Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵՔ ԿԱՄ ՏԱՐԱԾՔՆ ԱԶԱՏԵՔ

Ապրիլ 07,2009 00:00

«Հայփոստի» ղեկավարությունը դժգոհում է իր գլխավոր մասնաշենքի տաղավարների վարձակալներից, վարձակալներն էլ՝ «Հայփոստից»:

«Մեզ մոտ անվտանգության կանոններն ապահովված չեն: Եթե մեկ օր չգանք գործի, ու այդ օրը մեր խանութների ապակիները կոտրեն ու ապրանքը տանեն, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրի: Մեզ ղեկավարությունն ասում է, որ դա իրենց չի հետաքրքրում, դրա համար պատասխանատու չեն: Գոնե շենքում տարրական մաքրություն ապահովեն, մեր շենքն ամբողջությամբ կորած է կեղտի մեջ: Գոնե նորմալ զուգարան լիներ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման դժգոհություն հայտնեցին Երեւանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» գլխավոր մասնաշենքում տաղավարներ վարձակալած աշխատակիցները, որոնք հիմնականում բջջային հեռախոսներ են վաճառում: Նրանց խոսքերով, ղեկավարությանը հետաքրքրում է միայն տեղի վարձը գանձելը. «Եթե հանկարծ մեկը համարձակվում է մի քանի օր ուշացնել վճարը, անմիջապես ոստիկաններ են բերում ու սպառնում են, որ մեզ դուրս կվռնդեն, մեր ապրանքը վարձի փոխարեն կվերցնեն: Եղել են դեպքեր, երբ ոստիկանները մի քանի օր որոշ կրպակներ անօրինական ձեւով փակել են եւ թույլ չեն տվել աշխատել: Մենք, ըստ պայմանագրի, պարտավոր ենք ժամանակին վճարել վարձը, բայց շատերն էլ վարձը ուշացնելու համար տուգանքներ են վճարել, որը պայմանագրով նախատեսված չէ: Այդ պայմանագրերն էլ միակողմանի են, քանի որ ամեն կերպ պաշտպանված են «Հայփոստի» շահերը: Տարածքի վարձակալը ոչ մի իրավունք չունի, իսկ իրենք կարող են անել, ինչ ուզում են, ասենք՝ իրենց ցանկացած ժամանակ երկարացնել կամ դադարեցնել պայմանագիրը ու ավելի թանկ գնով տարածքը տրամադրել մեկ այլ մարդու»:

Վերջերս այս խնդիրներին ավելացել է նաեւ այն, որ տաղավարների վարձակալներից պահանջում են միանգամից վճարել նախորդ ամիսներին կուտակած պարտքերը, այլապես նրանց հետ կնքած պայմանագրերը ժամկետից շուտ կդադարեցվեն:

Ինչպես հավաստիացնում են բջջային հեռախոսներ վաճառողները, «Հայփոստի» կոմերցիոն գծով տնօրեն Նարինե Սեֆերյանը ամեն ինչ անում է, որպեսզի առեւտրականները անգամ մեկ օր չուշացնեն վարձը, բացի այդ՝ շատերից պահանջում է մուծել ավելի մեծ գումար, քան նշված է պայմանագրում. «Նա ընդամենը 4-5 ամիս է աշխատում այստեղ եւ բոլորին վերաբերվում է իր ծառաների նման: Մենք չենք հրաժարվում, իսկապես կան մարդիկ, որ պարտքեր ունեն, բայց ոչ ոք այդ գումարներից չի հրաժարվում, ղեկավարությանը խնդրել ենք, որ թույլ տան ամսվա վարձի հետ մաս-մաս վճարենք, բայց նրանք չեն համաձայնվում, ասում են՝ մինչեւ նախկին պարտքերը չմարեք, պայմանագրերը չեն երկարացվի եւ մենք ստիպված կլինեք դուրս գալ այս տարածքից: Եթե նախկինում օր էր լինում, որ 15-20 հեռախոս էինք վաճառում, ապա հիմա 2-3-ն էլ չենք վաճառում, ինչի պատճառով շատերը չեն կարողանում տեղի վարձը տալ: Ղեկավարությանը խնդրում ենք սպասել, քանի որ առեւտուր չկա, նրանք էլ ասում են, թե դա իրենց չի հետաքրքրում, եթե հարմար չի՝ տարածքը կարող ենք ազատել»: Առեւտրականներից մեկի ներկայացմամբ, իրենց պայմանագրերի ժամկետները կնքված են նվազագույնը մինչեւ այս տարվա մայիս ամիսը, սակայն այս քայլով «Հայփոստի» ղեկավարությունը պարզապես ուզում է վաղաժամկետ դադարեցնել պայմանագրերը, եւ տարածքն ավելի շահավետ պայմաններով այլ բիզնեսի համար ծառայեցնել: Բացի այդ, առեւտրականները խնդրել են, գոնե ժամանակավորապես՝ մինչեւ նորից նորմալ առեւտուր ունենալը, որոշ չափով էժանացնեն տեղի վարձը, սակայն նրանց տեղեկացրել են, որ դա պարզապես բացառվում է: Նշենք, որ «Հայփոստի» շենքում 1 քմ-ի համար վարձակալները վճարում են միջինը 40 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 200-250 հազար դրամ: Ըստ առեւտրականների, իրենցից արդեն մի քանիսը հանձնել են տարածքներն ու դուրս եկել, քանի որ նույն գումարով, «դեռ մի բան էլ էժան, հնարավոր է կենտրոնում խանութ վարձել ու հանգիստ աշխատել»:

Մեր տեղեկություններով, «Հայփոստի» ղեկավարությունը շուտով փոխվելու է, այդ է պատճառը, որ նրանք վաճառականներից ցանկանում են գումարները վերցնել՝ պարտք ու պահանջ չունենալու համար:

Այս առնչությամբ «Հայփոստի» լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ պարտք ունեցող մարդկանց իրենք մի քանի անգամ հնարավորություն տվել են ըստ ժամանակացույցի մարել պարտքերը, սակայն պարտաճանաչ վճարողները վճարել են, չվճարողները՝ ոչ. «Վերջին անգամ պարտքերի ժամանակացույց է կազմվել անցած տարվա նոյեմբերին, երբ ղեկավարությունը վարձակալների հետ հանդիպում ունեցավ, սակայն առ այսօր այդ պարտքերը չեն մարվում: Խնդիրը շատ հստակ է դրված՝ եթե չեն կարողանում վճարել, պետք է ազատեն, եւ սա ճգնաժամի հետ որեւէ կապ չունի: Մենք ունենք փոխադարձ պարտավորություններ: Ինչ վերաբերում է վարձի բարձր լինելուն, ապա տեղեկացնենք, որ նախկին 55 հազար դրամի փոխարեն, հիմա մենք տեղի վարձն իջեցրել ենք 1-ին հարկում մինչեւ 40 հազար դրամ, 2-րդում՝ մինչեւ 30 հազար դրամ»:

Ինչ վերաբերում է տարածքի անվտանգության եւ հակահիգիենիկ հարցերին, ապա. «Հարցն այստեղ անհատական մաքրությունն է: Տարածքում աշխատող մարդիկ են առաջացնում այդ խնդիրները, երբ չեն հետեւում մաքրության կանոններին: Մենք ոչ թե մեկ, այլ մի քանի հավաքարար ունենք, որոնք ամեն օր մաքրում են տարածքն ու զուգարանները»: Մեզ հավաստիացրին նաեւ, որ անվտանգության հարցերը եւս կարգավորված են: «Հայփոստի» ղեկավարության փոփոխության վերաբերյալ մեր հարցին էլ ստացանք հետեւյալ պատասխանը. «Նման տեղեկատվություն չունենք: Ինֆորմացիա լինելու դեպքում՝ հանդես կգանք ասուլիսով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել