեր զրուցակիցը նորմալ է վերաբերվում: Ասում է՝ եթե մարդը համերգ, կինո կամ թատրոն է գնում հաճելի ժամանակ անցկացնելու համար, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի ասել խաղատան դեպքում: Կամ, ինչո՞ւ վատ չենք վերաբերվում այն կանանց ու աղջիկներին, ովքեր լիցքաթափվելու համար դիսկոտեկ են գնում: Խաղատունն էլ մի վայր է, որտեղ նաեւ լիցքաթափվում են: Մանավանդ, երբ կինն այստեղ էլ է կարողանում իր բարձունքի վրա մնալ, երբ իր պահվածքով ուժեղ սեռի ներկայացուցչին ստիպում է գլուխ խոնարհել իր զսպվածության առաջ, ինչո՞ւ դրան վատ աչքով նայենք: Ի վերջո, ո՞վ է ասել, թե խաղատունը միայն տղամարդկանց համար է:
Հարցին, թե չէ՞ր արգելի իր կնոջը ազատ ժամանակը խաղատանն անցկացնել, զրուցակիցս ասաց. «Նա խաղերի սիրահար չէ, բայց եթե նման ցանկություն երբեւէ ունենա՝ հաստատ չեմ խոչընդոտի»: Որպես հավելում ասաց նաեւ, որ իրենց մոտ հաճախ են ամուսնական զույգեր գալիս. «Բայց հիմնականում կանայք գալիս են մենակ, երբեմն էլ՝ մեկ-երկու ընկերուհիներով: Երկու օր առաջ էլ նոր այցելու ունեցանք: Պարուհի էր, եկավ տաքսիով, երկու ժամից ավելի տաքսին սպասեցնել տվեց, խաղաց, մի կլորիկ գումար տանուլ տվեց եւ գոհ դեմքով դուրս եկավ: Նկատեցի, որ դռնապահին ինչ-որ բան ասաց: Հետաքրքրվեցի: Ասել էր՝ վերջ, ադրենալինիս պակասը լրացրի… Այսպիսին են նրանք՝ անհասկանալի եւ անկանխատեսելի»:
Զրուցակցիս փոխանցմամբ՝ իրենց խաղատան կին այցելուները մինչեւ 50 տարեկան են: Գալիս են նաեւ պաշտոնյաների կանայք, որոնք, ի տարբերություն ավտոմատ խաղերի սիրահար «շարքային» կանանց, գայթակղված են հիմնականում «ռուլետկայով»: Անուններ, բնականաբար, չասաց: