Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 07,2009 00:00

ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ երեկ կողմ քվեարկեցին, որ օրակարգում ներառվի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որին ՀՀԿ-ն դեմ էր գրեթե ողջ կազմով (մի քանի հանրապետականներ քվեարկել էին ձեռնպահ): Օրենքի նախագծով առաջարկվում էր, որ որպես տաքսի կարելի լինի օգտագործել ոչ թե մինչեւ 10, այլ 15 տարվա հնության ավտոմեքենաները: Բացի այդ՝ առաջարկվում էր տաքսիներին տալ ոչ թե դեղին, այլ հիմնական համարանիշներ, ուղղակի նաեւ հատկացնել դիմապակու փակցման հատուկ կտրոն: Ահա այս նախաձեռնությունը տապալվեց, քանի որ քննարկման օգտին քվեարկեցին 21 հոգի, դեմ՝ 56-ը, իսկ 21-ը մնացին ձեռնպահ: Ընդ որում՝ կողմ քվեարկածների մեջ էին ԲՀԿ-ականներ Աշոտ Տոնոյանը, Վերսանդիկ Հակոբյանը, Ռուստամ Գասպարյանը եւ Ռոբերտ Զաքարյանը: Իսկ խմբակցության այլ անդամները քվեարկեցին դեմ կամ ձեռնպահ, թեեւ ԲՀԿ ղեկավարը բազմիցս հայտարարել էր ճգնաժամի պայմաններում նման բարեփոխումները կասեցնելու անհրաժեշտության մասին: ՀՅԴ խմբակցությունը փոքրիշատե ավելի միասնական էր՝ կողմ քվեարկեցին Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանը, Ալվարդ Պետրոսյանը, Արթուր Աղաբեկյանը, Բագրատ Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արա Նռանյանը: Իսկ ներկա մյուս դաշնակցականները կա՛մ չմասնակցեցին քվեարկությանը, կա՛մ մնացին ձեռնպահ: Նույն պահվածքը գրեթե ողջ կազմով դրսեւորեց նաեւ ՕԵԿ խմբակցությունը, որի կազմից դեմ քվեարկեց միայն Սերյոժա Աբրահամյանը: Իսկ փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու մասին հայտարարող այլ ՕԵԿ-ականները տաքսիստների պահանջներն արտացոլող այս նախագծի քվեարկությանը չմասնակցեցին կամ մնացին ձեռնպահ:

ԱԺ-ում մեկ այլ հարցի քննարկման ժամանակ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, թե իր նախաձեռնությունը միտված էր ճգնաժամի պայմաններում տաքսիստների բեռը թեթեւացնելուն. «Ես նույնիսկ առաջարկել էի այս օրենքը 2-3 տարի կիրառել՝ մինչեւ ճգնաժամի մեծ ալիքն անցնի մեր վրայով, նոր հետո տեսնենք, թե ինչ է լինելու: Բայց այնուամենայնիվ՝ արդեն իսկ երեւում է, որ կառավարությունը ոնց որ թե չի ուզում կատարի քայլեր, որոնք անհրաժեշտ են բնակչության բեռը թեթեւացնելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել