Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկերից «խուսափողը»

Ապրիլ 07,2009 00:00

Ցուցմունքում «գյումրեցու լեզվով» բառ չի եղել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, մարտի 3-ին լսվեց մասնագիտությամբ շինարար Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրգործը: Վերջինս մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 7 միլիոն 519 հազար 900 դրամի չափով հարկային պարտավորություններից խուսափելու մեջ: Գործով վկա Հարկային պետական ծառայության 5 օպերլիազորները, Դավիթ Գալստյանի գործունեությունը «կլասիկ» ապօրինություն որակելով, տեղեկացրին, որ նրա արտադրամասը հինգ տարբեր հասցեներում փնտրելուց հետո, վերջապես հայտնաբերել են Օհանյան 326 հասցեում՝ ձեռնարկատիրոջ սրբատաշ, երկհարկանի շքեղ առանձնատան բակում: Եվ մինչ վկաները ոգեւորված մանրամասնորեն պատմում էին, թե ինչպես հայտնաբերեցին 7 ինքնաշեն սարքավորումներ, 2 տեսակի սպիտակ մոմեր, արտադրամասի երկու բանվորներից ճշտեցին, որ նրանք ամսական 40-50 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ամբաստանյալը նստած տեղից բղավում էր, թե ներկայացրածը իրականությանը չի համապատասխանում, հարկայինի աշխատակիցները իրեն «քաշել» են, եւ որ իր գրած ցուցմունքը սկզբից մինչեւ վերջ թելադրված է եղել: «Եթե Դավիթ Գալստյանը բացատրությունն իր ձեռքով գրած լիներ, այնտեղ գյումրեցու լեզվով գոնե մի բառ ներառված կլիներ, սա նշանակում է, որ նրան բառ առ բառ թելադրվել է»,- ասում էր ամբաստանյալի պաշտպան Ժաննա Օհանյանը:

Ամբաստանյալն էլ հուզվում էր, թե հարկայինի օպերլիազորները իր տուն «ներխուժելուց» հետո առաջարկել են համաձայնության գալ ու 300-350 հազար դրամի տուգանք մուծելով՝ հեշտ-հանգիստ պրծնել, իսկ դրա դիմաց ստիպել են գրել իրենց թելադրած բացատրությունը: «Գլխավոր օպերլիազոր Աշոտ Բագրատունյանը ինձ ասաց՝ տղավարի խոսք կտամ, որ բան չի լինի, եթե իմ ուզած բացատրությունը գրես, ես էլ համաձայնեցի»,- ասաց ամբաստանյալը: Ամբաստանյալի խոսքերը զարմացրին գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գծով վարչության դատախազ Բորիկ Ղալեչյանին. «Այսինքն, պետական մարմնի աշխատողները Ձեզ հետ տղավարի՞ են խոսում: Դատելով Ձեր ինտելեկտից, համարձակությունից, տպավորությունն այնպիսին է, որ Ձեզ հնարավոր չէ թելադրել»: Ի դեպ, նույնը պնդում էր նաեւ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Աշոտ Բագրատունյանը: «Ես ինչպե՞ս կարող էի նրան թելադրել, եթե կյանքիս մեջ մոմ չեմ արտադրել ու ծախել, որտեղից իմանայի, թե մի սարքավորումը քանի մոմ է արտադրում: Եթե ես նրան հուշել եմ ինչ-որ բան գրել, ապա դա եղել է առանձին բառերի ուղղագրություն: Ի՞նչն եմ սխալ արել, որ մի հարկատու էլ հարկային դա՞շտ եմ բերել»,- արդարանում էր վկան:

Ամբաստանյալը մինչեւ վերջ պնդեց, որ հարկայինի աշխատակիցներն իրեն խաբել են, ցուցմունք են կորզել եւ որ ինքն էլ իր հերթին ստիպված է եղել ցուցմունքներ թելադրել իր աներձագերին, որոնք տվյալ պահին ներկայացել են որպես արտադրամասի բանվորներ: «Բայց չէ՞ որ Ձեր աներորդիներն իրենց ցուցմունքներում գրել են, որ նրանց վճարել եք եւ վճարել եք այնքան, ինչքան որ մոմերի արտադրման հաշվարկներն են ցույց տալիս, ինչո՞վ կբացատրեք սա եւ ինչո՞ւ սարքավորումները տեղադրելուց հետո հարկայինում չէիք գրանցվում»,- հարցրեց մեղադրողը: «Ես նորից եմ կրկնում, ես աներձագերիս կոպեկ չեմ վճարել: Ես եմ խնդրել, որ այդպիսի ցուցմունք գրեն, իսկ հարկայինում չեմ գրանցվել, որովհետեւ ինձ շուկա մտնել էր պետք, իրացման համար ժամանակ էր պետք: Ես փորձել եմ մոմերի արտադրությամբ զբաղվել: Արտադրամասում նույնիսկ գազ չեմ ունեցել, որը պարտադիր է մոմ արտադրելու համար»,- պնդում էր ամբաստանյալը: «Դուք արտադրամասում 40-50 կիլոգրամ պարաֆին եք ունեցել, իսկ սա բավարարում էր եւս 60 հազար մոմ հալելու համար եւ դրանով դեռ փորձարկո՞ւմ էիք անում»,- հակադարձում էր պետական մեղադրողը:

Վերջինս նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ փողերով է կառուցել շքեղ առանձնատունը, որն այդպես ցնցել էր հարկայինի օպերլիազորներին: Ամբաստանյալը վստահեցրեց, որ դա մոմերի արտադրության հաշվին չի կառուցել, այլ ինքը շինարար է, հայրն էլ 35 տարվա սրբատաշ բանվոր, այնպես որ՝ իրավունք ունեին նման տուն ունենալու: Դատավորի այն հարցին էլ՝ «եթե մոմի արտադրությամբ չեք զբաղվել, ինչո՞ւ էիք գրում, որ ձեր շուկան Երեւանում եւ Գյումրիում է», ամբաստանյալն ասաց. «Սուտ ցուցմունք է: Ես ինձ մեղավոր եմ ճանաչում, որ լսել ու հավատացել եմ հարկայինի աշխատակիցներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել