Զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացման համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, որոնց անցկացման համար ակնկալվում է պետբյուջեից ստանալ 200 միլիոն դրամի ֆինանսավորում: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ կառավարության նիստի ժամանակ նշել է, որ 2009 թվականի համար նախատեսված ծրագիրն ուղղված է Հայաստանում զբոսաշրջության գրավչության մեծացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը: Նախարարը նշել է, որ զբոսաշրջության զարգացման ծրագիրը նախատեսում է ոչ միայն մասնակցություն ցուցաբերել միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին, այլ նաեւ թարմացնել եւ տարածել Հայաստանը ներկայացնող գովազդային նյութեր:
Երեկվա նիստում որոշվել է նաեւ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամին» տրամադրել 559 մլն դրամի չափով վարկ, առանց գրավի՝ 0,001% տոկոսադրույքով: Որոշման համաձայն, տնտեսվարող կազմակերպությունը վարկային միջոցները պետք է տրամադրի տարեկան 12% տոկոսադրույքով՝ անշարժ եւ շարժական գույքի գրավի դիմաց: