Բժիշկների բնորոշմամբ, խմիչքից կախվածությունը գրեթե անբուժելի է
Երեւանում բնակվող Արշակյանների ընտանիքի անհաջողությունները սկսվում են այն բանից հետո, երբ ընտանիքի հայրը՝ 58-ամյա Արայիկ Արշակյանը, գումար վաստակելու նպատակով կնոջն ու 2 երեխաներին թողնում է ու մեկնում Ռուսաստան: Չկարողանալով հարմար աշխատանք գտնել` Ա. Արշակյանը մոտ 3 տարի ի վիճակի չի լինում ընտանիքին օգնել: Երբ գումար է հայթայթում ու վերադառնում Հայաստան, զգում է, որ ընտանիքում երբեմնի անդորրն ու ջերմությունն այլեւս չկա: Նա պարզում է, որ ընտանիքի անդամները, չկարողանալով տանել սոցիալական խնդիրների բեռը, դարձել են ալկոհոլիկներ:
Բժիշկ մասնագետների տվյալներով, ալկոհոլիկների թիվը մեր երկրում գնալով ավելանում է: Ընդ որում, հայ կանայք էլ են սկսել խմել:
Հոգեբան, կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գեւորգյանի խոսքերով, հոգեբանության մեջ այդ երեւույթն ընդունված է անվանել փախուստի տեսություն. «Այսինքն՝ մարդը չի ցանկանում տեսնել իրականությունը, նա ցանկանում է կտրվել, մեկուսանալ ինքն իր մեջ, եւ այդ վիճակին հասնելու ճանապարհին օգնության է հասնում օղին: Եվ ինչքան խնդիրները մնում են անլուծելի, այնքան օղու շշերը շատանում են, պարտքերն ու ձախորդությունները սկսում են կրծել սիրտ ու հոգի»:
Ըստ հոգեբանի, գոյություն ունի հարբածության 3 աստիճան, առաջին աստիճանին բնորոշ է լեզվի սանձերի արձակումը, 2-րդ աստիճանում անհատը դառնում է մաղձոտ, կռվարար, շարունակ փորձում է «հարաբերություններ ճշտել» շրջապատի հետ, լեզուն փաթ է ընկնում, քայլում է օրորվելով: Հարբածության 3-րդ աստիճանում միաժամանակ ի հայտ են գալիս ալկոհոլային սուր թունավորման նշաններ՝ սրտանոթային, շնչառական խանգարումներ, փսխում, սառը քրտինք, գիտակցությունը մթագնում է: Այս փուլի վերջում անհատը քնում է, իսկ արթնանալուց հետո հարբածության շրջանի շատ մանրամասներ չի հիշում:
Ալկոհոլով առավել տարվածները խմիչք չճարելու դեպքում օգտագործում են տեխնիկական սպիրտ կամ թույներ պարունակող նյութեր՝ օծանելիք, պոլիտուր, լաքեր եւ այլն: Բժշկի ներկայացմամբ, ալկոհոլիկի դեմքն աստիճանաբար ֆիզիկական փոփոխությունների է ենթարկվում. ուռչում է, կարմրում, քիթը՝ կապտում, ձայնն էլ խռպոտում է. «Կատակները դառնում են տափակ, ցինիկ, բնավորությամբ էլ կպչուն են ու թեթեւամիտ»:
Դ. Գեւորգյանի խոսքերով, հարբեցողի համար կարեւոր գործոն է տարիքը, քանի որ տարբեր տարիքներում ընկալումը եւ տարվող հոգեբանական աշխատանքը տարբեր են լինում. «Դեռահասության շրջանում ալկոհոլը դառնում է ինքնահաստատման միջոց, 25-35 տարեկանները, որոնք համարվում են թիրախային խումբ, սկսում են տարվել ալկոհոլով, երբ չեն կարողանում գլոբալ-իմաստային շատ հարցերի պատասխաններ գտնել, 50 եւ անց տարիքում մարդու մոտ ի հայտ է գալիս մահվան նկատմամբ վախ, ինչպես նաեւ այս շրջանում մարդը վախենում է ցանկացած կորստից»:
Ըստ հոգեբանի, այս խմբերի հետ աշխատելիս հաշվի է առնվում նաեւ ընտանիքի գործոնը: Ալկոհոլամոլի ընտանիքի անդամները նույնպես հոգեբանական աջակցության կարիք են զգում, նրանք պետք է օգնեն հիվանդին, հասկանան նրա վիճակը, ոչ թե օտարեն իրենցից, քանի որ օտարումը ելքերից ամենահեշտն է. «Քիչ է պատահում, որ մարդն ամբողջովին բուժվի, նա լավագույն դեպքում կարող է ալկոհոլի քանակությունը գիտակցաբար քչացնել. երբեմն էլ պատահում է, որ նա չի խմում, վերադառնում է սովորական կյանքի, բայց չի կարողանում հաղթահարել պահանջմունքը եւ նորից սկսում է խմել»:
Հոգեբանի պատմելով` իրեն մի կին է դիմել, որն աշխատում էր կայարանում եւ մեծ ֆիզիկական աշխատանք էր կատարում: Կինը հոգեբանին պատմել է, որ տարված է ալկոհոլով, ի դեպ՝ խմում են երեխայի հետ միասին. «Երկու-երեք հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այդ կնոջ մեջ կամային մեծ ուժ կա: Նա աստիճանաբար չափաբաժինը քչացրեց, հետո էլ աշխատանքի վայրը փոխեց, ինչն էլ արդեն առողջացման ճանապարհն էր: Կինն ամբողջովին հաղթահարեց կախվածությունը, գուցե երեխայի օգնությամբ, այնուամենայնիվ, այսօր ամուսնացած է եւ ապրում է արտերկրում»: