Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը եւ
տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Սլավա Սարգսյանը հանդիպեցին լրատվամիջոցների հետ:
2008 թ. սեպտեմբերի 17-ից՝ Արման Մկրտումյանի նշանակումից հետո, սա առաջին հանդիպումն էր: Դատարանի նախագահը ամփոփեց դատաիրավական բարեփոխումները, տեղեկացրեց, որ այս փուլում լուծարվել է հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վճռաբեկ դատարանում, քաղաքացիները օգտվում են դատական իշխանության պաշտպանության արդյունավետ եռաստիճան համակարգից, կրկնակի բարձրացել է դատավորների աշխատավարձը: Դատաիրավական բարեփոխումների այս փուլում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, պարզեցվել են «նոր երեւան եկած հանգամանքները», ինչը նշանակում է, որ ցանկացած քաղաքացի կարող է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան:
Անցյալ տարի քրեական գործերով պալատ է բերվել 1200 բողոք՝ այն դեպքում, երբ այս երեք ամսվա ընթացքում՝ արդեն 600 է: Անցյալ տարի, ըստ քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, դատապարտվել է 3264 մարդ, դատավճիռներից դժգոհ է եղել եւ դիմել է վերադաս դատարան՝ 639-ը: Փաստորեն, ըստ Դ. Ավետիսյանի, «81%-ը գտել է, որ դատական ակտերը օրինական են եւ հիմնավորված», ինչը համոզիչ չէ այն իմաստով, որ շատերն այսօր բողոքարկման հնարավորություն չունեն: Չնայած բանախոսները հրաժարվեցին անդրադառնալ «Մարտի 1-ի» գործին, ակնարկելով դատավարության ընթանալը եւ մասնագիտական էթիկայի կանոնները, սակայն բերվեց մի այսպիսի վիճակագրություն. հարուցվել է 90 քրգործ՝ 11 անձի նկատմամբ, 101 անձի նկատմամբ 87 գործով դատավճիռ է կայացվել, 1-ի վերաբերյալ գործը կարճվել է, 38-ի նկատմամբ պատիժը դարձել է պայմանական, 5-ը՝ տուգանք, 5 մարդ արդարացվել է:
Ինչ վերաբերում է փաստաբանների կամ լրագրողների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերվելու մասին նրանց մեկնաբանությանը, ապա դատավորները գտան, որ փաստաբանները, լրագրողները հավասար են օրենքի առաջ եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար պետք է պատժվեն: