Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԻՂ ԽՈՍՔ

Ապրիլ 03,2009 00:00

\"\"«7»-ի գործի տարանջատումը եւ առաջադրված մեղադրանքների փոփոխությունը մեկնաբանում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Գ. Սահակյան. «Չեմ տեսնում քաղաքական վճիռներ»

– «7»-ի գործով մեղադրանքների վերաորակումը համապատասխանո՞ւմ է այն ակնկալիքներին, որ այս կապակցությամբ ուներ ՀՀԿ-ն: Ասենք, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մարտի 30-ին հույս էր հայտնում, թե գուցե մեղադրողները հրաժարվեն մեղադրանքներից կամ կբավարարվեն այն ժամկետով, որն այդ մարդիկ արդեն իսկ անցկացրել են բանտում:

– Չմոտենանք խնդրին՝ մտնելով իրավական դաշտ, որովհետեւ գործի քննությունը դատարանն է կատարում: Ոչ էլ միջամտությունների անհրաժեշտություն կա: Իրավամբ փոփոխություններն իրենց ազդեցությունն ունեցան, եւ փաստորեն, «7»-ի գործ՝ որպես այդպիսին, խմբակային գործ, արդեն այսօր չկա: Կարծում եմ, որ մեղմացման տարբերակով է գնում պրոցեսը:

– Կարծո՞ւմ եք արդյոք, որ սա ԵԽԽՎ բանաձեւերի տրամաբանության մեջ է, որը ենթադրում է, թե պիտի ազատ արձակվեին քաղաքական դրդապատճառներով մեղադրվողները:

– Չէի ասի՝ քաղաքական դրդապատճառներով մեղադրվողներ…

– Ես ուղղակի մեջբերեցի ԵԽԽՎ բանաձեւերում օգտագործված բնորոշումը:

– Եվ ուղիղ ձեւով չէի էլ կապի Եվրոպայի խորհրդի հետ: Իհարկե, ազդեցություններ կարող է ունենալ: Փաստորեն աննախադեպ իրողություն է իրավական պատմության մեջ՝ ե՛ւ դատական պրոցեսներ են գնում, ե՛ւ օրենսդրություն է փոփոխվում: Սա, կարծում եմ, Ազգային ժողովի կոալիցիոն, մասնավորապես, ՀՀԿ խմբակցության եւ ԱԺ նախագահի նախաձեռնությունն է: Այսինքն՝ օգնել մարդկանց չի նշանակում աղմկել: Մենք գնացինք այլ ճանապարհով, եւ համոզված եմ, որ իրողությունն այսօր այնպիսին է, որ հույս ունենանք՝ դատարանն այս անգամ հավատ ներշնչող վճիռներ կկայացնի:

– Դատարանն արդեն կայացրել է որոշումը: Եվ դրանից դատելով՝ կարծո՞ւմ եք արդյոք, թե ձեր օգնությունն արդյունավետ էր՝ այն իմաստով, որ այդ մարդիկ շարունակելու են մնալ բանտում:

– Կարծում եմ, տարբեր դատարաններում հարցը քննության կենթարկվի: Այսինքն՝ չեմ տեսնում քաղաքական լուծումներ, այլ տեսնում եմ իրավական լուծումներ: Իսկ այդ լուծումը դատարանի վճիռներն են:

– ԱԺ-ն հետաձգեց կալանավորված պատգամավորների դիմումի քննարկումը՝ սպասելով, թե մեղադրանքներն ինչպես կվերաորակի դատարանը: Կայացված որոշումից հետո անդրադառնալո՞ւ եք այդ դիմումին:

– Չեմ կարծում՝ որեւէ բան հետաձգվել է, եւ զերծ եմ մնում քաղաքական պոպուլիզմից: Սահմանադրությունը եւ գործող օրենքները որեւէ լիազորություն չեն տալիս ԱԺ-ին, որ վերանայի այդ դիմումի պահանջներն ընդհանուր առմամբ կամ չեղյալ համարի իր նախկին որոշումը: Արդարացման կամ անձեռնմխելիության վերականգնման սխեման հետեւյալն է՝ եթե դատարանը նրանց անմեղ կճանաչի, բնականաբար, ԱԺ կգան նաեւ պատգամավորները: Այնպես որ, այստեղ խնդիր չեմ տեսնում: Իսկ քննարկումներ այդ ուղղությամբ, կարծում եմ, շատ ծիծաղելի է, նորից հոգսեր պատճառելը կալանավորներին, որովհետեւ Սահմանադրությանը հակասում է:

– Բայց ինչպե՞ս եք նրանց հոգս պատճառում, եթե իրենք՝ կալանավորված պատգամավորներն են ԱԺ-ին խնդրել անդրադառնալ այս հարցին:

– ԱԺ-ն չի կարող դատարանի փոխարեն վճիռներ կայացնել: Իսկ խնդրանքը հետեւյալն էր, որ վերանայենք ԱԺ նախկին որոշումները: Դա հակասում է Սահմանադրությանը:

Ա. Ռուստամյան. «Մեղադրանքը պիտի հստակ հիմնավորված լինի»

– Դատարանի կայացրած որոշումը, Ձեր կարծիքով, որքանո՞վ է բխում ԵԽԽՎ բանաձեւերի պահանջից՝ թե պիտի ազատ արձակվեն մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված այն անձինք, ովքեր չեն կատարել որեւէ բռնություն կամ «դիտավորությամբ կարգադրել, օգնել կամ դրդել նման գործողությունների կատարմանը»:

– ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը դրական համարեց «Քրեական օրենսգրքի» փոփոխությունը: Եվ արդեն իսկ կատարվածը ցույց է տալիս, որ դա ուղղակի ազդեցություն ունեցավ «7»-ի գործով դատավարության վրա, այսինքն՝ հստակություն է մտցվել, որի պատճառով ՔՕ 300 հոդվածը հանցակազմի բացակայության պատճառով չի դիտվում որպես մեղադրանքի հիմք: Նաեւ ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասը չի դիտվում որպես մեղադրանքի հիմք: Սրանք արդեն հստակ արտահայտված հետեւանքներ են, եւ 1643 բանաձեւի տրամաբանությունը նաեւ դա էր, որ թույլ չտրվի որեւէ տարընթերցում օրենսդրական առումով: Որ այդպիսի տարընթերցում կար նախկին օրենքով՝ դա նույնպես մատնանշել էր թե՛ Համմարբերգը, թե՛ ԵԽԽՎ համազեկուցողները: Այսինքն՝ եթե մենք շարժվում ենք այն ճանապարհով, որ պիտի խնդիրը լուծվի իրավական դաշտում եւ ոչ թե քաղաքական միջամտությամբ, կամ ընթացքն արագացվի քաղաքական որոշումների միջոցով՝ ինչպիսին, օրինակ, համաներումն է, ուրեմն դա ենթադրում էր այսպիսի ընթացք: Եվ մեր որդեգրած ընթացքը 1643 բանաձեւով ընդունվել էր որպես բավարար: Նույնը կատարվեց նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի վերջին քննարկման ժամանակ. ընդունվեց, որ այդ փոփոխություններն իսկապես բավարար են ու բավարար հիմք են ստեղծում, որ մեղադրանքները վերանայվեն: Հիմա նո՜ր-նո՜ր սկսել է դրանց կիրառումը՝ փոխել են այն, ինչ պիտի փոխվեր այս պահին:

Խնդիրն այլ է՝ այն արարքները, որոնք նկատել է դատախազությունն անձանց կատարածի մեջ՝ կապ չունեն հոդվածների՝ մեր փոփոխությունների հետ: Կա այդ արարքների որակման խնդիր, որն արդեն պիտի որակվի ըստ հոդվածների նոր փոխված դիսպոզիցիաների: Իսկ այդ փոխված հոդվածները շատ ավելի մեծ հստակություն են պահանջում՝ նաեւ արարքները որակելու առումով:

– Այնուամենայնիվ՝ ԵԽԽՎ բանաձեւերի տրամաբանությունն առավել այն էր, թե պետք է ազատ արձակվեն քաղաքական շարժառիթներով կալանավորվածները: Եվ այս խնդիրը չի լուծվել:

– Այն ժամանակ այդ գնահատումը կատարվել էր՝ նկատի առնելով ՔՕ 300 եւ 225 հոդվածների թերությունները, իրավական անճշտությունները, որոնք, այո՛, թույլ էին տալիս լայն մեկնաբանությամբ կիրառել դրանք այս կամ այն անձի նկատմամբ: Եվ 1643 բանաձեւը հիմնականում դա է ասում, թե՝ այո՛, այդ հոդվածների կիրառման առումով առաջանում են կասկածներ, որ դրանք կարող են ունենալ քաղաքական դրդապատճառներ: Հիմա մենք այդ հոդվածների անհստակությունը վերացնելով՝ այդ կասկածները պետք է փարատվեն լիարժեքորեն: Այս հարցն է, որ լուծվել է: Հիմա արարքները, որոնք գնահատվել են քննչական մարմինների կողմից՝ եթե շարունակվելու են պահպանվել, այնուամենայնիվ, պիտի համապատասխանեցվեն քրեական հանցագործության այն տեսակների որակավորումներին, որոնք արդեն պարունակում է նոր փոխված օրենքը: Այստեղ շատ ավելի ճշգրտություն է պահանջվելու, որ ամեն մեկի մեղադրանքը որոշակի լինի, հասցեավորված եւ հստակ հիմնավորված՝ արդեն այս նոր պահանջներին համապատասխան: Ես մեղադրական նոր եզրակացությունները չեմ տեսել եւ չգիտեմ՝ այդպե՞ս է: Կարող է դատախազությունը շարունակել է պահպանել նույն տրամաբանությունը՝ փորձելով տեղափոխել իրավական այսօրվա դաշտի վրա, սակայն դատարանը պիտի գնահատի, թե որքանով են դրանք համապատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել