Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

Ապրիլ 03,2009 00:00

\"\"Դուբայի ոստիկանությունն ազատել է մինչ այդ ձերբակալված Ռուսաստանի զբոսաշրջիկներին, որոնց կասկածում էր չեչեն հրամանատար Սուլիմ Յամադաեւի սպանության մեջ: Նրանք հիմնականում ունեւոր մարդիկ էին, գործարարներ, ովքեր իրենց հանգիստն էին անցկացնում Դուբայի շքեղ հյուրանոցներում: Միաժամանակ, gazeta.ru-ն հայտնում է, որ Սուլիմի եղբայրը՝ Իսա Յամադաեւը, հերքում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի տեղեկատվությունն այն մասին, որ Սուլիմը հուղարկավորվել է Դուբայի գերեզմանոցներից մեկում: Իսայի խոսքերով, նա տեսել է եղբորը հիվանդանոցում՝ ապրիլի 1-ին: Նույնն է պնդում Սուլիմի կինը՝ Միլանը, ըստ որի, նա ամեն օր այցելում է ամուսնուն: Հետաքրքիր է, որ Դուբայի ոստիկանությունն այլեւս չի հաստատում Յամադաեւին հուղարկավորելու տեղեկատվությունը, վկայակոչելով, որ այդ խնդրի վերաբերյալ որեւէ լուր չունի: Սուլիմի ողջ մնալու մասին վարկածը անուղղակիորեն հաստատվում է վերջինիս հայրենի քաղաքում՝ Կուդերնեսում ստեղծված իրավիճակով: Ըստ ականատեսների, Յամադաեւի ընտանիքի դարպասներն առայժմ բաց չեն, իսկ Չեչնիայում ընդունված սովորությունների համաձայն, բարեկամի մահվան դեպքում տան դռները բացվում են, որպեսզի ցանկացած մարդ կարողանա գալ եւ ցավակցություն հայտնել: Բացի այդ, Յամադաեւների ցեղական մզկիթում որեւէ արարողություն տեղի չի ունեցել: Իսկ Սուլիմի բարեկամները պնդում են, որ մահվան մասին իրենց ոչ մի բան հայտնի չէ: Այսքանով հանդերձ, Յամադաեւի մահվան եւ հուղարկավորության վկայություններն ավելի շատ են, քան հակառակն ապացուցողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել