Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄՆ ԷԼԻ ՓՈԽՎԵՑ

Ապրիլ 03,2009 00:00

Արդեն երկու օր է, ինչ «Ժամանակ-Երեւան» օրաթերթը լույս չի տեսնում: Լրագրողական շրջանակներում, իհարկե, տեղեկություններ կային, թե օրաթերթի խմբագրակազմը ինչ-ինչ տարաձայնություններ ունի թերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Արման Բաբաջանյանի հետ եւ բոյկոտել է թերթի հրատարակումը: Երեկ այդ տեղեկությունները հաստատեց «Ժամանակ-Երեւանի» պատասխանատու խմբագիր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նաեւ փոխանցեց, որ երեկ թերթի լրագրողական ողջ անձնակազմը, բացառությամբ մեկ լրագրողուհու, ում հետ երեկ կապվել չի հաջողվել, հրաժարական են ներկայացրել: Թե ինչու այդ թերթի պատասխանատու խմբագիրներ նշանակված բոլոր անձինք չեն կարողանում «լեզու գտնել» գլխավոր խմբագրի հետ, կամ հակառակը, դժվար է ասել, որովհետեւ բոլոր այդ խմբագիրների փոփոխությունների դեպքերում վկայակոչված պատճառաբանությունները տարբեր են եղել: Ս. Սուրենյանցը միայն իր մասով որոշակի պարզաբանումներ արեց: Նրա ասելով, իրենք հրաժարական են տվել «Ա. Բաբաջանյանի կողմից խմբագրակազմի առաջ հարուցած անհաղթահարելի առաջարկների պատճառով»: «Նա մի օր դնում էր լրագրողների հեռացման, հետո՝ խմբագրի լիազորությունների դադարեցման հարց: Տպավորություն կար, որ նա անընդհատ հորինում էր պատճառներ՝ խմբագրությունում աշխատանքային մթնոլորտը փչացնելու համար՝ հասկանալով, որ իր առաջարկները կոլեկտիվի ցասումն են առաջացնելու: Մենք փորձել ենք նրա հետ բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները, բայց ապարդյուն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Սուրենյանցը:

Մեր հարցին էլ, թե՝ Ա. Բաբաջանյանն արդյոք, բացի վերը մատնանշված առաջարկներից, թերթի նյութերի հետ կապված առարկություններ հայտնե՞լ է, թե՞ ոչ, «Ժամանակ-Երեւան» թերթի արդեն նախկին պատասխանատու խմբագիր Սուրենյանցը բացասաբար պատասխանեց, բայցեւ հավելեց. «Նրա կողմից արված վերապահումները շատ արհեստածին են, ինչը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ նա դրանցով փորձել է քողարկել իր դժգոհության իրական պատճառը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել