Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին՝ «100 տոկոսանոց ցուցակի» մասին

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Չնայած այն բանին, որ իշխանություններն ու մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչները համառորեն հերքում են Երեւանի քաղաքապետի ընտրություններում որպես ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին քվեարկելու հավաստիացում «100 տոկոսանոց ցուցակ» կոչվող բլանկներով կազմակերպված լայնամասշտաբ ստորագրահավաքի փաստը, այդուհանդերձ, այդպիսի ստորագրահավաքը մայրաքաղաքի տարբեր համայնքներում թափով շարունակվում է: Անցյալ շաբաթավերջին այդպիսի առաջադրանք ստացած մի քաղաքացի առանց իրեն շատ համոզելու համաձայնեց իր ձեռքին եղած «100% ցուցակ» կոչվող ձեւաթղթերից մեկ դատարկ օրինակ էլ մեզ տրամադրել: Այդպիսի ցուցակով ոմն Նարինե անցյալ շաբաթ այցելել է նաեւ Շենգավիթ համայնքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 1 շենք, ապա տնետուն անցել հիշյալ հասցեի բոլոր բնակարաններով: Շենգավիթցիներից ոմանք մեզ հետ զրույցում ասացին, թե այդ կնոջը՝ Նարինեին գիտեն որպես ԲՀԿ-ական, բայց նա ստորագրություն է հավաքել ոչ թե այդ կուսակցության, այլ Հանրապետական Գ. Բեգլարյանի համար:

Ստորագրահավաքի մասին «Առավոտը» ահազանգ է ստացել նաեւ Ավանում գործող Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից: Ուսուցչի հավաստմամբ, ՀՀԿ թեկնածուի օգտին ստորագրություններ հավաքելու հրահանգ իրենց տվել է դպրոցի տնօրեն Ռուբեն Մադոյանն ու զգուշացրել, որ համապատասխան քանակությամբ ստորագրություններ չբերող կամ հանձնարարությունը կատարելուց հրաժարվող ուսուցիչները աշխատանքից կազատվեն:

Մեզ հետ զրուցող ուսուցիչն ասաց, թե ինքը նման մի քանի ստորագրություն հավաքել է, բայց ձեռքը չի գնում դրանք տնօրենին փոխանցել: Ի դեպ, այսօրինակ ահազանգերը շատ են, կան նաեւ մարդիկ, ովքեր մեզ փոխանցում են «100%» ձեւաթղթերի օրինակներ, բայց դրանցից որեւէ մեկում ստորագրություններ չկան: «Առավոտը» սպասում է այն խիզախ քաղաքացուն, ով խմբագրությանը կտրամադրի այդպիսի ձեւաթղթեր՝ արդեն հավաքված ստորագրություններով՝ որպես իրեղեն ապացույց: Անձի գաղտնիությունը երաշխավորում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել