Այսպիսին է իշխող մեծամասնության վերջնական պատասխանը համաներման եւ կալանավորված պատգամավորների վերաբերյալ որոշումը չեղյալ համարելու առաջարկներին:
ԱԺ նախագահի մոտ մարտի 30-ին կայացել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր կալանավորված պատգամավորների դիմումը՝ ուժը կորցրած ճանաչել խորհրդարանի այն որոշումները, որոնցով իրենք զրկվեցին անձեռնմխելիությունից: Խորհրդակցության ավարտից հետո խմբակցությունների ղեկավարներն ասել էին լրագրողներին, թե որոշել են սպասել՝ մինչեւ պարզ դառնա, թե «7»-ի գործով դատաքննության ընթացքում ինչպես են վերաորակվելու մեղադրանքները: Մասնավորապես՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, թե անհրաժեշտ է սպասել մինչեւ ապրիլի 1-ը, երբ գլխավոր դատախազությունը կհստակեցնի, թե «Քրեական օրենսգրքի» փոփոխություններից հետո ինչպիսի հետեւության է հանգել: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բառացի ասել էր. «Հիմա մենք կսպասենք՝ դատախազը այդ հոդվածների փոփոխման արդյունքում կտեսնենք, թե ինչպիսին է իրեն այդ նամակը, որի հիման վրա մենք հետեւություն կանենք»: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը բացահայտել էր. «Դատախազը 1 ամիս ժամանակ է խնդրել ԱԺ նախագահից՝ պատասխանելու այդ բոլոր հարցերին՝ կապված այդ որոշումների սահմանադրականության եւ իրավականության հետ: Եվ այդ 1 ամիսը նրան ո՞վ կարող է չտալ»: Նրանք լրագրողներին հայտնել էին, թե նախատեսում են կրկին խորհրդակցել, երբ պարզ կդառնա, թե ինչպես են փոխվել մեղադրանքները:
Սակայն երեկ, երբ այդ խորհրդակցությանը մասնակցած ԲՀԿ մեկ այլ պատգամավորից՝ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչու դրժվեց նորից քննարկելու պայմանավորվածությունը՝ պատասխանեց. «Ո՛չ, նման պայմանավորվածություն չի եղել: Եվ ես զարմացա, երբ հաջորդ օրը մամուլում տեսա մեր որոշ պատգամավորների մեկնաբանությունները, թե ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ եղել է պայմանավորվածություն, որ դատախազի արձագանքից հետո նորից ենք հավաքվելու: Կրկնում եմ՝ նման պայմանավորվածություն չի եղել: Իրավաբանները, որոնք ներկա էին մեր խորհրդակցությանը՝ վստահեցրին, թե ԱԺ-ն իրավական որեւէ լծակ չունի այս փուլում միջամտելու գործին: Եվ այդ ձեւակերպմամբ էլ ավարտվեց քննարկումը: Պարզապես եղավ խոսակցություն, որ մենք մեր ուշադրության կենտրոնում պահենք դատական գործընթացը»:
Այս հարցին երեկ անդրադարձ եղավ նաեւ ԱԺ լիագումար նիստում: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկացավ պարզել, թե ինչո՞ւ օրակարգում չի ընդգրկվել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումները չեղյալ հայտարարելու մասին իրենց խմբակցության նախաձեռնությունը, քանի որ «այն հոդվածները, որոնցով նրանք մեղադրվում էին՝ դադարել են գոյություն ունենալուց»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց, թե խորհրդակցության ժամանակ «որոշում է կայացվել, որ դա իրավական խնդիր է, իսկ իրենք չեն ցանկանում իրավական դաշտում մասնակցություն ունենալ»: Զարուհի Փոստանջյանը հետո արձագանքեց ելույթում. «ԱԺ-ն իրավասո՛ւ է ընդունել որոշում, որով կարող է ուժը կորցրած ճանաչել իր նախկին որոշումը: Եվ այստեղ դիտարկել, թե սա իրավական խնդիր է՝ բացարձա՛կ տեղին չէ: Սա հենց մե՛ր խնդիրն է եւ մե՛ր պարտականությունն է՝ ուղղել այն խախտումը, որ մենք թույլ տվեցինք 1 տարի առաջ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հարց ուղղեց. «ԱԺ-ն ինչպիսի՞ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, որ ՔՕ 225 եւ 300 հոդվածների հետ առնչություն ունեցող բանտարկյալների նկատմամբ համաներում իրականացվի, արդյոք ԱԺ-ն կդիմի՞ ՀՀ նախագահին՝ համաներում շնորհելու համար»: Հովիկ Աբրահամյանի պատասխանն էր. «Իմ կարծիքով, այսօր դատական պրոցես է գնում, եւ մենք այլեւս միջամտելու, իմ կարծիքով, ցանկություն եւ օրենքի թույլտվություն չունենք: Դա դատական մարմինների գործն է, եւ ես առաջարկում եմ ու հորդորում եմ իմ գործընկեր-պատգամավորներին, որպեսզի մենք ձեռնպահ մնանք: Դատական պրոցեսի ավարտից հետո միգուցե մենք փորձենք նախագահին առաջարկել համաներման խնդիրը»: Արմեն Մարտիրոսյանը հստակեցրեց, թե իր առաջարկը վերաբերում է այն անձանց, որոնք արդեն իսկ դատապարտվել են ՔՕ 300 եւ 225 հոդվածներով: ԱԺ նախագահը, սակայն, էլի կրկնեց. «Համաներման հարցին կարելի է անդրադառնալ դատական պրոցեսից հետո: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ում արդեն դատել են, իմ կարծիքով, դա ՀՀ նախագահի իրավասությունների շրջանակն է: Եթե կա առաջարկ՝ միգուցե մենք ֆրակցիայի ղեկավարների հետ հավաքվենք, քննարկենք։ Եթե կընդունենք որոշում, եթե կարիքը, անհրաժեշտությունը կա դիմել ՀՀ նախագահին, պատրաստ եմ քննարկել եւ ձեր առաջարկը ՀՀ նախագահին կփոխանցեմ»:
Հարցեր ուղղեց նաեւ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ նկատելով, թե այսօր չեն կարող լռության մատնել այս խնդիրը, երբ իրենց ընդունած որոշման հիմքն այլեւս գոյություն չունի: «Համամիտ չեմ, որ ԱԺ-ն լռում է,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:- Օրենքն ընդունեցինք, փոփոխություն կատարեցինք, հստակեցրեցինք: Եվ իմ կարծիքով, մենք պետք է գործենք մեր լիազորությունների շրջանակում: Պետք չէ, իմ կարծիքով, ավելորդ խոսել, առաջարկներ անել, որոնք անիմաստ են: Որ պահին որ ես ինքս զգամ՝ մեր գործընկերների հետ քնննարկելուց հետո, որ մեր միջամտության անհրաժեշտությունը կա՝ ես ձեզնից պակաս չեմ միջամտելու, երեւի մի քիչ էլ ավելին»:
Լարիսա Ալավերդյանը եւս արձագանքեց ելույթում՝ առաջարկելով չսպասել, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը եւս մեկ անգամ մեզ նման պահանջ ներկայացնի. «ԱԺ-ն ունի հրաշալի հնարավորություն՝ ինքնուրույն ուղղելու այն ուղղակի հանցագործ քայլը, որը կատարել է՝ անհիմն բերված մեղադրանքով մեկ տարուց ավելի ազատազրկելով մեր գործընկերներին: Հիմա ճիշտ պահն է ճանաչել սեփական սխալը»: Եվ առաջարկեց, որ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ հրավիրի իրավաբաններին ու խմբակցությունների ղեկավարներին. «Տեսնենք, թե ի՞նչն է մեզ խանգարում, որ ինքներս ուղղենք մեր բախտորոշ սխալը, որը մեր գործընկերներին այդքա՜ն թանկ արժեցավ: Եվ այսօր էլ, անհասկանալի պատճառներով, ԱԺ-ն, որն այդքա՜ն խիզախորեն եւ արագ ընդունեց ազատազրկման տանող մի որոշում՝ այսօր չի ուզում եւս մեկ անգամ քննարկել եւ ընդունել այդ որոշման հակառակ որոշումը»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սահմանափակվեց միայն դիտողությամբ. «Չի կարելի ԱԺ-ին հանցագործ համարել, եւ խնդրում եմ մի քիչ կոռեկտ խոսել»:
Հ. Գ. ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատվիրակները երեկ այցելել են «Կենտրոն» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ եւ հանդիպել նաեւ ԱԺ կալանավորված պատգամավորներին: Նրանց անձեռնմխելիության ու նաեւ ՔՕ 225 եւ 300 հոդվածների փոփոխությունների վերաբերյալ հարցերը Եվրախորհրդարանի պատվիրակները քննարկել են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում: