Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱԿԱՏՍ ԲԱՑ՝ ՀԱՅԵՐԵՆ ԷԼ ԵՄ ԽՈՍՈՒՄ, ԹՈՒՐՔԵՐԵՆ ԷԼ»

Ապրիլ 03,2009 00:00

\"\"Ասում է Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը

\"\"
Վազգեն Պարընը (աջից) զրուցում է դերձակ Մկրտիչի հետ:

Վազգեն Պարընը (թուրքերեն՝ Vasken Barin) ներկայիս Թուրքիայում ամենաբարձր պաշտոն զբաղեցնող հայն է. արդեն տասը տարուց ավելի նա Շիշլիի փոխքաղաքապետն է: Դրանից ավելի բարձր պաշտոն հայերը զբաղեցրել են մեկ էլ 1950-ականներին, երբ Շելեխշյանն ընտրվել էր Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր:

Շիշլին Ստամբուլի թաղամասերից մեկն է՝ 450 հազար բնակչությամբ, որից մոտ 30 հազարը հնաբնակ հայեր են. կան նաեւ նորեկ հայաստանցիներ, բայց նրանց թիվը հայտնի չէ: Հնաբնակ ասելով մենք նկատի ունենք ոչ միայն բնիկ պոլսեցիներին, այլեւ այլ թուրքահայերի, որոնք վերջին 40-50 տարում են Ստամբուլ եկել Անատոլիայի խորքերից: Ինքը՝ Պարընն էլ Վանից 100 կմ հարավ գտնվող Շրնաքից է՝ քրդաբնակ շրջաններից: Մինչեւ 13 տարեկան հայերեն բառ չէր լսել, հայրը քրդախոս էր, հայերեն գիր չէր տեսել, մինչեւ տեղափոխվեցին Ստամբուլ, սովորեց հայկական դպրավանքում: Մեր զրույցի վերջում նա այնտեղ սովորած՝ արեւմտահայ պոեզիայի չքնաղ նմուշներ արտասանեց:

Անցած կիրակի Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Շիշլիում այս էլ երրորդ անգամ քաղաքապետ ընտրվեց Մուսթաֆա Սարըգյուլը՝ հավաքելով քվեների 54,65%-ը: Այստեղ քիչ չէ նրա տեղակալի՝ Վազգեն Պարընի դերը: Վերջինս ինքն էլ հպարտությամբ նշում է, որ առաջին ընտրություններում իրենք՝ ի դեմս Սարըգյուլի, հավաքել են 42%, իսկ երկրորդում՝ 68,6%:

«Մենք որեւէ խտրականություն չենք դնում հայերի եւ մահմեդականների միջեւ: Մեր քաղաքապետարանը Մուսթաֆա Սարըգյուլի ղեկավարության օրոք հայ համայնքին շատ է նպաստում: Մեր ծառայությունն ենք մատուցում ինչպես ամբողջ Շիշլիին, այնպես էլ՝ նույն խնամքով, դեռ ավելի՝ հայկական համայնքին»,- ասում է Վազգեն Պարընը: Նա թվարկում է հայկական հաստատություններ՝ եկեղեցի, դպրոց, մշակութային համույթներ, հիվանդանոց, գերեզմանոց, որոնց նկատմամբ հոգածություն են ստանձնել, եւ ավելացնում. «Բայց ծառայություն ենք տանում նաեւ մզկիթների, տեղական մյուս դպրոցների եւ միությունների համար: Քանի որ որեւէ խտրություն չեմ դնում մարդկանց միջեւ, ճակատս բաց՝ հայերեն էլ եմ խոսում, թուրքերեն էլ»:

Հայկական համայնքի շրջանակներում տեղի ունեցող բոլոր միջոցառումներում Պարընը խոսում է միայն հայերեն, եւ դա ընդունվում է նաեւ ներկա թուրք պաշտոնյաների կողմից: Մեր հարցազրույցը նույնպես հայերեն էր: Այն տեղի էր ունենում Շիշլիում, դերձակ Մկրտիչ Օզջյանի արհեստանոցում, որը զրուցակիցս նախընտրեց բոլոր անաղմուկ տեղերից:

«Մինչեւ վերջին 10 տարին հայերը չէին զբաղվում պետական գործերով եւ ստվերում էին մնում, բայց վերջին տարիներին Թուրքիայում մտայնությունը փոխվել է: Եվրամիության հետ մշակված կապերով, անշուշտ, որոշ բարելավում կա Թուրքիայի օրենքներում եւ մտածողության մեջ,- ասաց Վազգեն Պարընը,- հանգամանքների բերմամբ 10 տարի առաջ ես նշանակվեցի փոխքաղաքապետ, 5 տարի հետո՝ երկրորդ անգամ ընտրվեցի բոլոր շիշլիցիների կողմից՝ հայ, մահմեդական, հրեա եւ այլն: Եվ ես խրախուսեցի հայ ընկերներիս եւ հայ համայնքի այլ անդամների, որ Շիշլիում եւ իրենց բնակության մյուս վայրերում ընդգրկվեն պետական գործերի մեջ: Որովհետեւ, եթե մտնենք, եթե զբաղվենք՝ մեր համայնքի համար էլ ավելի լավ պիտի լինի, պետության օգնությունն էլ նաեւ ի նպաստ մեր հաստատությունների պետք է լինի: Եվ հիմա 8-10 հայ կա, որ պաշտոնավարում են տարբեր քաղաքապետարաններում՝ որպես ատյանի անդամ»:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս զրուցակիցս նշում է, որ այն, ինչի մասին ինքը 4-5 տարի առաջ խոսել է հայկական հեռուստատեսությամբ, այսօր «կամաց-կամաց իրականանում է»: Ասել էր, որ պիտի սահմանները բացվեն. «1915-ի դեպքերը անհեթեթ բաներ չեն, բայց անունն ինձ համար այնքան կարեւոր չէ՝ ցեղասպանություն, թե ուրիշ բան: Երկու կողմում էլ շատ վտանգավոր բաներ են եղել, եւ հնարավոր է, անշուշտ՝ հայերն ավելի շատ են տուժել: Բայց եթե միայն դրա վրա կենտրոնանանք եւ ապագային չնայենք, եթե հազարավոր տարիների թշնամությամբ ապրեն երկու կողմերը, ինչպե՞ս է լինելու: Սխալ է գործվել՝ ջարդ դնես անունը, թե ցեղասպանություն: Եթե այդ սխալի վրա միշտ պնդենք, հայերի գալիք սերնդի ապագան չպատրաստենք, ինչպե՞ս է լինելու»:

«Բարկանալով, չխոսելով՝ խնդիր լուծելու հնարավորություն չկա»,- ասում է Պարընը: Նա անընդունելի է համարում միագիծ մտածողությունը, այլ տեսակետներ լսելը մերժելը: «Թուրքիայում ապրելով, հայ էլ չէ, եթե թուրքի զավակ մեծացած լինես, պիտի ասես՝ մենք ցեղասպանություն չենք արել, հայերին չենք սպանել (եւ արդեն ասում են), նրանք են մեզ սպանել: Ինչո՞ւ: Որովհետեւ իր հայրն այդպես է պատմում, գրքերում այդպես է գրված»,- նկատում է Պարընը, հուսալով, որ մի օր այդպես խոսողները նաեւ այլ գրքեր կկարդան: Նույնը ցանկանում է նաեւ հայերին:

Իր միտքը հասկանալի դարձնելու համար Վազգեն Պարընը դիմում է այլապատումի. «Ասենք, Մկրտիչը ինձնից 1000 ոսկի փող ուզեց, ասաց՝ 2 ամիս հետո կվերադարձնեմ: Չվերադարձրեց, ասաց՝ չկա: Նորից՝ չկա ու չկա: Ես էլ գալիս-գնում եմ, կռվում ենք: Ուրիշների մոտ էլ ասում եմ՝ էսպես բան չի լինի, քանի ամիս է, թե տարի է՝ Մկրտիչը փողս չի տալիս: 5 տարի անցավ, դեռ ասում եմ: Նրա տղային եմ տեսնում՝ ասում եմ՝ հայրդ գեշ մարդ է, ինձնից 2 հազար ոսկի առավ, 7 տարի է՝ չտվեց: Նրա որդին էլ պիտի ասի՝ կորիր, դու, ստախոս մարդ: Ինձ է ասում ստախոս: Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում: Ուրեմն պիտի նայես, որ խելոք կերպով վարվես: Այդ մտքերով գլուխս զբաղեցնելու փոխարեն ուրիշ բանով կզբաղեցնեմ՝ կմտածեմ, թե ի՞նչ անեմ, որ այդ 1000 ոսկու փոխարեն 2 հազարը շահեմ»:

Ու վերջում, որպես Թուրքիայի քաղաքացի ինտեգրված եզակի հայը ցանկանում, թե վստահեցնում է. «Հուսով եմ, որ փայլուն օրեր պիտի ապրեն հայաստանցիները, հուսով եմ՝ սահմանները կբացվեն, մշակութային կապեր կհաստատվեն, հազարավոր տարվա թշնամություն չպիտի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել