Այս տարի մի շարք գերատեսչություններ ստիպված կլինեն իրենց շռայլություններ թույլ չտալ ու պետական փողերը ճոխ-ճոխ չծախսել:
Համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար ՀՀ վարչապետը պետական հիմնարկներին հրահանգել է խնայողություններ անել եւ բոլոր ոչ հրատապ ծրագրերն ու ծախսերը ժամանակավոր կասեցնել: Թե ինչպես են նախարարությունները ենթարկվում վարչապետի՝ «զուսպ ծախսելու» կոչին, «Առավոտը» փորձեց պարզել որոշ նախարարություններից:
Օրինակ՝ առողջապահության նախարարությունը խնայողություններն այնպես է կազմակերպում, ինչպես կաներ սեփական ընտանեկան բյուջեի դեպքում: Նախարարության առողջապահության, էկոնոմիկայի եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Արմեն Կարապետյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ տնտեսումներն անում են հետեւյալ սկզբունքով. «Ապրիլի 1-ի թանկացումներից հետո՝ մեր տանն էլ ենք տնտեսումներ անում: Առաջ, երբ մեր տան բոլոր սենյակների լույսերը միացրած էին, հիմա էդպես չէ, որտեղ նստում ենք՝ այնտեղ էլ միացնում ենք, գազը՝ նույնպես: Եթե իրավիճակը պրոբլեմային է, ապա ծախսերը պետք է համապատասխան կարգավորվեն: Մենք էլ էդպես ենք անում, որ պետության համար հոգս չլինենք»: Արմեն Կարապետյանի խոսքերով՝ կասեցվել են հիմնականում, այսպես ասած, ճոխ երկրներին հարիր թանկարժեք ծրագրերը. «Շտապօգնության մեքենաներ ձեռք բերելու ծրագրի համար նախարարության բյուջեի մեծ մասը պիտի ծախսեինք: Ծրագրով պետք է 75 մեքենա ձեռք բերեինք, դա հետաձգել ենք: Կամ, ասենք, այս տարի 100 հաշմանդամի համար էնդոպրոթեզավորում պետք է արվեր, դա էլ է կասեցվել եւ տեղափոխվել 4-րդ եռամսյակ: Եթե չենք կարողանում ապահովել 2009 թվականին նախատեսած ծախսերը, ապա պետք է ապրենք գոնե 2008-ի մակարդակով»: Վարչության պետի ներկայացմամբ, ճիշտ է՝ աշխատավարձերի եւ աշխատակիցների կրճատում չի եղել, սակայն աշխատակիցների գործուղումներն են կրճատվել: Նախարարության լիցենզավորման բաժնի աշխատակիցները նախկինում խմբով էին մեկնում մարզեր՝ ստուգելու դեղատները, ապա այս տարի կմեկնի 2 աշխատակից եւ ոչ հաճախակի: Այս տարի առողջապահության նախարարության աշխատակիցները ստիպված կլինեն ծառայողական մեքենաներից էլ քիչ օգտվել ու երբեմն սեփական մեքենայով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկել, քանի որ վառելիքի ծախսերը ուղիղ 50%-ով կրճատվել են: Առողջապահության նախարարն ու տեղակալները պետական խնայողություններով օրինակ են ծառայում. նրանք ծառայողական մեքենաներից հրաժարվել են եւ աշխատանքի են գնում սեփական մեքենաներով:
Եթե երկրի վիճակը լավանա՝ բնապահպանության նախարարը այս տարեվերջին ծառայողական նոր մեքենա կունենա: Նախարարության ծախսերի վերաբաշխման արդյունքում Արամ Հարությունյանի համար E կարգի 12 միլիոն դրամանոց ավտոմեքենա ձեռք բերելը տեղափոխվել է 4-րդ եռամսյակ: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանի վստահեցմամբ, գործուղման եւ տրանսպորտային ծախսերը 50%-ով կրճատվել են. «Այս տարի տեսչական ստուգումներն էլ սահմանափակ կլինեն, քանի կան կազմակերպություններ, որոնք չեն աշխատում, հետեւաբար դրանք չեն ստուգվի: Գործուղման մեկնողներն էլ շատ չեն լինի, ինչպես նախկինում էր, կրճատվել է նաեւ գործուղման մեկնողների օրապահիկը»: Ա. Պեպանյանի խոսքերով՝ ծախսերի վերաբաշխման հետ կապված, Սեւանա լճի շրջակայքի ջրածածկվող անտառային տարածքների գույքագրման եւ քարտեզագրման ծառայությունների ծրագրով նախատեսված է 10 միլիոն դրամ. «1-ին եռամսյակում կապալառու կազմակերպություններն աշխատանք արել են, սակայն վերաբաշխումից հետո գումար չի տրվել նրանց, որոշվել է գումարը տալ 2-րդ կամ 3-րդ եռամսյակներում»:
Գյուղատնտեսության նախարարությունն էլ որոշել է նոր ծառայողական մեքենաներ ձեռք բերել հաջողության դեպքում, այս տարվա 4-րդ եռամսյակում: Նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, գյուղնախարարի եւ տեղակալների համար 1 հատ 9 մլն դրամանոց եւ 2 հատ 6 միլիոն դրամանոց մեքենաներ ձեռք բերելը կասեցվել է. «Եթե երկրի վիճակը լավ լինի, ապա 4-րդ եռամսյակում կարող է գնենք այդ մեքենաները: Տրանսպորտի պահպանման եւ շահագործման ծախսերն էլ ենք կրճատել»: Ճգնաժամի պատճառով, այս տարի Ավստրիայից Հայաստան տոհմական կովեր կբերեն նախատեսվածից մի քանի գլուխ պակաս: Ըստ պարոն Հովհաննիսյանի, կովեր ներմուծելու համար նախատեսված էր 500 մլն դրամ, սակայն դրանից կասեցվել է 167 մլն 870 հազար դրամ, այսինքն՝ 167 մլն 870 հազար դրամի կով կգնեն՝ էլի հաջողության դեպքում, 4-րդ կիսամյակում կամ հաջորդ տարի:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ նախատեսել էր այս տարի 53359.2 մլն դրամանոց 79 ծրագիր իրականացնել: Սակայն ճգնաժամի հետեւանքով, ժամանակավորապես, ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցվել է 16 ծրագիր՝ 225.6 մլն դրամ գումարով (նախատեսված ծավալի 0,46%-ը): Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առավոտին» վստահեցրին, որ ժամանակավորապես մասնակիորեն կասեցվել է 208.9 մլն դրամ՝ նախարարի եւ նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը, մարդասիրական օգնության կարգով ստացվող պարենամթերքի բաշխման ծառայությունները: Այս տարի նախարարությունը հաշմանդամների համար նախատեսվածից 120 հատ պակաս սայլակ կգնի, քանի որ «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը հենց այդքան սայլակ է նվիրել: Խնայողություններ կարվեն նաեւ մանկատների շրջանավարտներին տրամադրվող բնակարանների կահավորման գույքի հաշվին: Ըստ նախարարության, քանի որ նախորդ տարի գույք շատ են գնել, ուստի պահեստավորած ունեն: