Ու նոր քրգործի սկիզբ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել մարտի 1-ին տեղի ունեցած «Յոթի» գործով դատական վերջին եւ Կոնգրեսի ձեւակերպմամբ՝ անփառունակ նիստում տեղի ունեցած շրջադարձին: «Ի սկզբանե 7 քաղբանտարկյալների գործերը համատեղվել էին մի ընդհանուր «մայր գործի» մեջ, որպեսզի դրանով հիմնավորվեր նախագահական ընտրություններից հետո՝ դեռ փետրվարի 24-ին, ընդդիմության դեմ «իշխանության յուրացման փաստի» առիթով գաղտնի հարուցված քրեական գործը, մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, որպեսզի նրանց վրա բարդվեր նույն օրը երեկոյան վարչախմբի իրականացրած արյունոտ սպանդի պատասխանատվությունը։ Դրանով պետք է բացատրվեին ու արդարացվեին նաեւ Ռ. Քոչարյանի կողմից մտցված ապօրինի արտակարգ դրությունը, հազարավոր մարդկանց նկատմամբ ամիսներ շարունակ իրականացված քաղաքական հետապնդումներն ու ահաբեկչությունը, բազմաթիվ գործիչների բանտարգելությունը»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։ Կոնգրեսը համարում է, որ մարտի 1-ին դատարանի որոշմամբ՝ «Յոթի» միասնական գործի տարանջատումով, իշխանության յուրացման ծանրագույն ու հիմնական մեղադրանքի (ՔՕ 300 հոդված) բացառումով, «իր անհեթեթության մեջ դարակազմիկ» կեղծիքի բուրգը փլուզվեց՝ կործանելով նաեւ «Մարտի 1»-ի մասին վարչախմբի պաշտոնական վարկածը, իսկ իշխանությունները դրանով խոստովանեցին, որ ընդդիմությունը չի պլանավորել ու չի փորձել որեւէ հեղաշրջում կամ սահմանադրական կարգի տապալում իրականացնել։ «Դրանով ապացուցվեց, որ ընդդիմությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում սպանությունների համար, եւ որ պետք է գտնել դրա իրական մեղավորներին։ Դրանով բացահայտեցին, որ, մեղմ ասած, համարժեք չեն եղել իր՝ վարչախմբի գործողությունները ընդդիմության նկատմամբ ո՛չ մարտի 1-ին, ո՛չ դրանից առաջ, ո՛չ դրանից հետո»,- հայտարարել է ՀԱԿ-ը՝ դատարանի որոշումը որակելով որպես վարչախմբի կողմից արված խոստովանություն առ այն, որ «իր կամակատարներն ամբողջ 1 տարի շինծու գործեր են թխել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ու միաժամանակ պարտակել վարչախմբի պարագլուխներից սկսած մինչեւ նրանց հրահանգները կատարած անձանց հանցագործությունները»։
Ընդդիմության համոզմամբ, «Յոթի գործ» կոչվող խայտառակությունը մարդկային ստորության, ճղճիմ ու անզոր վրեժխնդրության արտահայտություն էր, որ կարող էր դառնալ «ազգային ամոթը», բայց տապալվեց քաղբանտարկյալների կամքի, նրանց՝ շուրջ մեկ տարվա համառ, անզիջում, գրագետ ու համբերատար, նաեւ համաժողովրդական պայքարի շնորհիվ։
Ինչ վերաբերում է «մայր գործի» «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մասով մասնատված մեղադրանքին, ապա ՀԱԿ-ը վստահ է, որ նույնպիսի անփառունակ ճակատագիր է սպասվում նաեւ այդ գործերին, թեեւ «առայժմ դրանով իշխանությունը վերջին հնարքներին է դիմում՝ քաղբանտարկյալներին օր ու ժամ ավել անազատության մեջ պահելու համար, մինչդեռ մեղադրանքի պաշտոնական վարկածը հիմնահատակ փլուզվել է»։ Կոնգրեսը նաեւ մանրամասնել է, թե ինչու է դա պետք իշխանություններին. «Վարչախումբը դա անում է մի նպատակով՝ որ պարտությունը չնմանվի կապիտուլյացիայի ու իր ճամբարում խուճապ չառաջացնի, այլ գեթ կազմակերպված նահանջի տպավորություն թողնի։ Դա անում է, որպեսզի թույլ չտա Շարժման նոր հզորացում»։