Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է, ԵՎ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Վստահ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

– «Բարգավաճ Հայաստանը» եւս, մյուս կուսակցությունների նման, հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու նպատակով. իրո՞ք այդքան մարտական եք տրամադրված:

– Իսկ ինչո՞ւ եք կասկածում, մի՞թե ձեզ համար պարզ չէ, որ Ծառուկյան Գագիկը ինչ որ անում է, անում է ամենաբարձր մակարդակով՝ միայն ամենալավը: Մեր ցանկությունն է՝ հաղթել: Մենք մեր համամասնական ցուցակը հենց այնպես չենք կազմել, մեր ցուցակում դրել ենք մարդկանց, ովքեր հայտնի են հասարակությանը: Մեր թեկնածուն սիրված է եւ որպես ղեկավար, ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ մեր ցանկությունն է, որ ինքը կարողանա ընտրվել եւ նույն գործունեությունը իրականացնել Երեւան քաղաքում: Մենք ընտրությունների գնում ենք հաղթելու համար, մենք հենց այնպես չենք կարող մասնակցել:

– Դուք ասում եք՝ գնում եք հաղթելու համար, իշխանական կոալիցիայի մյուս անդամները եւս ասում են, որ գնում են հաղթելու համար, ուրեմն կոալիցիայի ներսում ինչ-որ բան ա՞յն չէ, որոշակի առճակատո՞ւմ կա:

– Ոչ մի առճակատում չկա, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր աշխատանքով, իր գործով, ժողովրդի մեջ ունեցած իր վստահությամբ մասնակցում է ընտրությանը, եւ շատ կարեւոր է, որ ժողովուրդը եւս մասնակցի ընտրություններին, մարդիկ գնան եւ ընտրեն՝ ում ուզում են, ում վստահում են, ում հավատում են, որ ծրագրին որ հավանություն են տալիս: Պետք է մասնակցեն եւ իրենց ձայնը տան այն թեկնածուին, այն կուսակցությանը, այն անձին, ում արած գործերը տեսել են, ում լավ են ճանաչում, ում վստահում են: Ով ոչ թե միայն խոսում է, այլ՝ ում խոսքը առաջին հերթին գործ է դառնում: Եթե ընտրողները իրենց ձայնը տան մեզ, ուրեմն լիարժեք մեր քաղաքապետն է լինելու եւ կատարելու է մարդկանց տված խոստումները, մեր կուսակցության ծրագրերը: Իսկ եթե կոալիցիայի ամեն մի անդամ կուսակցություն առանձին-առանձին բավարար տոկոսներ չհավաքի, պարզ է, որ պետք է միանանք, ինչի՞ մասին է խոսքը: Բայց այս պահին բոլորս էլ գնում ենք հաղթելու համար, մենք ուզում ենք ստանալ ժողովրդի վստահությունը, ընտրողները պետք է գնահատեն մեր աշխատանքը, մեր թիմը, մեր ծրագիրը:

– Ուզում եք ասել, որ լինելու են նորմալ-մաքուր ընտրություններ եւ քվեատուփերի մեջ ոչ ոք ոչինչ չի՞ լցնելու:

– (Պատասխանից առաջ ծիծաղում է – Մ. Ե.)։ Մենք գնում ենք նորմալ ընտրության, մենք պայքարելու ենք մաքուր ընտրության համար, արդար ընտրության համար, մենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

– «Բարգավաճ Հայաստանն» ինչպե՞ս է վերաբերվում այս ընտրություններին, սա ձեզ համար քաղաքակա՞ն ընտրություն է:

– Մեզ համար բոլոր ընտրություններն էլ քաղաքական են: Ցանկացած ընտրության մարդը կամ քաղաքական ուժը պետք է նայի որպես իր ծրագրերի եւ կատարած աշխատանքի ընտրություն: Մենք չենք ուզում հենց այնպես գոյատեւել, այլ ուզում ենք աշխատել, թերությունները վերացնել, թիմը թարմացնել, նորից ու նորից ստանալ ժողովրդի վստահությունը: Այո, հասարակության մեջ այսօր կա մտահոգություն, որ Բեգլարյան Գագիկը, միեւնույն է, արդեն ընտրված է: Բայց Բեգլարյան Գագիկը նշանակված է, ընտրված չի: Ընտրությունը պետք է լինի մայիսի 31-ին, եւ մարդիկ պետք է մասնակցեն եւ ասեն իրենց խոսքը, եւ ամեն մեկի ձայնը շատ կարեւոր է:

– Շատերն են անհանգիստ, որ Երեւանի ավագանու ընտրություններում հանկարծ չկրկնվի «մարտի 1»-ը:

– Ոչ, «մարտի 1» չի կարող լինել: Մենք գնում ենք ընտրության, ժողովուրդը ում ձայն տա, նրան էլ կտա, եւ նա էլ կընտրվի: Մենք միասնական պայքարելու ենք արդար ընտրության համար, այն բանի համար, որ ժողովուրդը իր ձայնը տա նրան, ում նախընտրում է:

– «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական կոչերը ե՞ւս լինելու են Դաշնակցության կոչերի նման, դուք ե՞ւս ընդդիմադիր կոչեր եք անելու:

– Մենք երբեք ու երբեք այդպիսի հայտարարություններ չենք անելու, մենք ուրիշին չենք փնովելու, ուրիշի վրա ցեխ չենք շպրտելու: Մենք ասելու ենք՝ տվեք ձեր ձայնը եւ պահանջեք: Մեր խոսքը գործ է: Կա ծրագիր, կա աշխատանք: Մենք քիչ ասել, շատ արել ենք: Մենք մեր հնարավորությունից շատ խոսք ենք տալիս, ավելին անում ենք. դա է մեր բնութագիրը, մեր աշխատանքի ոճը: Իսկ ուրիշի վրա ցեխ շպրտելով հեղինակություն չենք ուզում ձեռք բերել, ցեխ չենք շպրտելու ոչ Դաշնակցության, ոչ ՀՀԿ-ի, ոչ կառավարության, ոչ «Օրինացի» եւ ոչ էլ ընդդիմության վրա: Ազատ ընտրություն է, մենք գնում ենք ընտրության, եւ մեր խոսքը գործ է:

– Վերջերս որոշ վերլուծություններ են արվում, ըստ որոնց՝ 40 տոկոսի շեմը կարող են հաղթահարել միայն ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, դուք չե՞ք նեղանում:

– (Դարձյալ ծիծաղում է – Մ. Ե.)։ Եթե ասելով է, թող ասեն, Տիգրան Կարապետիչն էլ է ասում, որ 80 տոկոսով հաղթելու է, հիմա ես դա որպես հի՞մք ընդունեմ: Բոլորը կարող են ասել, բայց գործ անել չեն կարող, եթե մարդը 50 կիլո է բարձրացնում, բայց ասում է, թե 300 կիլո բարձրացնող է, է՜, թող ասի:

– Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավո՞ր է ընտրվի քաղաքապետ:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր երկրի առաջին նախագահն է, իր պահվածքով, իր աշխատանքով, իր պատրաստվածությամբ հայտնի է, նա իր թիմի առաջնորդն է եւ դրել է իր թեկնածությունը: Ես էլ, եթե քաղաքի գրանցում ունենայի, ես էլ իմ անունը առաջին տողով կգրեի:

– Իրավիճակը կլարվի՞ ընտրությունների արդյունքում:

– Երկրի նախագահը բոլոր հնարավորությունները ստեղծել է, որ նորմալ, արդար ընտրություններ լինեն, ինքը բոլորին հանձնարարել է, ասել է՝ գնացեք, աշխատեք, նորմալ ընտրություններ անցկացրեք, ովքեր էլ շահարկում են, ուրեմն իրենք են մեղավոր: Երկրի նախագահը ասել է՝ տեղներդ մի նստեք, մեծ-մեծ խոսում եք, գնացեք, աշխատեք նորմալ ընտրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել