Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՉԵՆ «ԹԱՆԿԱՆԱ»

Ապրիլ 03,2009 00:00

\"\"Նրանք չեն հետեւի ռուսաստանյան գործընկերների քայլին

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից անմասն չեն մնացել նաեւ մշակութային հաստատությունները: Չնայած մշակութային գործիչները հաճախ են հայտարարում, թե իրենք հեռու են բիզնեսից, ֆինանսներից, բայց՝ արի ու տես, որ ֆինանսական ճգնաժամը նրանց չի «անտեսել»: «Առավոտը» նախորդ համարներից մեկում անդրադարձել էր այն հարցին, որ ռուսաստանյան թանգարանները, համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված, թանկացրել են իրենց տոմսերի գները: Նրանցից ետ չեն մնացել նաեւ թատրոնները, որոնք իրենց տոմսի արժեքը բարձրացրել են 14%-ով: Իսկ ռեկորդակիրը Կրեմլի թանգարանն է. մուտքի տոմսը թանկացրել է երկու անգամ: Եթե երկու ամիս առաջ դպրոցականները վճարում էին ընդամենը 50 ռուբլի, ապա այժմ՝ 100: Մեծահասակները մուտքի տոմսի համար, նախկին 300 ռուբլու փոխարեն, այժմ ստիպված են վճարել 600 ռուբլի: Էրմիտաժն էլ տոմսերը կթանկացնի մայիսի 10-ից, առայժմ, ինչպես փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան», կոնկրետ թվեր դեռ հայտնի չեն: Դեռ ժամանակին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը տեղեկացրել էր, որ չեն պատրաստվում թանկացնել ներկայացումների տոմսերի գները: «Առավոտը» հայաստանյան մյուս թանգարանների եւ թատրոնների շրջանում եւս փոքրիկ հարցախույզ կատարեց, տեսնելու՝ շարունակելո՞ւ են գործել նույն գնացուցակով: «Առավոտի» հետ զրույցում պարզ դարձավ, որ հայաստանյան մշակութային հաստատությունների տոմսերի գները չեն բարձրանա, եթե, իհարկե, համապատասխան գերատեսչության կողմից հրահանգ չլինի: Օրինակ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց. «Տոմսի գինը չենք թանկացնելու, դեռ մի բան էլ էժանացնելու ենք, այցելուները նախկին 500 դրամի փոխարեն առաջիկա ամսվա ընթացքում կվճարեն 300 դրամ: Ախր ճգնաժամը ամենից շատ հասարակ ժողովրդի վրա է ազդել, իսկ մենք նրանց շատերի մասին ենք մտածում: Տոմսի գինը իջեցնելը մեր իրավունքն է, ուստի դա այժմ արվում է մեր իսկ եկամուտների հաշվին»:

Զրուցեցինք նաեւ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ: Երբ նրան փոխանցեցինք ռուսաստանյան մշակութային հաստատությունների վարքը, նա պատասխանեց. «Ես տոմսերի գինը բարձրացնելու հրահանգ չեմ ստացել: Մյուս կողմից էլ, մանավանդ ճգնաժամի պայմաններում, նման բան անել անթույլատրելի է: Մենք աշխատում ենք նույն տոմսային քաղաքականությամբ ու, ինչպես միշտ, գործում են նաեւ անվճար տեղեր»:

Զրուցեցինք նաեւ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տոմսային տնտեսության վարիչ Նեկտար Աղաբալյանի հետ: Նա եւս, ինչպես իր բոլոր մյուս գործընկերները, առաջին անգամ «Առավոտից» էր լսում ռուսաստանյան «մշակութային» թանկացումների մասին: Իսկ խնդրի կապակցությամբ նշեց. «Մենք ներկայացումների տոմսերի գինը չենք բարձրացնելու: Դրանք, ինչպես նախկինում, կտատանվեն 1000-2000 դրամի սահմաններում»: Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում եւս չեն «վախենում» ճգնաժամից: Ինչպես փոխանցեց թատրոնի գլխավոր հաշվապահ Սամվել Գրիգորյանը, այսպիսի ապահով իրավիճակ կարելի է կանխատեսել ընդամենը մինչեւ տարվա կեսը, այնուհետեւ արդեն պարզ կլինի, ճգնաժամը կաթվածահար կանի՞ թատրոնի գործունեությունը, թե՝ ոչ: Հետո էլ պարոն Գրիգորյանը հավելեց. «Թատրոնի աշխատակազմի աշխատավարձերը հատկացվում են պետբյուջեից: Ուստի՝ եթե աշխատավարձի հետ կապված խնդիր չունենանք, ապա վաճառքից ստացված գումարների միջոցով կկարողանանք ապահովել մյուս ծախսերի գումարները: Մյուս կողմից էլ, եթե տարվա կեսից բնակչության անվճարունակության պատճառով թատրոն հաճախողների թիվը պակասի, ապա կհայտնվենք ծանր իրավիճակում: Առայժմ մանեւրում ենք ոչ թե տոմսերի գինը բարձրացնելու հաշվին, այլ ուրիշ միջոցների»: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Սուսաննա Կարապետյանն էլ «Առավոտին» փոխանցեց. «Ներկայումս տոմսի գինը բարձրացնելու մասին խոսք չկա: Դրանց նախկին գները պահպանվում են: Թե հետո ինչ կլինի, դեռ պարզ չէ, բայց այժմ նկատվում է տոմսերի համեմատաբար դժվար իրացում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել