Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղաբաշխական մասշտաբի կեղծիքներ

Ապրիլ 03,2009 00:00

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կանխատեսմամբ՝ հենց այս չափի ընտրակեղծիք պիտի անի իշխանությունը ընդդեմ ՀԱԿ-ի:

Հայ ազգային կոնգրեսն այս օրերին զբաղված է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախապատրաստության կազմակերպչական աշխատանքներով, ինչը Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով, նշանակում է ուժեղացնել ՀԱԿ-ի՝ Երեւանի համայնքներում գործող կառույցները, որոնք առաջիկայում իրականացնելու են ընտրությունների անցկացման հետ կապված սպեցիֆիկ խնդիրները: «Մենք սկսել ենք մշակել ընտրարշավի մեր ծրագիրը, որը ներառում է նաեւ քարոզարշավի ծավալման, մեր վստահված անձանց ընտրության, նաեւ դիտորդների եւ միջազգային առաքելությունների հետ աշխատանքի կազմակերպումը եւ այլն»,- ասաց Լ. Զուրաբյանը: Երեկ հայտնի դարձավ, որ բացի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսից (ԵԽ ՏՏԻԿ), ՀՀ պատկան մարմինները դիմել եւ հրավիրել են նաեւ ԵԱՀԿ անդամ-պետությունների դեսպաններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին ու ԼՂՀ ԿԸՀ նախագահին՝ ընտրությունները դիտարկելու համար:

Երեկ հայտնի դարձավ, որ ընտրություններին հետեւելու են նաեւ միջազգային դիտորդներ: Բայց արդյոք հրավիրյալների թիվը բավարա՞ր է այսչափ կարեւորվող ընտրությունները օբյեկտիվորեն դիտարկելու համար: Հիշեցնենք, որ, օրինակ, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն իրականացրել էր նաեւ 2008թ. սեպտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բայց ընդամենը մոտ 20 դիտորդով: «Եթե իշխանությունները վստահ լինեին իրենց ուժերի վրա, նրանք ե՛ւ ԵԱՀԿ-ին, ե՛ւ ԵԽ-ին ու այլ միջազգային կառույցների կդիմեին՝ ավելի մեծ թվով դիտորդներ հրավիրելու համար, որպեսզի ցույց տային, թե Հայաստանում անցկացվում են արդար, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ընտրություններ, որ Հայաստանում առաջընթացն ակնհայտ է: Եթե դիմեին, կարծում եմ, այդպիսի համաձայնություն կստացվեր՝ նկատի ունենալով այն կարեւորությունը, որ միջազգային հանրությունը տալիս է առաջիկա ընտրություններին, ու այն, որ սրան նախորդած՝ 2008թ. ընտրությունները աղմկահարույց էին: Բայց քանի որ արդեն ակնհայտ է, որ իշխանությունները բացարձակ ոչնչի առաջ չեն կանգնի նաեւ այս ընտրություններում, ուստի՝ նրանք ամեն ինչ կանեն, որ հնարավորինս քիչ թվով դիտորդներ հետեւեն այդ ընտրություններին: Դա մեզ ամենեւին չի վախեցնում: Այն ժողովրդականությունը, որը ՀԱԿ-ը վայելում է Հայաստանում եւ մասնավորապես՝ Երեւանում, որտեղ մեր աջակիցները մեծ թիվ են կազմում, իշխանություններին ստիպելու է իրենց համար ցանկալի արդյունք ապահովելու նպատակով ավելի շատ ընտրող բերել տեղամասեր, քան այս պահին կան Երեւանի ընտրացուցակներում: Որպեսզի հնարավոր լինի կասեցնել մեր հաղթանակը իշխանությունների կողմից, հնարավոր կեղծիքները պետք է աստղաբաշխական մասշտաբի հասնեն, իսկ դա կլինի բոլորի համար ակնհայտ»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը՝ միաժամանակ շեշտելով, որ ընտրակեղծիքների բացառման կամ նվազեցման հիմնական ճանապարհը ընտրություններին ակտիվ մասնակցությունն է:

Վերջին մեկ-երկու օրերին նաեւ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի ներկայացուցիչները բարձրաձայնեցին առաջիկա ընտրությունների ժամանակ վարչական լծակները հօգուտ մեկ թեկնածուի գործադրելու իրենց մտահոգության եւ ցուցակագրումների մասին ստացվող ահազանգերի առնչությամբ: Հնարավո՞ր է, որ արդար ընտրություններ անցկացնելու, ընտրակեղծիքներ թույլ չտալու համատեքստում համագործակցություն լինի Կոնգրեսի եւ իշխանական այլ կուսակցությունների միջեւ: «Ես դեռեւս այդ եւ իշխանական որեւէ այլ ուժի կողմից լուրջ ազդակներ չեմ տեսնում: Իսկ ձեր մատնանշած հայտարարություններն էլ արդյունք են այն բանի, որ նրանք չեն կարող չնկատելու տալ այդ փաստը, որովհետեւ չնկատելը հարվածելու է հենց այդ կուսակցությունների վարկանիշներին եւ իմիջին: Իհարկե, դա չի բացառում, որ ստեղծված իրավիճակում, երբ ընդդիմությունը Հայաստանում իշխանությունների նկատմամբ ջախջախիչ առավելություն ունի, անգամ կոալիցիայի ուժերի մեջ գտնվեն իրատեսական մարդիկ, ովքեր չեն ցանկանա վերջնականապես խզել իրենց կապը ժողովրդի հետ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Լ. Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել