100-րդ տարելիցը
Ճիշտ հարյուր տարի առաջ՝ 1909 թվականի ապրիլին, Կիլիկիայի Ադանա քաղաքում եւ այլ բնակավայրերում հայերի զանգվածային կոտորածներ եղան: «Ադանայի կոտորած» կամ «Կիլիկիայի աղետ» անվամբ պատմության մեջ մնացած ողբերգության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Մի մոռացիր, հայ ժողովուրդ՝ Ադանայի ջարդը» վերնագրով պատգամ է հղել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը:
Արամ Ա-ն նկատել է, որ մեր պատմության այս տխուր էջին պետք է արժանի լրջություն հաղորդենք: Արամ Ա-ն հիշեցնում է, որ Սուլթան Համիդին գահընկեց արած երիտասարդ թուրքերը «նույն ջարդարարի ոգով վերաբերվեցին, ջարդերին մասնակցել է նաեւ բանակը: Հստակ տվյալների համաձայն, Ադանայի ջարդի կորուստը հետեւյալ պատկերն ունի. 30 000 նահատակ, 7883 որբ, 4072 այրի. իսկ՝ 32 եկեղեցի, 19 դպրոց, 2923 տուն, 593 խանութ, 265 ագարակ, 18 պանդոկ, 2 գործարան, 23 ջաղաց թալանվել եւ հրկիզվել են, ավելի քան 30 000 հոգի անտուն է մնացել»: Եվ պատգամում՝ ազգերը գոյատեւում են ու հզորանում իրենց հավաքական հիշողությամբ ու պահանջատիրությամբ: Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման, նրա իրավունքների պաշտպանության ու մանավանդ հատուցում ստանալու աշխատանքներում կարեւոր է Ադանայի ջարդի վերարծարծումը՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ 1915-ի Ցեղասպանությունը պատահական չէր:
Ադանայի կոտորածի մասին հիշեցնելու համար Կիլիկիո կաթողիկոսությունը այս տարվա ընթացքում կկազմակերպի դասախոսություններ, ցուցահանդեսներ, կհրատարակվեն գրքեր՝ ե՛ւ հայերեն, ե՛ւ օտար լեզուներով, կկազմակերպվի ուխտագնացություն Դեր Զոր ու Անթիլիասի մայրավանքի Նահատակաց մատուռ: Իսկ հոկտեմբերի 29-30-ին կանցկացվի Ադանայի ջարդերին նվիրված համագումար:
Սրանից բացի, միջոցառումներ է նախատեսել «Կոմիտաս» հիմնադրամը: Նոյեմբերին Լոնդոնում տեղի կունենա Ադանայի ջարդի 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, որը կուղեկցվի լուսանկարների ցուցադրությամբ: