Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծեր» տաքսիներին արգելում են փողոց դուրս գալ

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Երեկվանից Ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները մայրաքաղաքի փողոցներում ուշադիր հսկում են, որ հայտնաբերեն բոլոր այն տաքսիները, որոնք աշխատում են առանց դեղին պետհամարանիշների, այսինքն՝ առանց լիցենզավորման:

Ոստիկաններն ու տեսչության աշխատակիցները պետք է «աչքները չորս արած» զննեն երթեւեկող բոլոր տաքսիներին, եւ եթե նրանցից որեւէ մեկը հնամաշ տեսք ունենա՝ անմիջապես կանգնեցնեն ու ստուգեն տվյալ մեքենայի փաստաթղթերը՝ պարզելու, թե մեքենան քանի տարվա հնություն ունի: Եթե պարզվի, որ որպես տաքսի ծառայող ավտոմեքենայի տարիքը 10 տարուց ավելի է, ապա բացի այն, որ նրա գործունեությունը դադարեցվելու է, վարորդին պարտադրվելու է, որ նա ներկայանա նախարարություն եւ հաշվառվի: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրին տրանսպորտի եւ կապի նախարարությունից: 10 տարեկանից «մեծ» բոլոր տաքսիներին հաշվառելուց հետո, ոլորտի պատասխանատուները պետք է փորձեն նրանց համար ժամանակավոր լուծում գտնել:

Հիշեցնենք, որ անհատ տաքսիների վարորդների բողոքներից ու ցույցերից հետո, սկսեցին բողոքել նրանք, ովքեր ենթարկվելով տրանսպորտի եւ կապի նախարարության պահանջներին, նոր մեքենաներ են ձեռք բերել, պետական տուրք վճարել, սակաչափիչներ եւ դեղին պետհամարանիշներ տեղադրել: Ըստ նրանց, իրենք աշխատում են անհավասար պայմաններում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ, ի տարբերություն իրենց, չլիցենզավորված տաքսիները կարողանան անհամեմատ էժան ծառայություն մատուցել:

Երեկ, մայրաքաղաքում սկսված ստուգայցերի դեմ բողոքով, անհատ տաքսու վարորդները դարձյալ ցույց էին կազմակերպել: Նրանք բողոքում էին, որ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները անցած շաբաթ իրենց հավաստիացրել են, որ մինչեւ 2010 թվականը իրենք կաշխատեն այնպես, ինչպես աշխատել են՝ չեն տուգանվի եւ չեն ակտավորվի: Մինչդեռ, երեկ ոստիկանները արդեն իսկ տուգանել եւ ձեռքներից վերցրել են տասնյակ վարորդների փաստաթղթերը:

Նախարարության տեղեկացմամբ, այսօր օրինական դաշտում աշխատում է մոտ 6500 տաքսի, եւս 6500-ը գործում է անօրինական պայմաններում, այսինքն՝ առանց դեղին պետհամարանիշների: Ինչ վերաբերում է այն տաքսիներին, որոնց տարիքը 10-ից ավելի է եւ որոնց իրավունք չի տրվում աշխատել որպես տաքսի, ապա նման մեքենաների թիվը, ըստ նախարարության, հասնում է մոտ հազարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել