«Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան «Wall Street Journal» թերթը, հայտնում է, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են արդեն իսկ մոտ ժամանակներս հայտարարել սահմանների բացման եւ հարաբերությունների վերականգնման մասին: Համաձայնագրի ժամկետները, ըստ թերթի, համաձայնեցվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցի գրաֆիկի հետ: «Թուրքական եւ հայկական կառավարությունները համաձայնեցրել են բանակցությունների պայմանները 3 ուղղություններով՝ սահմանների բացում եւ ֆիքսում, դիվանագիտական հարաբերությունների վերականգնում եւ վիճելի հարցերի, այդ թվում՝ 2 ժողովուրդների պատմության հետ կապված խնդիրների համար հանձնաժողովների ստեղծում»,- գրում է թերթը: Վեջինիս աղբյուրների համաձայն՝ հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին: Հայաստանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ լուրերը, «Ռեգնումին» հիշեցրել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Թուրքիայի հետ չի քննարկել ցեղասպանության հարցը: