Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 03,2009 00:00

Ըստ Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտն ապրիլի 2-ին ողջունել են Հայաստանի Քրեական օրենսգրքում 300 եւ 225 հոդվածների փոփոխությունները. «Մենք նշում ենք, որ օրենքի փոփոխություններն արվել են համաձայնեցված ժամկետում՝ Ազգային ժողովի նախագահի կողմից ստեղծված հատուկ աշխատանքային խմբի առաջարկների հիման վրա, եւ լիովին համապատասխանում են այն ամենին, ինչ մեզ ներկայացվեց այս տարվա հունվարին: Սա հստակ ազդանշան է խորհրդարանի կողմից, որ ցանկանում է խուսափել այս հոդվածների քաղաքական դրդապատճառներով որեւէ կիրառումից: Մեզ համար հստակ է, որ սա պետք է զգալի ազդեցություն ունենա 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված ազատությունից զրկված մարդկանց դատավարությունների վրա»,- ասել են համազեկուցողները: Նկատենք, որ թեեւ պրն Պրեսկոտն ու Կոլոմբիեն իրենց հայտարարությունն արել են արդեն այն բանից հետո, երբ պարզ է եղել, թե ինչպես են այս փոփոխությունները կիրառվել «7»-ի գործով՝ տարածված հաղորդագրության մեջ որեւէ անդրադարձ չկա, թե արդյոք իրո՞ք ազդեցությունը զգալի էր:

Փոխարենը նշված է, թե համազեկուցողներն ընդգծել են, որ հաշվի են առնելու այս բարեփոխումների կիրառումը. «Մենք հույս ունենք, որ իշխանությունները եւ հատկապես՝ գլխավոր դատախազը այժմ կհետեւեն ԱԺ-ից ստացված հստակ ազդանշանին: Մենք կրկնում ենք, թե Վեհաժողովը պահանջել է, որ ազատ արձակվեն մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ կալանավորված բոլոր այն անձինք, ովքեր անձամբ չեն կատարել ծանր հանցագործություններ: Այս փոփոխությունները Հայաստանին առաջարկում են արդյունավետ մեխանիզմ՝ այդ պահանջը բավարարելու համար: Սակայն մենք ուզում ենք ընդգծել, որ կան նաեւ մարդիկ, ովքեր ազատազրկվել են այլ՝ ոչ ՔՕ 225 եւ 300 հոդվածներով: Ուստի մենք այնուհետ էլ կշարունակենք երկխոսությունը ՀՀ իշխանությունների եւ ԱԺ-ի հետ՝ նրանց ազատ արձակումն ապահովելու համար»: Նշված է, թե ապրիլյան նստաշրջանի ընթացքում կայանալիք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում համազեկուցողները կզեկուցեն Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերը կատարելու առաջընթացի մասին՝ «հատկապես մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված անազատության մեջ գտնվող մարդկանց հետ կապված»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել