Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կարծիքով, Միացյալ Նահանգները շարունակում է կայսրություն մնալ: Newsru.com-ի փոխանցմամբ, այդ մասին նա հայտարարեց չորեքշաբթի օրը Իրան կատարած իր 2-օրյա այցի ժամանակ: Չավեսի խոսքերով, շատ քիչ հույս կա, որ նոր վարչակազմի ժամանակ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կբարելավվեն: Ավելի վաղ Կատարում կայացած արաբական եւ լատինամերիկյան երկրների համաժողովի ժամանակ Վենեսուելայի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ընդունել ամերիկյան Գվանտանամո նախկին ռազմաբազայի նախկին կալանավորներին: Չավեսը նշեց նաեւ, որ Օբամայի կողմից ղեկավարվող կայսրությունը մեծ արգելք է Լատինական Ամերիկայի զարգացման համար: Նա խորհուրդ տվեց ԱՄՆ նախագահին ավելի շատ կարդալ եւ սովորել՝ աշխարհի իրողությունները հասկանալու համար: Իրանում Չավեսը շնորհավորեց այդ երկրի ժողովրդին՝ իսլամական հեղափոխության 30-ամյակի առթիվ, որի արդյունքում պաշտոնանկ էր արվել արեւմուտքի հովանավորությունը վայելող շահը, երբ իշխանությունն անցավ ավանդական մահմեդական կղերականների ձեռքը: «Այսօր Իրանը համաշխարհային քաղաքականության մեջ առաջին տեղերից մեկն է գրավում,- ընդգծել է լատինամերիկյան երկրի առաջնորդը,- Իրանն ու Վենեսուելան նոր բազմաբեւեռ աշխարհի ստեղծման ռահվիրաներն են: Գալ Թեհրան՝ ինձ համար նույնն է, ինչ գալ իմ սեփական տունը»: