Նկատի ունենալով, որ շատ բանկեր դադարեցրել են վարկավորումը, մասնավոր վարկային կազմակերպություններն աշխուժացել են:
Կապված արտարժույթի անկայուն փոխարժեքի եւ տնտեսական ճգնաժամի հետ, արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում գործող գրեթե բոլոր առեւտրային բանկերը խուսափում են վարկավորում իրականացնել: Եթե որոշ բանկեր բարձրացրել են տոկոսադրույքները կամ պարզապես սահմանափակել են տրամադրվող գումարի չափը, ապա որոշներն էլ ընդհանրապես դադարեցրել եւ ժամանակավորապես հետաձգել են դրանց տրամադրումը՝ այն համարելով խիստ ռիսկային: Եթե համաշխարհային ճգնաժամը բացասաբար անդրադարձավ բանկերի վրա, ապա նույնը չի կարելի ասել վարկային կազմակերպությունների մասին: Ավելին՝ օգտվելով առիթից, նրանք կարողացան բանկերի հաճախորդներին «իրենցով անել»: Թեեւ, որպես կանոն, վարկային կառույցները գումարը տրամադրում են անհամեմատ բարձր տոկոսադրույքով, սակայն վարկառուները, այլընտրանք չունենալով, համաձայնում են նաեւ այդ պայմաններին, ինչի հետեւանքով էլ տեղեկացանք, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այդ կազմակերպությունները բավականին մեծ թվով բնակարաններ, առանձնատներ, մեքենաներ ու ոսկյա իրեր են որպես գրավ «պահեստավորել»: Պարզվում է, որ որոշ վարկային կազմակերպությունների գործերն այնքան հաջող են ընթանում, որ նրանք հանգիստ խղճով ու առանց մտահոգվելու վարկ են տրամադրում անգամ առանց գրավի, սակայն բավականին բարձր տոկոսադրույքներով եւ չեն վախենում, որ կկանգնեն սնանկանալու խնդրի առջեւ: Եթե նախկինում նման ընկերությունները վարկը տրամադրում էին միջինը 18-20%-ով, ապա այսօր արդեն տարեկան տոկոսադրույքը հասել է 24%-ի:
«Առավոտը» զրուցեց մի քանի վարկային կազմակերպությունների հետ, որոնցից ոմանք հավաստիացրին, որ իրենց «գործերը բավականին լավացել են»:
«Վաշինգթոն կապիտալ» վարկային կազմակերպության տնօրեն Արմեն Խաչյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ վարկատուների համար հիմա ձեռնտու պայմաններ են ստեղծվել, քանի որ նախորդ եռամսյակում տրամադրվող վարկի տոկոսադրույքները այնքան բարձր չեն եղել, ինչպիսին նախատեսվում է, որ կլինի ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին: Նրա ներկայացմամբ, մարտ ամսից սկսած, իրենց կազմակերպությունում վարկառուների ակտիվություն է նկատվել: Քանի որ «Վաշինգթոն կապիտալ» ընկերությունը ֆինանսավորվում է գերմանական «KFW» բանկի կողմից, մենք Ա. Խաչյանից հետաքրքրվեցինք, թե ճգնաժամի հետեւանքով չի՞ պակասել, արդյոք, ֆինանսավորումը: Պարոն Խաչյանի հավաստմամբ, դեռեւս չի եղել այնպիսի իրավիճակ, որ պահանջվող վարկի գումարը ապահովելու համար իրենց միջոցները չբավականացնեն:
«Նորվիկ կրեդիտ» վարկային ընկերությունից էլ «Առավոտին» փոխանցեցին, որ թեեւ իրենց մոտ վարկերի տրամադրման պայմանները չեն փոփոխվել, սակայն վարկառուները նախորդ տարվա համեմատ այնքան էլ չեն ավելացել, գուցե մի փոքր նույնիսկ պակասել են: Իսկ մեր այն հարցին, թե չկա մտավախություն, որ ճգնաժամի պայմաններում մարդիկ ի վիճակի չեն լինի վարկերը վերադարձնել, «Նորվիկ կրեդիտ» ընկերության աշխատակիցն ասաց. «Բնականաբար, նախկինի համեմատ ռիսկերն ավելի են մեծացել: Սակայն մենք շարունակում ենք գործել»:
«Առավոտը» փորձեց զրուցել նաեւ մի քանի այլ վարկային կազմակերպությունների հետ, սակայն, ի պատասխան մեր հարցերին, նրանք ասում էին, որ դրանք «կոմերցիոն գաղտնիքներ են պարունակում»: Օրինակ, «Ֆինքա» վարկային ընկերությունը վարկառուների ավելացման կամ տոկոսադրույքների փոփոխման վերաբերյալ հրաժարվեց ընդհանրապես որեւէ տեղեկատվություն տրամադրել:
Վերջերս շուկայում բավականին ակտիվացել է նաեւ «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպությունը, որը շաբաթներ շարունակ տարբեր գովազդների միջոցով հայտարարում է, որ իբր իրենք առանց գրավի վարկ են տրամադրում:
«Առավոտը» փորձեց ընկերության տնօրենից պարզել, թե այն պարագայում, երբ շատ առեւտրային բանկեր հրաժարվում են անգամ գրավի դիմաց վարկ տրամադրել, ռիսկային չէ՞, արդյոք, առանց գրավի գործարք կատարելը: Սակայն ընկերության վարկային բաժնի աշխատակցուհին, որը չցանկացավ ներկայանալ, հարկ չհամարեց հարցերը փոխանցել տնօրենին, այլ որոշեց, որ ինքն անձամբ պետք է դրանց պատասխանի, ասաց, որ «իրենց մոտ ամեն ինչ հրաշալի է», իսկ ճգնաժամ ասվածն էլ ընկերության վրա ոչ դրական եւ ոչ էլ բացասական առումով չի ազդել. «Մեր աշխատանքի տեմպերը նույնն են մնացել»:
Ինչ վերաբերում է առանց գրավի վարկերի տրամադրման ռիսկայնությանը, ապա մեզ տեղեկացրին, որ նախ իրենք «անվերապահորեն հավատում ու վստահում են մեր ժողովրդի ազնվությանը, եւ բացի այդ, առանց գրավի վարկը տրամադրվում է միայն բարձր աշխատավարձ ստացող 3 անձանց երաշխավորության դեպքում»: