Դատական քաշքշուկը դեռ շարունակվում է
67-ամյա Ռոբերտ եւ էստոնուհի Իռմա Ամիրյանները «տուն խլող մաֆիայից» տուժածներ են եւ արդեն 6 տարի անօգուտ պայքարում են իրենց իրավունքները վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ Երեւանի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում տուժած քաղաքացիների բողոքի հիմքով հարուցվել էր քրգործ, որով մեղադրվում էին Ռուզաննա Ադամյանը, նրա ամուսին Արամ Միրզաբեկյանը, Ավետիք Ամիրյանը եւ նրա կինը՝ Լիդա Արոնյանը: Նրանց գործունեության արդյունքում 18 ընտանիք կորցրել են իրենց բնակարանները կամ մեծ գումարներ: Սակայն մեկ տարվա քննությունից հետո մեղադրյալի կարգավիճակում մնաց միայն «բրոքեր» Ռուզաննա Ադամյանը, իսկ մյուսների նկատմամբ գործերը կարճվեցին:
Ռ. եւ Ի. Ամիրյանները «Առավոտի» հետ զրույցում հայտնեցին, որ իրենք արդարությունը վերականգնելու եւ բոլոր մեղավորներին՝ լինի քննիչ, դատախազ, թե դատավոր, դատարանի առաջ կանգնեցնելու համար պայքարի մեջ են մտել եւ որոշել են գնալ մինչեւ վերջ: 2004 թ. դեկտեմբերի 9-ին Հին Նորքի թիվ 115 տնից վտարման պահանջի բավարարման վճիռ էր կայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որին Ամիրյանները անվանում են «գաղտնի դատավարության դատավոր», քանի որ դատական նիստը տեղի է ունեցել առանց իրենց ծանուցելու: Իրենք միայն ԴԱՀԿ-ում են իմացել, որ գոյություն ունի իրենց՝ տնից վտարման մասին դատարանի վճիռ: Ամիրյանները նաեւ տեղեկացրին, որ վտարումը կատարել են առանց իրենց ներկայության, չնայած 07.03. 06թ. ԴԱՀԿ-ին տեղյակ էին պահել, որ դիմել են դատարան, եւ գործը ընթացքի մեջ է: «2006թ.-ի հունիսի 19-ին Մ. Մնացականյանը մերժեց մեր հայցն՝ առանց կողմերին լսելու»,- ասաց Ռ. Ամիրյանը:
Այս գործով վճիռներ են կայացրել առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, վերաքննիչ դատարանի դատավոր Նոյեմ Հովսեփյանը, որը, ինչպես ասաց Ռ. Ամիրյանը՝ «խայտառակ վճիռը կարդաց 4 ժամ ուշացումով, իսկ հանցագործների կողմից գումարն ինձ հասավ 2008թ. փետրվարին: Վճռի դեմ բողոքեցի արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, վարչապետին եւ ոստիկանություն»:
Ամիրյանները նորից գումար են ծախսել, փաստաբաններ վարձել եւ դիմել ՀՀ վճռաբեկ դատարան, որը բեկանել է վերաքննիչի վճիռը եւ գործն ուղարկել քաղաքացիական դատարան՝ նոր քննության: Սրանով առաջին շրջանը դատարաններում ավարտվել է, պայքարի մեջ մնացել են միայն Ամիրյանները՝ գումարային հարցով: «Եթե իրական գործը չկարճվեր քննիչ Խ. Խաչատրյանի կողմից, մենք այս վիճակին չէինք լինի: Քաղաքացիական դատարանում դատավոր Ռուբիկ Ներսիսյանը (ներկայումս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր- Ա. Հ.) հանցագործ Ռուզաննա Ադամյանին իրականում արդարացրեց՝ դատապարտելով 3 տարվա պայմանական ազատազրկման, այն դեպքում, երբ մեղադրողը պահանջում էր 5,5 տարվա կալանք: Դատարանը նաեւ վճռեց ինձնից՝ հօգուտ Ավետիք Ամիրյանի (արդեն հանգուցյալ-Ա. Հ.) իրավահաջորդի, բռնագանձել 2 655 000 ՀՀ դրամի տոկոսները, բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով այս տարվա փետրվարի 23-ի դրությամբ՝ մինչեւ վճռի կատարումը»,- զայրացած նշեց Ռ. Ամիրյանը, հավելելով, որ անպատիժ մնալով, հիմա էլ խարդախները Կենտրոնից տեղափոխվել են Նոր Նորք եւ ակտիվ գործունեություն են ծավալում այնտեղ:
Ռոբերտ եւ Իռմա Ամիրյանները հայտնեցին նաեւ, որ նույնաբովանդակ նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ խնդրել պատժել մեղավորներին, քանի որ հավատում են նրա եւ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումներին: