Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծ՝ մի շարք անհայտներով

Ապրիլ 03,2009 00:00

\"\"«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դժգոհություններ է հարուցում:

Երեկ «Հայացք» ակումբում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ լրագրողների հետ հանդիպեցին ԱԺ պատգամավոր, օրենքի նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը, «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Վ. Դալլաքյանը հանդիպման սկզբում ասաց, որ ինքը չի եկել մամուլի ասուլիսի, այլ հանդիպումը հենց իր նախաձեռնությամբ է. այն կարող էր տեղի ունենալ հենց Ազգային ժողովում, բայց ինքը նպատակահարմար է համարել աշխատանքային քննարկում անել լրագրողների հետ: Մարտի 26-ին նախագծի հեղինակը օրենսդրական նախաձեռնությունը էլփոստի միջոցով ուղարկել է 47 լրատվամիջոցների, նամակում խնդրելով, որ մինչեւ ապրիլի 3-ը լրատվամիջոցները ներկայացնեն իրենց առաջարկություններն ու դիտողությունները օրենքի շուրջ, սակայն միայն 3 թերթի կողմից է արձագանք ստացվել՝ «Առավոտ», «Ժամանակ Երեւան», «Ազատամտություն»:

Քանի որ լրագրողներն իրենց մոտ չունեին նախագիծը, պարոն Դալլաքյանը մոտ 30 րոպե կետ առ կետ ներկայացրեց այն: Նա անընդունելի է համարում, որ 2003 թվականին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրինագծում լրագրողի իրավունքների, պարտականությունների ու նրա պաշտպանվածության մասին որեւէ հոդված նախատեսված չէ: Պատգամավորը առաջարկում է, որ գործող օրենքում ավելացվի ազատ լրագրողի կարգավիճակի մասին կետ, որը ՄԱԱ-ի առաջարկած դրույթն է: ՄԱԱ-ի կողմից առաջարկվել է առնվազն 5 տարվա լրագրողական փորձը դարձնել 1 տարի կամ ընդհանրապես հանել, ունենալ լրագրողական առնվազն 3 կազմակերպությունների ղեկավար մարմինների երաշխավորագիր: Ոմանց համոզմամբ, այսպես ազատ լրագրողը կարող է դառնալ որոշ խմբագիրների «գերին»:

Վիկտոր Դալլաքյանն անընդհատ լրագրողներին փորձում էր համոզել, որ իրենց նպատակը լրագրողներին պաշտպանելն է, մինչդեռ լրագրողական սեղանից ռեպլիկներ էին հնչում, որ ամեն կետ սահմանված է, բացի ազատ լրագրողի կարգավիճակին վերաբերողից:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն էլ հայտնեց. «Կուզենայի, որ ավելի շատ մտածեինք՝ ինչ անել, որ մեր քաղաքական մշակույթը փոխենք եւ ոչ թե որոշենք՝ ինչպես կարգավորել լրագրողների աշխատանքը, որովհետեւ դա ընդամենը հետեւանք է»: Նախագծի հետ կապված էլ ավելացրեց. «Կոնկրետ վտանգներ չեմ տեսնում, բայց որեւէ հարցի լուծում էլ չեմ տեսնում»: Ըստ նրա, բազմաթիվ անորոշություններ կան. «Օրինակ, բլոգերը լրագրո՞ղ է, թե՞ ոչ, կամ մարդը, որը որեւէ բլոգի համար իր բջջային հեռախոսով նկարահանումներ է անում, որոնք կարող են տեսնել միլիոնավոր մարդիկ…»:

«Առավոտի» լրագրող Ռ. Մինասյանն էլ նկատել է. «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լրատվամիջոցների մասին մտահոգվող մարդկանց թիվը ավելանում է, եւ նախագծեր են մատուցվում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը, մասնավորապես՝ տպագիր մամուլի հետ կապված, կարծես թե այս պահին չկա: Շրջանառության մեջ է դրվել իրավաբան Կարեն Անդրեասյանի անհեթեթ նախագիծը՝ փոփոխություններ անել Քաղաքացիական օրենսգրքում, որտեղ ինձ մտահոգում է հատկապես 2 կետ. պատժամիջոց է սահմանվում լրագրողի դեմ՝ նյութական վնասի հատուցման ձեւակերպմամբ, 50 եւ ավելի տարիներ անց էլ, եթե անգամ անձը մահացել է, իրավահաջորդն իրավունք ունի դատի տալու լրատվամիջոցին»:

Քննարկման մասնակից, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն էլ նախագծի բովանդակային կողմի մասին ասաց. «Այսօր ծիծաղելի է օրենքում ազատ լրագրողի դրույթ ունենալ, եթե ես տաղանդավոր գրող, լրագրող եմ, իմ գործն ում էլ տամ՝ կտպի եւ պետությունից ազատ լրագրողի կարգավիճակ ունենալու թուղթ ստանալ՝ բացարձակապես պետք չէ: Եթե այդ թուղթը տպագրվելու համար է, պետք չէ, եթե ինչ-որ մարդկանց ԱԺ-ում հավատարմագրվելու ամբիցիաները բավարարելու համար է, կներեք, բայց, դարձյալ պետք չէ: Նախագծում գրված է՝ փնտրել, հավաքել, ստանալ, պատրաստել, խմբագրել եւ տարածել հավաստի տեղեկատվություն: Օրինակ՝ ես փողոցում տեսնում եմ ծեծկռտուք՝ գրում եմ, 02-ն էլ հերքում է, որ ոստիկանությունում այդպիսի դեպք գրանցված չէ, հետեւաբար՝ տեղեկատվությունը հավաստի չէ: Այսինքն՝ ստացվում է, որ ես տեսել ու հրապարակել եմ ոչ հավաստի՞ տեղեկատվություն, ո՞վ է ապացուցում տեղեկատվության հավաստիությունը»: Ըստ նրա, նախագծում կան որոշ ձեւակերպումներ, որոնք հակասում են միջազգային պրակտիկային:

Մեսրոպ Հարությունյանը պարոն Դալլաքյանին խորհուրդ տվեց մեկ տարի մոռանալ նախագծի մասին, համոզված լինելով, որ պատգամավորը հետո այլեւս ցանկություն չի ունենա վերադառնալ դրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել