Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ Է

Ապրիլ 03,2009 00:00

\"\"Մայիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Որ համալիրում առանց ամաչելու կարելի է անցկացնել եվրոպական մակարդակի ցանկացած մարզական միջոցառում, կասկած չկա: Սակայն այդ կարեւոր միջոցառման մեկնարկին մնում է մոտավորապես մեկուկես ամիս ժամանակ: Այսօրվա դրությամբ բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիան եւ ՄՀՀ-ի տնօրինությունը ի՞նչ են անում աշխարհի առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Այս հարցերի պատասխանը «Առավոտը» երեկ ստացավ ՄՀՀ-ի եւ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Զառա Օհանյանից:

– Մեր ունեցած տեղեկություններով, օրերս մեր ֆեդերացիայի՝ առաջնության կազմակերպական հարցերով զբաղվող անձինք ՄՀՀ-ի տնօրինության ներկայացուցիչների հետ եղել են մարզահամերգային համալիրում: Ո՞րն է եղել այդ շրջայցի նպատակը:

– Նրանք մանրամասն ուսումնասիրել են համալիրի ունեցած պայմանները: Կարելի է ասել, որ ոչ մի քառակուսի մետր ուշադրությունից դուրս չի մնացել: Նայել են ամեն բան, քննարկել եւ կայացրել համապատասխան որոշումներ:

– Կոնկրետ ի՞նչ:

– Հիմնանորոգումից հետո մարզական կառույցն ի վիճակի է ընդունելու ցանկացած մակարդակի միջազգային միջոցառում: Սակայն տվյալ դեպքում նախապատրաստական լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, անշուշտ, կա: Դրա ծավալները կպարզվեն ապրիլի 23-ից հետո, երբ վերջնականապես հայտնի կդառնա Երեւան ժամանող երկրների մարզիկների, պատվիրակությունների, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պաշտոնատար անձանց կազմը:

Առաջնության մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ գործող սահադաշտը կփակվի, որպեսզի հասցնեն տեղադրել ռինգերը: Ֆեդերացիայի հանձնաժողովը շրջայցի արդյունքում եկավ այն եզրակացության, որ ՄՀՀ-ի դիմահարդարման սենյակները, որտեղ կան նաեւ ցնցուղարաններ, լիովին կարող են ծառայել որպես անհրաժեշտ օժանդակ հարմարություններով հանդերձարաններ: Նորմալ վիճակում են նաեւ սանհանգույցները: Իսկ երբ հայտնի կլինի ժամանող հյուրերի վերջնական թվաքանակը եւ լրացուցիչ հանդերձարանների անհրաժեշտություն առաջանա, մի քանի օրում հնարավոր է նմանատիպ նոր սենյակներ կահավորել:

– Մրցումային պայմանները, կարծում ենք, կբավարարեն: Սակայն պակաս կարեւոր չեն նաեւ մարզումային պայմանները:

– Ճիշտ եք: Դրա համար, որքան տեղյակ եմ, մայրաքաղաքում ընտրվել են նաեւ համապատասխան այլ մարզադահլիճներ, որոնց ցանկը նույնպես վերջնական տեսքի կբերվի՝ կախված հայտերի քանակից:

– Կազմակերպական մյուս աշխատանքների մասին ի՞նչ կասեք:

– Աշխարհի առաջնության անցկացումը միայն մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի եւ ՄՀՀ-ի խնդիրը չէ: Անհրաժեշտ է լուծել նաեւ հյուրերի համար հյուրանոցային, նրանց տեղափոխման եւ այլ խնդիրներ, որոնք լուծման փուլում են, եւ որոնցով ամենայն լրջությամբ զբաղվում են նաեւ Սպորտի պետական կառույցը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կազմկոմիտեի մեջ մտնող շահագրգիռ մյուս գերատեսչությունները:

– Առաջնությունն, անկասկած, կլուսաբանեն աշխարհի լրատվական շատ միջոցներ: Նրանց համար աշխատանքային նորմալ պայմաններ կապահովվե՞ն:

– Անկասկած: Եվ ոչ միայն այդ խնդիրները: Շրջայցի ժամանակ դրան հատուկ կարեւորություն էր տրվում: Քննարկվեցին եւ կոնկրետ լուծումներ ստացան մամուլի կենտրոնի, ասուլիսների կազմակերպման, աշխարհի ցանկացած կետի հետ անհրաժեշտ որակյալ կապի ապահովման, լրագրողների տեղաշարժի հարցերը, որպեսզի նրանք իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս անհարկի խոչընդոտների չհանդիպեն: Համալիրում աշխատանքային եւ հանգստի համապատասխան պայմաններ կլինեն նաեւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայից ժամանող բարձրաստիճան պաշտոնյաների, դոպինգային ստուգման եւ այլ հանձնաժողովների ու խմբերի նորմալ աշխատանքն իրականացնելու համար:

Այնպես որ, Հայաստանում առաջին անգամ անցկացվող մարզական այս միջոցառումից պատվով դուրս գալը մեր երկրի համար հեղինակության խնդիր է, որի համար արվում է հնարավոր ամեն բան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել