Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՈՒՍՏԻ ԳՈՐԾՈՎ

Ապրիլ 03,2009 00:00

\"\"«ԿԳԲ-ի մեկուսարանի» առասպելը հօդս ցնդեց

Երեկ Հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի աշխատողների դեմ, ծառայողական պարտականություններն անփութորեն կատարելու համար:

Հիմնարկի կալանավոր՝ սպանության փորձ կատարելու համար Հյուսիսային քրեական դատարանի 29.12.08թ. դատավճռով 12 տարվա ազատազրկման դատապարտված Արշակ Աղաբաբյանը (հայտնի է «Թուրք Արշակ» մականունով) նախորդ օրը փախել էր «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Հիշեցնենք, որ Արշակ Աղաբաբյանը հայ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի դեմ կազմակերպած մահափորձի գործով էր ազատազրկվել եւ նրա վերաքննիչ բողոքն էլ գտնվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում: «Առավոտի» տեղեկություններով, երեկվանից ոստիկանությունը հսկողություն է իրականացնում քաղաքագետի տանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Ա. Աղաբաբյանը փախուստի է դիմել՝ օգտվելով «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի աշխատակիցների անփութությունից՝ հիմնարկի տնտեսական պահեստի պատուհանի մետաղացանցը բացելու եւ պատուհանից դուրս գալու միջոցով: Կատարվում է նախաքննություն:

«Առավոտի» տեղեկություններով, մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ազգային անվտանգության տարածքի «Երեւան-Կենտրոն» մեկուսարանից 1937թ. այս կողմ՝ որեւէ մեկը չի կարողացել փախչել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել