Հայացք՝ Արաքսի այն ափից
Ազգային գործողության կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեհթաթ Մելենը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ մնացած բոլոր երկկողմ կնճիռները հարթելու պարագայում. «Չես կարող Հայաստանի կամ Կովկասի որեւէ այլ պետության հետ քննարկել միայն մեկ հարց՝ սահմանները: Պետք է ամեն բան քննարկես՝ սփյուռքի պահվածքը Միացյալ Նահանգներում եւ սահմանների բացումն, իհարկե, որովհետեւ մենք որոշ առեւտուր անում ենք, բայց չես կարող առանձին քննարկել՝ առանց քննարկելու Ղարաբաղի հարցը: Չես կարող խոստանալ որեւէ մեկին, ԱՄՆ-ին, որ սահմանը վաղը բացվելու է: Որովհետեւ դու պետք է ամբողջական ծրագիր ունենաս, որը քննարկվում է, թե չէ՝ չգիտեմ»:
Չնայած, որ Հայաստանում ավելի շատ հակված են Թուրքիայի հետ հարաբերությունների «փուլ առ փուլ» կարգավորմանը, բայց Մելենը պնդում է, որ դա կարճատեւ լուծում կլինի. Լոզանի պայմանագրի պես տեւական համաձայնության համար պետք է հարթվեն բոլոր խնդիրները. «Ես դեմ չեմ Հայաստանի հետ քննարկումներին. վերջին 10 տարում միշտ պնդել եմ, որ մենք պետք է ավելի մոտ հարաբերություններ ունենանք Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի հետ: Որովհետեւ անօրինական ճանապարհով ամեն ինչ տեղի է ունենում. գաղտնիաբար 70 հազար հայեր են այստեղ ապրում եւ աշխատում: Այնպես որ, մենք պետք է բացենք մեր… իհարկե՝ ոչ սրտերը, մեր դռները, եւ մեր հարաբերությունները պատշաճ դարձնենք»:
Մեհթաթ Մելենը, ով նաեւ սյունակներ է վարում «Թրքիշ դեյլի նյուզ» եւ «Դունյա» պարբերականներում, Վաշինգտոնում ներկա է եղել թուրք պաշտոնյաների «մասնավոր» հայտարարությանը, թե ՏԻՄ ընտրություններից՝ մարտի 29-ից հետո, սահմանները բացվելու են: Սակայն նա կասկածում է, թե իսկապես հայերի հետ քննարկվում են սահմանը բացելու կամ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցեր: ՏԻՄ ընտրությունների օրակարգում, նրա պնդմամբ, այս հարցերը չեն բարձրաձայնվել նույնիսկ Հայաստանին եւ միայն Հայաստանին սահմանակից Կարսի շրջանում: Մեզ հետ զրույցում Մեհթաթ Մելենը նկատում է, որ հատկապես ԱՄՆ-ում կարծում են, թե Թուրքիայում այս հարցերն են քննարկում, բայց այդպես չէ: Սահմանի բացման «փաթեթային» տարբերակի մասին խոսելով՝ նա հիշեցնում է, որ ԱՄՆ-ն շատ խնդիրներ ունի տարածաշրջանում՝ պատրաստվում է զորքեր դուրս բերել Իրաքից, Աֆղանստանում ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի աջակցության կարիքն ունի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ընդլայնման հարցեր կան եւ այլն:
Զրուցակիցս կասկածում է, թե Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը. «Ես վստահում եմ հայերի ողջամտությանը՝ Հայաստանի’ հայերի, ոչ թե ԱՄՆ-ի: Նրանք դա օգտագործում են, ընդ որում՝ ընդդեմ հայերի, որոնք ապրում են ՀՀ-ում եւ վնասում են մեր հարաբերությունները: Դուք էլ տնտեսապես շատ վատ վիճակում եք, ինչպես բոլորն այս տարածաշրջանում, եւ նրանք այդպիսով վնասում են ձեզ: Որովհետեւ բոլոր տնտեսական խնդիրները, ինչպես եւ պարոն Էրդողանի կողմից, դուրս են թողնվել: Ո՞վ է դրանից շահում՝ որոշ մարդիկ, ովքեր ապրում են Նահանգներում»:
Մելենը պնդում է, որ վանեցիների իր ընտանիքին էլ հայերն են սպանել, ուստի եղածը ոչ թե ցեղասպանություն էր, այլ պատերազմ: Համենայնդեպս, ասում է, իրեն հակահայկական ոգով չեն դաստիարակել. «Որովհետեւ մենք իսկապես հիմնադրում էինք մի նոր ազգություն, նոր գաղափարներ, եւ Լոզանն այստեղ շատ կարեւոր էր: Մենք պիտի փորձենք կիսել բարեկեցությունն այս տարածաշրջանում, ավելի շատ առեւտուր անել, ընդունելի լուծումներ գտնել եւ չօգտագործվել ուրիշների կողմից: Ընդգծում եմ՝ չօգտագործվել»:
Եվրամիության հետ հարաբերությունների օրակարգում եղած հայկական խնդիրը Թուրքիան պետք է լուծի հայերի հետ, պնդում է զրուցակիցս, ոչ թե եվրոպացիների: Հարցիս, թե թուրքերն ուզո՞ւմ են ԵՄ մտնել, Մելենը պատասխանեց, որ եթե հարցնեի 5 տարի առաջ՝ այո, իսկ այսօր մարդիկ անտարբեր են. «Եվրոպացիները ձեւացնում են, թե մի օր մեզ ներս են թողնելու, մենք էլ ձեւացնում ենք, թե մի օր լիարժեք անդամ ենք դառնալու: Այնպես որ, երկու կողմն էլ կատարյալ հաջողությամբ ձեւացնում է»: Մեհթաթ Մելենը, լինելով թուրք-եվրոպական «ներդաշնակեցման հանձնաժողովի» անդամ, ասում է, որ «կշտացել է» այդ ամենից, եւ դա չի թաքցնում եվրոպացիների հետ բանակցություններում:
«Թուրքիայի առեւտրի 40%-ից ավելին Եվրոպայի հետ է, 5 մլն թուրք է ապրում այնտեղ: ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 18%-ը ԵՄ հետ առեւտուրն է, բայց մեզ համար դա 50%-ից ավելին է: Ինչպե՞ս կարող է իմ կուսակցությունում մեկը դեմ լինել Եվրոպային: Բայց ինչպե՞ս կարող են ամենակարեւոր ֆինանսական գործընկերները, ինչպիսին Թուրքիան է, անտեսվել եւ լուրջ չընդունվել Եվրոպայում: Եվ իսկապես, ինչպե՞ս կարող ենք մենք ամեն օրը հեռացնել՝ այս խնդիրներն օգտագործելով»: