Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԱՌԱՆՁԻՆ Է ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ապրիլ 03,2009 00:00

\"\"ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է, որ ոմանց համար հեշտ չի լինելու կեղծել Երեւանի ավագանու ընտրության արդյունքները:

– Պարոն Բոստանջյան, ֆինանսատնտեսական իրավիճակը որքանո՞վ կարող է ապակայունացնել մեր երկրի վիճակը:

– Միայն այն հանգամանքը, որ հանրապետության նախագահը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասաց, որ աշխատավարձերը, թոշակները չեն կրճատվի եւ պետք է վճարվեն ժամանակին, պետք է դիտել որպես նախագահի պահանջ, եւ կարելի է ենթադրել, որ արդեն իսկ մտահոգություն է, որ մեր պետական միջոցները՝ ճգնաժամով պայմանավորված, ընդհուպ կարող են լինել այնքան փոքր, մինչեւ անգամ ունենալ սահմանափակություն: Սա արդեն նշան է այն բանի, որ ֆինանսական ճգնաժամը կարող է ունենալ նկատելի լուրջ ազդեցություն: Բոլոր պարագաներում ես համոզված եմ, որքան որ կարդացել եմ եւ ծանոթ եմ, որ զանգվածները միշտ հավասարակշռությունից դուրս են գալիս, երբ իրենց մինչեւ անգամ ամենափոքր կենսական պահանջները չեն բավարարվում: Դա տիեզերական մի բան է եւ պայմանավորված չէ նրանով, որ այդպես է մտածում Բոստանջյանը կամ մեկ այլ մարդ: Բոլոր պարագաներում մենք հասկանում ենք, որ մտահոգվելու առիթներ կան:

– «Բարգավաճ Հայաստանը» պնդում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իր համամասնական ցուցակը մրցունակ է եւ հաղթող: Նույնը պնդում են մյուսները՝ իրենց ցուցակների մասով: Հնարավո՞ր է Երեւանի ավագանու ընտրություններում իրավիճակն այնքան լարվի, որ կոալիցիայի անդամներն սկսեն «իրար ուտել» քաղաքապետի պաշտոնի համար:

– Նման պարագաներում պատասխանը իմ կողմից մեկն է լինում՝ անհնարին ոչինչ չկա: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին» եւ կուսակցության ցուցակին, այո, այստեղ հոգատար վերաբերմունք է ցուցաբերված, եւ ընտրված է այն անձը, որն այս ամբողջ ազատական ժամանակահատվածում դրսեւորել է իրեն բոլոր կողմերով՝ ստեղծելու, պահպանելու, խնայելու եւ հասարակությանը ու մարդկությանը հասնելու առումով: Այդ մարդը Հարություն Քուշկյանն է: Ինչ վերաբերում է ընտրությունների բուն արդյունքին, այդ արդյունքները եւ դրա մեղավորներին երբեւիցե չփնտրեք այստեղ կամ այնտեղ: Կարեւոր չէ ավագանու, թե Ազգային ժողովի ընտրություններ են, բոլորը գտնվում են մեր ձեռքում: Ես կարող եմ չակերտավոր ասել՝ կեղծողներն էլ ենք մենք: Երբ որ մենք տրամադրված ենք ձայնը տալ մեկին, բայց ոչ թե մտքափոխ ենք լինում, այլ ինչ-ինչ պատճառներով գնում ենք այլ ուղղությամբ, ուրեմն, նշանակում է, մենք, կեղծեցինք ընտրությունների բուն իմաստը եւ բովանդակությունը;

– Երբ ասում եք՝ «մենք» նկատի ունեք ո՞ւմ:

– Ես նկատի ունեմ քաղաքացիներին:

– ՀԱԿ-ի մասնակցությունը ոմանց իրավունք է տալիս ասել, որ լարված ընտրություն կլինի:

– Որքան ես ուզում եմ հասկանալ ընդհանուր զարգացումների միտումները, ապա, իմ կարծիքով, այս ընտրությունները, ամենայն հավանականությամբ, պետք է ավելի ուժեղ լինեն, քանի որ բոլոր ուժերը, որոնք մասնակցում են Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին, ըստ էության, կարծես լուրջ են տրամադրված: Մասնավորապես՝ այն հանգամանքը, որ կոալիցիան առանձին է ներկայանում ավագանու ընտրություններին, արդեն նշանակում է, որ ամեն մեկն առանձին ստանձնում է ամբողջ այդ գործընթացը վերահսկելու պարտավորություն: Իսկ վերահսկելու մեխանիզմները բավականաչափ շատ են: Մինչեւ անգամ այնպիսի ուժերի համար, որոնք հակված կլինեն ոչ ընկալելի ճանապարհներով իրենց թեկնածուի համար ավելի շատ ձայն ապահովել, դա այդպես հեշտ չի լինելու:

– Կոալիցիայի անդամ ուժերից Դաշնակցությունը նորից մտել է իր դերի մեջ եւ, իշխանություն «ըլլալով», նորից ընդդիմադիր խաղեր է տալիս. դուք, որպես կոալիցիոն գործընկեր, չե՞ք վրդովվում դրանից, եւ ԲՀԿ-ն այս իրավիճակում ինչպիսի՞ դիրքորոշում է ունենալու:

– Մեր քաղաքական ուժը համեմատաբար երիտասարդ է, բայց հասարակությունն արդեն համոզվել է, որ, բոլոր դեպքերում, «Բարգավաճ Հայաստանը» երբեք «տորթի բաժանմանը» չի մասնակցել, իրեն նման բան թույլ չի տվել: ԲՀԿ-ն առաջնորդվում է համամարդկային արժեքներով եւ կուզենա, որ մեր երկիրը առաջնորդվի հատկապես այդ արժեքներով: Անկախ այն հանգամանքից՝ քաղաքապետը կլինի ԲՀԿ-ից, թե ուրիշ մեկը, բոլոր պարագաներում, թող լինի այնպիսին, ինչպիսին ուզում են Երեւանի քաղաքացիները: Իսկ նման ընդդիմադիր կեցվածքը նման է Դաշնակցությանը, առավել եւս՝ մենք դա տեսել ենք բազմիցս, նաեւ՝ այլ քաղաքական ուժերի կողմից: Իրենց կարծիքով, անհրաժեշտ պահին կարող են ընդդիմադիր կեցվածքներ ընդունել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել