Երեկ Լոնդոնում բացվեց տնտեսական ճգնաժամին նվիրված 20 երկրների համաժողովը: Սպասվում է, որ հանդիպման մասնակիցները համատեղ որոշում կընդունեն բանկային հատվածն ավելի կոշտ մեթոդներով վերահսկելու ուղղությամբ: Մշակվելու են նաեւ համաշխարհային տնտեսությունը խթանելու այլ միջոցառումներ, սակայն ճգնաժամը կարգավորելուն ուղղված պետական ծախսերի չափերի հստակ սահմանափակումը, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ, դժվար թե որոշվի այս համաժողովի ժամանակ: Ըստ BBC-ի, քննարկվող թեմաներից են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի կապիտալի մեծացումը՝ առնվազն մինչեւ $500 հազարի, առեւտուրը խթանող միջոցառումները, ինչպես նաեւ օգնությունը զարգացող երկրներին: Ֆոնդային շուկաները լավատեսությամբ են արձագանքել Լոնդոնում անցկացվող հանդիպմանը, ինչի արդյունքում բարձրացել է արժեթղթերի գնահատումը: Ամփոփիչ փաստաթղթի վրա աշխատող դիվանագետները փորձում են համաձայնության գալ 2 հարցում՝ պետական օգնության ծավալի եւ ֆինանսական ծառայությունների կարգավորման: Ռադիոկայանի աղբյուրների համաձայն, կողմերի տարաձայնությունները կրում են ոչ թե գաղափարախոսական, այլ զուտ ֆինանսական բնույթ: Նախատեսվում է, որ հանդիպման վերջնական փաստաթուղթը հրապարակվելու է ուշ երեկոյան: Համաժողովի առթիվ տարբեր տեսակի հակագլոբալիստական եւ անարխիստական խմբեր ցույցեր են անցկացնում: Ըստ Լոնդոնի ոստիկանության՝ ցուցարարների թիվը մոտ 5 հազար է: