Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՂԲԱՀԱՆՈ՞Ղ ԵՆ»

Ապրիլ 03,2009 00:00

Ի հեճուկս առաջիկա ընտրությունները չքաղաքականացնողների՝ հարցնում է ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը

– Սպասվող մայրաքաղաքային ընտրությունները ձեզ համար քաղաքակա՞ն նշանակություն ունեն:

– 1990 թվականին իր բնական մահով փոփոխվող ֆորմացիայից ավելի փափուկ անցում կատարվեց Հայաստանում, քան դրան հետեւած մնացյալ ընտրությունների ժամանակ: Ամենավերջին գյուղի ընտրություններն էլ քաղաքական երանգ են ստանում, եթե թեկնածուն իշխանության «դաբրոյով» է գնում, եւ վերջում էլ նա անպայման հաղթում է: Դե, գնա ու ասա, որ ամենափոքր եւ հեռավոր համայնքի ընտրությունները քաղաքական չեն: Նաեւ՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին օրենքը ստիպում է, որ դրանք լինեն քաղաքական: Այլապես՝ ի՞նչ, քաղաքական կուսակցությունները մասնակցում են աղբահանության մրցույթի՞: Այդ դեպքում թող մրցույթ հայտարարեին եւ Երեւանը հանձնեին, ասենք, Էռնեկյանին՝ միջազգային կառավարման, հաստատ աղբահանությունը շատ ավելի լավ կկազմակերպվեր, քան «սեւի» կամ «սպիտակի» կողմից: Այդ իմաստով՝ սպասվելիք ընտրությունները քաղաքական են՝ քաղաքական պայքարի ողջ տրամաբանությամբ: Այլ հարց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղակի բաց քաղաքական տեքստ հաղորդեց դրանց, ինչը միանգամայն սպասելի էր, եւ այլ բան ակնկալելն էլ առնվազն պարզամտություն կլիներ: Այդ ընտրություններն անցնելու են սուր պայքարով եւ ունենալու են այնպիսի ավարտ, ինչպիսին եղել է մինչ օրս կայացած բոլոր ընտրություններում:

– Այսինքն՝ հաղթելու է ՀՀԿ-ի՞ թեկնածուն:

– ՀՀԿ-ի թեկնածուն, ինքնին, որեւէ քաղաքական մրցակցության չէր դիմանա, եւ ՀՀԿ-ի թեկնածուն կամ ՀՀԿ-ն չէ, որ անցնելու են որեւէ տեղ, այլ՝ իշխանության ավտորիտար ռեժիմ մարմնավորող հաղթանակն է լինելու ժողովրդի նկատմամբ: Ես նկատի չունեմ, որ Տեր-Պետրոսյանն արտահայտում է ողջ ժողովրդի կամքը, ավելին, իմ բազմաթիվ նկատառումները բազմիցս արտահայտել եմ, բայց խնդիրը դա չէ: Երբեք որեւէ ՀՀՇ կամ ՀՀԿ չէր հաղթի, եթե նրա թիկունքում չլինեին պետական ավտորիտար ռեժիմով ամրապնդված եւ դրսից ակնհայտ աջակցություն ունեցող ոչ ազգային իշխանությունները: Հայաստանում 15 տարուց ավելի չկա ազգային, ժողովրդական, հայոց պետությունը մարմնավորող իշխանություն: Իսկ հնարավո՞ր է դրան հաղթել ընտրություններով: Ես գիտեմ, որ՝ ոչ:

– Ըստ ձեզ՝ ստացվում է, որ ՀԱԿ-ը մտավ այս պայքարի մեջ՝ մեկ անգամ եւս ապացուցելու, որ Հայաստանում սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ՞ արդարության հասնել:

– ԱՄՆ-ում նախագահի ցանկացած թեկնածու ամենահետին քաղաքացու ձայնը աղաչանքով փորձում է ձեռք բերել, իսկ մեզ մոտ քանի որ չկա ժողովրդավարական երկիր կառուցելու հոգեբանությունը, քեզ փորձում են թելադրել: Հիմա՝ ՀԱԿ-ը պայքարում է ինչի՞ համար՝ վիշապի տեղը գրավելո՞ւ, թե՞ վիշապի համակարգը փոխելու: Եթե վերջինիս համար է, ուրեմն առաջին բանը, որ թեկնածուն պետք է ասի՝ ես գամ իշխանության, պետք է Սահմանադրությունը փոխեմ, որով ամրագրվում է այս ավտորիտար ռեժիմը: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Սահմանադրությունը խաղալիք չէ, որ ամեն օր փոխենք: Շատերն ասում են, որ ինքը հայտարարում է ավազակապետությունը քանդեմ, դա նշանակում է հենց Սահմանադրությունը փոխել: Բայց այդ մեկնաբանությունները ոչինչ են, քանի որ ինձ համար նախագահի խոսքն է հիմք: Ստացվում է, որ նա պայքարում է վիշապի տեղը գրավելու համար, իսկ դրանից ես ոչ մի լավ բան չեմ սպասել ու չեմ սպասում:

– Իսկ ո՞ւմ եք տալու ձեր ձայնը:

– Ես ընտրություններին չեմ մասնակցելու: 1995 թվականից հետո ինձ միայն մեկ անգամ են համոզել մասնակցել ընտրությունների, անցած նախագահականին, ասելով, որ իմ մեկ ձայնից շատ բան է կախված: Եվ հերթական՝ որերորդ անգամ ապացուցվեց, որ ոչ միայն իմ, այլեւ ընդհանրապես բոլորի ձայնից ոչինչ կախված չէ: 5 հազար դրամով եւ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմամբ իշխանությունը երբեք բացարձակ մեծամասնություն չի հավաքի. եթե հավաքեին՝ կեղծիքներ, ծեծուջարդ, սպանություններ չէին անի: Ուրեմն, մեր ժողովրդի 51 տոկոսից ավելին պետականակերտ, պետականամետ է եւ 1995 թվականից միշտ դեմ է գնացել վիշապի համակարգին: Ով որ դա չի հասկացել՝ դատապարտված է հերթական անգամ հերթական կուռքով մասնակցել ընտրությունների եւ արձանագրել հերթական պարտությունը:

– Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում անել:

– Առաջարկում եմ՝ ամեն մարդ ինքն ընտրի իր ճանապարհը, բայց հետո վերլուծի, թե ինչո՞ւ չիրականացան ձայներին տեր կանգնելու խոստումները: Եթե որեւէ մեկը ժողովրդին առաջնորդի՝ իջեցնելու նախագահի պաշտոնի արժեքը աշխարհում ընդունված նոմինալ արժեքին, հավատացեք, որ հակառակ կողմում 100- 200 մարդ կմնա: Քանի դեռ լիդերները չեն գիտակցել, որ անհրաժեշտ է խնդիրը փոխել, այդ պայքարն անիմաստ է. դա ցույց է տվել 1995 թվականից մինչ օրս եղած բոլոր կուռքերի հաջողությունը:

Բոլորն ասում են՝ համակարգը պետք է փոխել, բայց ոչ ոք չի արգելակում այս նախադասության վրա եւ ըստ էության՝ պարզաբանում, թե ի՞նչ է նշանակում համակարգը փոխել: Եթե այս խնդրի վրա համաձայնության գան, միեւնույն է, թե ով կլինի լիդերը: Անգամ Քոչարյանը կարող է լինել:

– Քանի որ դուք հասկացել եք, ավելին, համոզված եք, որ խնդիրը պետք է փոխել, ինչո՞ւ 20-ից ավելի տարիների ձեր փորձառությունը եւ կատարած հետեւությունները չեք ներդնում՝ ազգային իշխանություն հրապարակ բերելու համար: Դուք էլ կարող եք լինել լիդեր:

– Լիդեր լինելու համար Հայաստանում միայն խելք չի, որ պետք է: Ավելին, նույնիսկ խելք պետք էլ չի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել