Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրելու իրավունք չունեն, բայց լավ շրջապատ ունեն

Ապրիլ 03,2009 00:00

\"\"Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկարներով ցուցապաստառները ձեռքներին, երեկ մայրաքաղաքի իրացման գոտու հարյուրից ավելի բնակիչներ հավաքվել էին կառավարության շենքի աջեւ: «Բոլորիս կողոպտեց, թալանեց, իսկ մեր իշխանությունները նրան պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ ավելի բարձր պաշտոն են առաջարկում»,- բողոքում էին ցուցարարները: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանն էլ «Առավոտին» փոխանցեց, որ, իրենց տեղեկություններով, նախկին քաղաքապետին ուզում են Ռուսաստանի Դաշնությունում դեսպան նշանակել, ինչն էլ ավելի է վրդովեցրել իրենց բնակարաններից զրկված բնակիչներին: Նշենք, որ երեկ ցույցին մասնակցում էին մայրաքաղաքի Ամիրյան, Աբովյան, Կողբացու, Տիգրան-Մեծի, Զավարյան եւ Նար-Դոսի փողոցների բնակիչները:

Ըստ Վ. Հակոբյանի, «հիմա իրենք օդում կախված վիճակում են, նորանշանակ քաղաքապետը թեեւ չի մերժել իրենց խնդիրներին լուծում տալ, սակայն դրական էլ չի արձագանքում»: Նրա խոսքերով. «Երեւի սպասում է, որ քաղաքապետի ընտրությունները լինի, գնանք իրեն ընտրենք»: Մեր այն դիտարկմանը, թե իրացման գոտու բնակիչներից շատերը հաշվառման վայր չունենալու պատճառով զրկված են ընտրելու իրավունքից, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Ընտրելու իրավունք չունենք, բայց լավ շրջապատ ունենք, որ կարող է նրան սատարել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել