Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՆԵՆՔ ԿԱՅՈՒՆ, ՀՍՏԱԿ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլ 07,2009 00:00

\"\"Առաջիկա ընտրությունների դրական եւ բացասական կողմերը՝ ըստ Հրանուշ Խառատյանի

Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները «հենց այս տարի եւ այս ձեւով» ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համարում է ուշագրավ ու կարծում է, որ այդ ընտրությունները զգալի չափով պետք է փոխեն քաղաքական հարաբերությունների ձեւավորման ընթացքը: Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնում, որ այս ընտրությունները եւս, ինչպես Հայաստանում մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունները, կանցնեն անձերի շուրջ եւ ոչ թե քաղաքական կամ, որ ավելի կարեւոր է՝ Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շուրջ: Նրա համոզմամբ, եթե տվյալ անձերը համայնքի հետ հետագա աշխատանքում ունենան խնդիր կամ ձեռքբերում, ապա դա նույնպես կապվելու է անձերի, ոչ թե քաղաքական ուժերի հետ, եւ այդպիսով մենք կորուստ ենք ունենալու քաղաքական խաղում: «Դեռեւս Քոչարյանի իշխանության սկզբից մինչեւ անցյալ տարի անընդհատ խոսվում էր այն մասին, որ իշխանությունների համար շահեկան է կայուն հայացքների տեր եւ հետեւողական ընդդիմության գոյությունը, որը կարող է սթափեցնող եւ զգաստացնող դեր խաղալ քաղաքական մշակույթում եւ իշխանության գործունեության համար: Այս պահին մենք ունենք այդպիսի ընդդիմություն: Այժմ՝ նույնիսկ շատ ավելի, քան վերջին նախագահական ընտրությունների դեպքում, մենք ունենք միանգամայն հստակ եւ արդեն կազմավորված ընդդիմություն: Նրանց մոտեցումները, իհարկե, վիճելի են, բայց ՀԱԿ-ը եթե ոչ գաղափարների, գոնե կառավարման ձեւի եւ գործողությունների ընթացքի վերաբերյալ ունի շատ հստակ եւ փաստարկված վերլուծություն եւ մոտեցումներ, թե ինչն այնպես չէ: Հստակ ասված չէ, թե իրենք ինչպես կանեին, բայց գոնե շատ հստակ է, թե ինչն իրենք չեն ընդունում: Կայուն ընդդիմություն է, որը կեղծ չէ, կաշառքով չի փոխվի եւ նման այլ հարաբերությունների մեջ չի մտնի»,- ասում է մեր զրուցակիցը:

Տիկին Խառատյանն, ի դեպ, նորմալ է համարում ընդդիմության «ռեւանշիստական» նկրտումները՝ վերաբերմունքն առ այս ընտրություններ իբրեւ տրամպլին՝ դեպի ավելի խոշոր իշխանություն: Ավելին, մեր զրուցակիցը սա եւս համարում է այս ընտրությունների կարեւոր բաղկացուցիչը եւ հնարավոր դրական հետեւանքը, որովհետեւ՝ «եթե Տեր-Պետրոսյանի խումբն իսկապես շահեց ընտրություններում, եւ քաղաքապետն ու ավագանին եղան ակտիվ, եւ ընդդիմությունը կարողանա իր աշխատանքով ապացուցել իր արժանի լինելը ավելի բարձր իշխանության, որպես հետեւանք՝ դրանից մեծապես կշահեն Երեւանն ու մայրաքաղաքի բնակիչները»: Տիկին Խառատյանը չի բացառում նաեւ, որ նրանք սերտաճեն եւ միայն սեփական բարեկեցությունն ապահովեն, ինչի արդյունքում Տեր-Պետրոսյանն ու իր թիմը կկորցնեն իմիջը եւ հետագա պայքարին մասնակցելու շանսերը:

Չնայած այս մեկ տարվա բոլոր ցավալի անցուդարձերին, մեր զրուցակիցը համարում է, որ Տեր-Պետրոսյանի այս քայլով Սերժ Սարգսյանի՝ երկխոսության մասին բոլոր դեկլարատիվ հայտարարությունները միս ու արյուն են ստանում: Հնչող այն հայտարարությունները, որ եթե ընտրությունները իշխանության հաղթանակով ավարտվեն, ապա դրանք անպայման կեղծված են, ազգագրագետի կարծիքով՝ թուլացնում եւ խոցելի են դարձնում ընդդիմությանը: Նա, միաժամանակ, կասկած չունի, որ իշխանությունները օգտագործելու են բոլոր օրինական եւ ոչ օրինական լծակները, քանի որ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումներով Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի համար չափազանց կարեւոր վայր է: Բայց՝ «Ընդդիմությունը բավականին հարուստ փորձ ունի այդ լծակներն իմանալու: Եթե գնում են ընտրությունների, ապա նախապես պետք է մաքսիմալ ջանքեր գործադրեն՝ ապացուցելու իրենց իրական ձայների թիվը»,- ասում է տիկին Խառատյանը:

Այս պահի դրությամբ եւ ազատ ընտրությունների պարագայում մեր զրուցակիցը 50-50 է գնահատում երկու թեւերի հնարավորությունները: «Իշխանության վարչական ազդեցությունն անհամեմատ ավելին է, միեւնույն ժամանակ, ընդդիմության գաղափարական ազդեցության հնարավորությունն անհամեմատ ավելի է, քան իշխանությանը: Եվ եթե չխոսենք առաջին դեմքերի մասին, ապա այս երկու գործոններն իրար հավասարակշռում են»,- ասում է նա: Ինչ վերաբերում է առաջին դեմքերին՝ «Գագիկ Բեգլարյանի հետեւում է ՀՀԿ-ն՝ իր ողջ ուժով ու ազդեցությամբ, եւ Գագիկ Բեգլարյան անձին չէ, որ պիտի ընտրեն, այլ գործող իշխանությանը: Մեծ դեր է խաղալու Տեր-Պետրոսյանի անձը, բայց այս պարագայում էլ ձայների մեծամասնությունը գործող իշխանությանը դեմ ձայներն են լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել