Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԱՐՏԵԼ «ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԷՊՈՊԵԱՆ»

Ապրիլ 03,2009 00:00

\"\"

Չորեքշաբթի օրը սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը Մամուլի ազգային ակումբում հայտարարել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում 40 տոկոսի շեմը հաղթահարելու շանս ունեն միայն ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում հակադարձելով սոցիոլոգին՝ ասաց. «Առնվազն զարմանալի է, որ ոմանց քաղաքական մտքի քարոզչական թռիչքը շարունակում է դոփել տեղում։ Ես անգիր կարող եմ ասել, թե Գեւորգ Պողոսյանի, այսպես կոչված՝ սոցիոլոգիական հետազոտման ֆինալը ինչն է լինելու։ Նման հնամաշ PR տեխնոլոգիաներով այլեւս կարելի է ազդել երեւի թե միայն ղրղըզական հեռավոր աուլների՝ քաղաքակրթությունից կտրված մարդկանց վրա։ Ի դեպ, կարող եմ նաեւ ասել, թե որն է լինելու այս ոգով մեկնարկած քարոզչության հաջորդ էլեմենտը։ Շուտով Հայաստան կբերվի, ասենք՝ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի «ամենաօբյեկտիվ» համալսարանի «ամենաօբյեկտիվ սոցիոլոգը», որն «ամենաօբյեկտիվ սոցհարցումներն» է արել, ասենք, Օբամայի համար, եւ որի օբյեկտիվությունից ուշաթափվել է, օրինակ, Բերլուսկոնին։ Շարունակությունը, կարծում եմ, պարզ է։ Խորհուրդ կտայի տարբեր ճաշակների հարմարեցված, պատվիրված հարցումների էպոպեան ավարտել, որովհետեւ դրա քարոզչական ներգործությունն ուղղակի զրոյական է։ «Բարգավաճ Հայաստանը» հրաշալի գիտի, թե որ կուսակցությունն իրականում ինչ վարկանիշ ունի Երեւանում, եւ չկասկածելով մեր հանդեպ երեւանցիների ունեցած հանրային վստահությանը՝ մենք այս ընտրություններին մասնակցում ենք հաղթելու հստակ նպատակով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել