Նման մեղադրանքը վիրավորական է մասնագետ հոգեբույժների համար
Ձեր թերթի մարտի 27-ի համարում տպագրել եք «Պատժիչ հոգեբուժության» վերադարձը» նյութը, որում ասված է. «Յոթի» գործով ամբաստանվող Շանթ Հարությունյանին, իբր, նրա հոգեվիճակի հետ կապված՝ դատաբժշկական փորձաքննության ուղարկելը մշակութաբան Վարդան Ջալոյանը անհեթեթություն է համարում, նկատելով, որ Շանթը «Հայաստանի հոգեպես ամենաառողջ մարդկանցից մեկն է»։ Նա նաեւ հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, լայնորեն կիրառվում էր «պատժիչ հոգեբուժությունը»՝ որպես քաղաքական հալածանքների գործիք, որը Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան դեռ 1983 թ. անվանեց «հանցագործություն մարդկության դեմ»։
Ըստ Ջալոյանի՝ բռնապետություններին հատուկ «պատժիչ հոգեբուժության» խորհրդային պրակտիկան շարունակվում է մինչ այսօր, նաեւ մեր երկրում, «քանզի դրա կիրառողները Հայաստանում ժամանակին չպատժվեցին, հոգեբուժական համակարգը էական բարեփոխման չենթարկվեց, եւ նրանցից շատերը շարունակում են պաշտոնավարել»։ Սա նկատի ունենալով էլ՝ Ջալոյանը պնդում է, որ «անկախ եզրակացությունից՝ դատաբժշկական փորձաքննությունը կրում է հանցագործ՝ «պատժիչ հոգեբուժության» պրակտիկայի բնույթ», ուստի կոչ է անում հայաստանցի հոգեբույժներին՝ ոչ մի դեպքում չհամագործակցել իշխանությունների հետ, որովհետեւ «այն արատավորում է բժշկի կոչումը»։
Բերված քաղվածքից երեւում է, որ լուրջ «Առավոտ» թերթը կարող է զբաղվել անլուրջ գործերով։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, ինձ հոգեբուժություն են դասավանդել հանրապետության առավել նշանավոր հոգեբույժները՝ ակադեմիկոս, պրոֆեսոր Ա. Մեհրաբյանը, պրոֆեսոր Գրոն եւ ուրիշ շատ ազնիվ հոգեբույժներ։ Այսօր էլ ասպարեզի վրա են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Մելիք-Փաշայանը, պրոֆեսոր Կ. Դանիելյանը, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբույժ Ս. Մարգարյանը եւ ուրիշներ: Անհնար բան է, որ նրանցից որեւէ մեկը իր համոզմունքներին հակառակ ինչ-որ կարգադրությունների ազդեցության տակ խախտի հիպոկրատյան երդումը: Մշակութաբան Վարդան Ջալոյանը հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, լայնորեն կիրառվում էր «պատժիչ հոգեբուժությունը»՝ որպես քաղաքական հալածանքների գործիք: Վ. Ջալոյանը, առանց անուններ տալու, վարկաբեկում է Հայաստանի հոգեբույժների ողջ կոլեկտիվին։ Ըստ Ջալոյանի, բռնապետություններին հատուկ «պատժիչ հոգեբուժության» խորհրդային պրակտիկան շարունակվում է մինչ այսօր։ Ի դեպ, եթե լսելու լինենք ժամանակակից լրագրողներին եւ քաղաքական գործիչներին, ապա այժմ Հայաստանը ավազակապետություն է, իսկ նախկինում, նույն մարդկանց կարծիքով, եղել է բռնապետություն։ Ըստ երեւույթին, ուրիշ ստատուսով Հայաստանը գոյություն ունենալ չի կարող։ Ասեմ, որ ոչ Սովետական Միությունում, ոչ էլ առավել եւս Հայաստանում, ոչ ոքի մտքով չի անցել, թե կարելի է խելոք մարդկանց խելագար հռչակել։
Թերթում բերված նկարը ճիշտ չի ընտրված, դա սթրեսների զոհ մարդու լուսանկար է, որը կարող է թողնել նաեւ հոգեպես տառապյալի տպավորություն, սակայն՝ ոչ խելագարի։ Ի դեպ, քաղբանտարկյալների դատավարությունը, եթե այդպես շարունակվի, ինչպես հիմա, կարող է բոլորին հավասարակշռությունից հանել եւ մղել անլրջության։ Օրինակ, պարոն Ջհանգիրյանը արդեն կորցրել է հավասարակշռությունը եւ այն միտքն է հայտնում, թե իբր կիրովաբադցիները եւ ղարաբաղցիները տեղացիներին ուտում են։ Ուզում եմ ասել, որ ես՝ լինելով կիրովաբադցի, չեմ ճանաչում որեւէ կիրովաբադցու, որ այսօր Հայաստանում ղեկավար դիրք գրավի, բայց հիշեցնում եմ պարոն Ջհանգիրյանին, որ Սովետական Միության միակ հայ մարշալ Ի. Ք. Բաղրամյանը կիրովաբադցի է, ծնվել է Կիրովաբադում, իսկ եթե նրանց, ովքեր հայ բնակչությանը բաժանում են կիրովաբադցիների, ղարաբաղցիների եւ տեղացիների, ձեռք է տալիս հրաժարվել Բաղրամյանից՝ հրաժարվեք։
Այնուհետեւ Ջալոյանը պնդում է. «Անկախ եզրակացությունից՝ դատաբժշկական փորձաքննությունը կրում է հանցագործ «պատժիչ հոգեբուժության» պրակտիկայի բնույթ», ուստի կոչ է անում հայաստանցի հոգեբույժներին՝ ոչ մի դեպքում չհամագործակցել իշխանությունների հետ, որովհետեւ «այն արատավորում է բժշկի կոչումը»։ Եթե լսենք Ջալոյանին, եւ ոչ մի հոգեբույժ չհամագործակցի իշխանությունների հետ, ապա կարող են հոգեկան հիվանդներին դատարանով դատապարտել կամ, ընդհակառակը, մեղսունակները անմեղսունակների քողի տակ դատական պատասխանատվությունից ազատվեն։