Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «ռազբորկան»

Ապրիլ 07,2009 00:00

Հանցագործները, ըստ պաշտոնական վարկածի, «անհայտ անձինք են»

Ըստ որոշ լուրերի, ապրիլի 4-ին իրար են բախվել Արտաշատում «Գազի Հովո» անունով հայտնի «Նորայր» ՍՊԸ-ի՝ գազալցակայանի սեփականատեր Հովիկ Ղազարյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանները: Թե որն է այս կոնֆլիկտի շարժառիթը՝ այնքան էլ պարզ չէ: ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ տարածած իր հաղորդագրության մեջ միտումնավոր կերպով չի մատնանշել միջադեպի մասնակիցների անունները: Սակայն նույն օրն արդեն Արտաշատում լուրեր էին պտտվում, որ «գործող անձանցից» էին Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի տղաները:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ապրիլի 4-ին, ժ. 23.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրակել են Մրգավան գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արթուր Ղազարյանի («Գազի Հովոյի» տղան է) տան վրա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ. 21.00-ի սահմաններում, անհայտ անձը ինքնաձիգ հրազենից անկանոն կրակահերթ է արձակել Ա. Ղազարյանի տան վրա, ինչի հետեւանքով վնասվել են տան պատերը, պատուհանների ապակիները եւ մուտքի դուռը: Դեպքի վայրի զննությամբ նշված տան դիմացի տարածքից հայտնաբերվել է ինքնաձիգի 5,45 մմ տ/չ փամփուշտի 20 պարկուճ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Ի դեպ, երեկ, երբ մեր թղթակիցը դեպքի վայրում էր, Արտաշատի ոստիկանությունը «Գազի Հովոյի» տան մոտ հսկողություն էր իրականացնում:

Դեպքից հետո, երբ ոստիկանները ստացած ահազանգի հետքերով ժամանել են դեպքի վայր, այնտեղ է մեկնել նաեւ նույն օրը Շահումյան (Յուվա) գյուղում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի կողմից կառուցված եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու նպատակով Արտաշատում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Թե ինչ ճակատագիր կունենա այս մի քրեական գործը, ու արդյո՞ք այս անգամ մեղավորները կպատժվեն, թե՝ ոչ, պարզ չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ 3 տարի առաջ տեղի ունեցավ համանման մի «ռազբորկա», որն այդպես էլ դատարան չմտավ:

Հիշեցնենք, որ 2006թ. հունիսի 7-ին, ժ. 00:30-ի սահմաններում, Շահումյան գյուղում գտնվող «Նորայր» ՍՊԲԸ բենզալիցքավորման եւ «Դոն» տաքսի ծառայության մոտ 15-20 հոգու մասնակցությամբ տեղի էր ունեցել «ռազբորկա»՝ դարձյալ «Գազի Հովոյի» տղայի, այս անգամ՝ նախկինում դատապարտված Վիլիկ Ղազարյանի եւ Աբրահամյանների որդիների միջեւ: Էլի փոխհրաձգություն էր եղել, Վ. Ղազարյանը իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով «խուլիգանական արարքներ կատարելով»՝ կրակել էր, հետո՝ ձերբակալվել: Զենքը հենց դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել էր: Ու թեեւ այդ քրգործի նախաքննությամբ այն ժամանակ սկսել էր զբաղվել մարզային դատախազությունը, բայց գործը կարճ ժամանակ անց տեղափոխվել էր Երեւան՝ Գլխավոր դատախազություն, որտեղ էլ այն ծածկադմփոց էին արել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել