Նրանք մեծ տեղ են զբաղեցնում մեր կենցաղում
«Կյանքի անհաջողություններից մեկն էլ գալիս է նրանից, որ մարդ սխալ է ընտրում իր մասնագիտությունը»,- տարիների փորձառությունից ելնելով՝ այսպիսի համոզման է եկել կավագործ Ռաֆիկ Վարդանյանը: Նա արդեն 30 տարուց ավելի իր փոքրիկ արվեստանոցում պատրաստում է կավե իրեր՝ ծաղկամաններ, պնակներ, կուլաներ, կավե թոնիրներ եւ այլն: «Հայաստանում կավը շատ է, թեպետ ոչ այնքան որակյալ, այնուամենայնիվ, ձեռքբերման իմաստով համեմատաբար մատչելի է, սա է պատճառը, որ կավագործները շատ են, եւ արդյունքում կավե իրերի լճացում է առաջանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ռ. Վարդանյանը: Այնուամենայնիվ, վարպետը կարծում է, որ կավից պատրաստված որակյալ ու անհրաժեշտ իրերը միշտ էլ պահանջարկ ունեն. «Ամեն մի մասնագիտության մեջ խորանալու տեղ կա, ես միշտ նոր բան եմ փնտրում կավի մեջ, ասենք՝ եթե մի բան չի ստացվում, գիշեր-ցերեկ իմ ուղեղը զբաղված է դրա ելքը գտնելու վրա»,- ասաց 73-ամյա վարպետը:
Ռ. Վարդանյանի խոսքերով, կավե իրերն այսօր մեծ տեղ են զբաղեցում մեր կենցաղում, եւ դրանով է պայմանավորված պատվերների այն զգալի քանակը, որ ստանում է վարպետը: Նրա խոսքերով, «Ի տարբերություն այլ նյութերով պատրաստված իրերի, կավն էկոլոգիապես մաքուր նյութ է եւ մեր ժամանակներում մարդիկ ավելի ուշադիր են, թե ինչ ափսեներով եւ բաժակներով են մատուցվում կերակուրն ու ըմպելիքը»: Վարպետի խոսքերով, կավի հետ աշխատանքը միշտ նոր բան ստանալու ակնկալիքով է ուղեկցվում, կավը մոռացնել է տալիս տարիքը, ընտանիքի հոգսը, հաղորդում աշխուժություն:
Ռ. Վարդանյանի պատմելով՝ ինքը սիրում է հետեւել այլ պետությունների կավագործության նորարարություններին, քանի որ, երբ արվեստագետը կտրվում է եւ հաղորդակից չի դառնում աշխարհի արվեստների նորություններին, դա բացասաբար է անդրադառնում նրա աշխատանքի վրա: Նրա խոսքերով՝ «Ասիական երկրները հարուստ կավագործություն ունեն, իսկ մեր կավագործությունը զարգացած չէ, մի տեսակ դուրս է արվեստներից»: Ըստ վարպետի՝ այսօր երիտասարդը չի ընտրում արվեստի այս ճյուղը, քանի որ համոզված է՝ այդ աշխատանքով չի կարող տուն պահել եւ գումար վաստակել: Սակայն այդ պատճառաբանության հետ վարպետն այնքան էլ համաձայն չէ: Ինչպես ինքն է պատմում, անհատական պատվերներից դժգոհ չէ. նրան հաճախ են հրավիրում ռեստորաններում քանդակներ անելու, տներում թոնիրներ կառուցելու եւ վաստակած գումարից էլ շատ գոհ է: Վարպետն արտերկրից նույնպես պատվերներ ունի: Նրանք հիմնականում ազգային կուլաներ, թոնիրներ, պնակներ են պատվիրում: Ռ. Վարդանյանը դեռեւս խորհրդային տարիներին ցուցահանդեսներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ Մոսկվայում, Մերձբալթիկայում: Իսկ 1974 թ. կավի վարպետը «Ժողովրդական վարպետի» կոչում է ստացել: Վարպետը իր արվեստանոցում Կարեն անունով մի օգնական ունի: