Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար դոկտ. Հրանոյշ Յակոբեանին
Ազնուափայլ տիկին Յակոբեան
Հայրենիքին եւ համազգային խնդիրներին վերաբերող՝ սփիւռքահայերիս մտահոգութիւնները, ինչպէս նաեւ ստորեւ արծարծուած հարցերը, մենք ձգտում ենք հայրենի իշխանութիւններին ներկայացնել Ձեր միջոցով, յուսալով, որ դրանք Ձեր միջոցով աւելի շուտ ընթացք կը ստանան։
Մենք ողջունում ենք երկրի նախագահի՝ միասնական ազգ կերտելու, Սփիւռքի ներուժը ի նպաստ հայրենիքին օգտագործելու, Սփիւռքին զօրակցելու հայրենիքի պատրաստակամութեան եւ հայապահպանութեանն ուղղուած քաղաքական ծրագրերը, որոնց իրականացման առաջին քայլերից մէկն եղաւ Ձեր ղեկավարած նախարարութեան ստեղծումը։ Եւ Դուք իրաւացիօրէն հռչակեցիք՝ ոչ թէ կառավարել, այլ համախմբել Սփիւռքը. աւելացնենք՝ թերեւս մի փոքր էլ համակարգել Սփիւռքը։ Նկատի ունենք Սփիւռքի բոլոր միութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներից կազմուած մի դաշնային (ֆեդերալ) մարմնի ստեղծումը, որը կը ներկայացնէր ամբողջ Սփիւռքը, ինչպէս նաեւ համասփիւռքեան հայագէտ-լեզուագէտների մի խորհուրդի կազմաւորելը։
Թոյլ տուէք Ձեր բարձր ուշադրութեանը յանձնել հետեւեալ նկատառումները:
1. Ցանկալի չէ, որ Ձեր գործունէութեան մէջ տնտեսական որոշ գործառոյթների հետ կապուած աշխատանքների համակարգումը առաջնային համարուի, թէեւ չենք ժխտում ֆինանսա-տնտեսականի կարեւորութիւնը հայրենիքի հզօրացման գործում, որն անշուշտ Սփիւռքի գոյութեան յենարաններից մէկն է։ Սակայն այդ հարցը ըստ մեզ ածանցեալն է այն հիմնական խնդրի, որը Դուք իրաւամբ ձեւակերպում էք որպէս նպատակադրում, այն է՝ հայապահպանում եւ հոգեկան կամ հայ ոգու հայրենադարձութիւն։ Այս համատեքստում անհասկանալի է, օրինակ, համաշխարհային ներկա ճգնաժամի առթիվ Հայաստանի տնտեսական զարգացման եւ աղքատութեան կրճատման վերաբերեալ Ձեր քննարկումները բրիտանական «Օքսֆամ» կազմակերպութեան հետ, թէեւ խնդիրը ինքնին շատ կարեւոր է։ Մինչդեռ, Ձեր նախարարութեան գործունէութեան դիմագիծը (պրոֆիլը) Ձեր իսկ նշած հայապահպանումն ու հոգեկան հայրենադարձութիւնն է, որի առաջնայնութիւնը թոյլ տուէք փաստարկել յաջորդ կէտով՝ հետեւեալ կերպ:
2. Միշտ յիշենք, որ հայապահպանումը սկսւում եւ աւարտւում է լեզվապահպանումով: Սա մեր հաւատամքն է, եթէ չկայ լեզուն, ուրեմն չկայ հայը։ Դա չընդունելը եւ այլ բացատրութիւններով արդարացումները սուտ մխիթարանք են։
Մենք մոռանում ենք, որ մեր ժողովուրդի երկու հատուածների խզումը եւ խորթացումը սկսուեց լեզուական բաժանումով (աբեղեանական ուղղագրութեան հիմքի վրայ) եւ մերձեցումն ու միասնականացումն էլ պիտի լինի լեզուական հիմքի վրայ։ Այսինքն Հայաստան-Սփիւռք մերձեցում՝ միասնական դասական ուղղագրութեան վերականգնման հիմքի վրայ։ Այս հարցի իրաւացիութեան մասին Դուք ժամանակին յայտարարել էիք։ Ցաւօք, այս հիմնախնդրի վրայ առ այսօր «թաբու» է դրուած Հայաստանում եւ այնտեղ կազմակերպուող համահայկական կրթական խորհրդաժողովներում կամ գրողների համագումարներում:
Հետեւաբար, պետք է կազմակերպել համահայկական լեզուագիտական խորհրդաժողով՝ քննարկելու. Ա. ուղղագրութեան միասնականացման հարցերը՝ դասական հիմքի վրայ, Բ. Արեւմտահայերէնի միակերպ գրելաձեւի հարցը, Գ. Դասականից ժամանակի ընթացքում առաջացած շեղումների եւ ըստ կամս գրուող բառերի համար օրէնքների կանոնարկման խնդիրները, Դ. Միասնական բառեզրաբանական, տառադարձական եւ ուղղախօսութեան հարցեր, Ե. Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի մերձեցման խնդիրները։
Առաջարկում ենք. Սփիւռքի բոլոր դպրոցներում, որոնք այնքան էլ շատ չեն՝ ցաւօք, հայերէնը դասաւանդեն Հայաստանի Պետական եւ Մանկավարժական համալսարանների շրջանաւարտները, որոնք պէտք է իմանան դասական ուղղագրութիւնը եւ արեւմտահայերէնի հիմունքները: Այդ դէպքում հայաստանցի ուսուցիչներն էլ իրենց հերթին կը հմտանան արեւմտահայերէնի մեջ:
Վերոյիշեալ հարցերը լուծելու համար 2007–2015թթ. կրթական բարեփոխումների համալիր ծրագրում պէտք է մտցնել համապատասխան նախատեսումներ եւ քայլեր առնել՝ յաջորդ տարուանից դրանք սկսելու համար։
Եւ վերջին հարցը, որը մեզ համար էական է, վերաբերում է Ձեր մշակած նոր հայեցակարգին եւ որը, ըստ մամուլի հաղորդումների, դրուել է հասարակական քննարկման, այդ թւում նաեւ՝ Սփիւռքի կազմակերպութիւններին։ ԱՄՆ-ում գործող «Մեսրոպեան ուխտ» լեզուապահպանական միութիւնը, ցաւօք սրտի, չկարողացաւ հասու լինել նախարարութեան գործելակերպի հայեցակարգին, մինչդեռ քննարկման ներկայացուածը պէտք էր տպագրուէր սփիւռքի բոլոր թերթերում։ Իմանալով այդ հայեցակարգի անուանումը՝ «Հայաստանակենտրոն վերազգային բազմամշակոյթ հայութիւն», մեզ անհասկանալի է մնում «վերազգային հայութիւն» բառակապակցութիւնը։ Թէ որն է ազգից վեր հայութեան իմաստը, պարզ չէ։
Մեծարգոյ նախարար, Հայաստան-Սփիւռք մերձեցումները լեզուական հիմնահարցերում, կարելի է սկսել անմիջապէս, անկախ ուղղագրութեան վերականգնման հրամանագրումից։ Այդպիսի ծրագիր ունի ԱՄՆ-ի «Մեսրոպեան ուխտ» լեզուապահպանական միութիւնը, որի մասին տեղեկանքը Ձեզ է յանձնուած միութեան վարչութեան անդամ պարոն Երուանդ Ազատեանի միջոցով։
Մենք ակնկալում ենք նախարարութեանդ հաւանութիւն ու աջակցութիւնը՝ լեզուական հարցերում հայրենի պատասխանատուների հետ համագործակցելու մեր ցանկութիւններին:
Հաճեցէք ընդունել մեր անվերապահ աջակցութիւնը Ձեր ազգօգուտ գործունէութեանը եւ անկեղծ յարգանքը Ձեր անձի նկատմամբ։