Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղատները կործանում են

Ապրիլ 03,2009 00:00

Երեկ «Առավոտի» խմբագրություն էին այցելել խաղատներում խոշոր գումարներ տարված քաղաքացիների հարազատներ: Նրանք ՀՀ իշխանություններից, մասնավորապես՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից պահանջում էին կատարել նախընտրական խոստումներն ու որպես ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյա՝ միջոցներ ձեռնարկել: «Ձեր նախընտրական քարոզարշավում դուք ասում էիք, որ շեշտը պետք է դնել ազգաբնակչությանը հուզող հարցերի վրա, այդ թվում՝ խաղատները վերացնելու եւ բազմազավակ, անապահով ընտանիքների վրա։ Մի՞թե խաղատներում կործանված հազարավոր հայ պատանիների եւ երիտասարդների հարցը ազգային անվտանգության հարց չէ։ Որոշ ժամանակ առաջ Կիեւյան կամրջից իրեն ցած էր նետել մի զինվորական։ Հետաքրքրվեցի՞ք, արդյոք, ինչի համար։ Ասենք ձեզ, որ դա տեղի էր ունեցել կազինոյում խոշոր գումար տարվելուց հետո։ Խաղատան աշխատողներից շատերը, որոնք վախից չեն ասում իրենց ով լինելը, պատմում են սարսափազդու պատմություններ, թե քանի՜-քանիսն են ինքնասպան եղել կամ սպանվել պարտքատերերի պատճառով։ Եթե սա անվտանգության հարց չէ, ապա ո՞րն է: Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է հասուն տղամարդը, երիտասարդը իր ամբողջ հասակով մեկ արտասուք թափելով խնդրում, որ օգնեն իրեն ազատվել այս կործանող ցավից, եւ ինչպես են կինն ու մայրը անզորությունից ուզում ինքնասպան լինել: Հանրապետությունում գործող 14 խաղատնից բյուջե է մտել 25 մլն դրամ: Մեզ հանդիպած 2-3 երիտասարդներ խոստովանեցին, որ իրենցից յուրաքանչյուրն է 25-30 մլն թողել խաղատներում, վաճառելով իր ունեցվածքը եւ փողոցում թողնելով ծեր ծնողներին եւ մանկահասակ երեխաներին: Մենք պահանջում ենք եւ չենք լռելու, մինչեւ չիրագործեք խաղատները վերացնելու ձեր խոստումը։ Մեր ձայնը կհասցնենք համայն մարդկությանը, թե ովքեր են դրանց տերերը եւ ինչպես են կործանում ազգի ապագան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել