Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ՝ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Ապրիլ 02,2009 00:00

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ, իրականացրել է ծրագիր՝ «Եվրոպական թեմաների լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում»: Ծրագրի ամփոփման կապակցությամբ երեկ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանն ասաց, որ առկա է հակաեվրոպական ալիք, եւ ամեն օր մեր մամուլում կարելի է հանդիպել գոնե մի պարբերության՝ ընդդեմ Եվրոպայի:

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի պատասխանատու քարտուղար Տիգրան Պետրոսյանը ելույթում նկատեց, թե եվրոպական թեմաներին անդրադարձը մեր ԶԼՄ-ներում կրում է իրավիճակային, իրադարձային բնույթ. «Չի նկատվում թեմայի համակարգային լուսաբանման հստակ քաղաքականություն»: Բացի այդ՝ սահմանափակ է ներկայացվում եվրոպական կառույցների գործունեությունը. ասենք՝ ԵԱՀԿ կապակցությամբ բավարարվում են եռանախագահների մասին գրելով: «Փաստորեն, ԵԱՀԿ-ն նույնացվում է Մինսկի խմբի հետ»,- ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա՝ եվրոպական թեմաների լուսաբանման աճի 32%-ը կապված է ԵԽԽՎ բանաձեւերի հետ, 2-4%-ը՝ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի հետ եւ այլն:

Ծրագրի շրջանակներում մրցանակներ հանձնվեցին մի շարք ԶԼՄ-ների՝ «ԱՌԿԱ», «Նովոստի-Արմենիա», «Արմեդիա», «Panarmenian» գործակալություններին եւ «168 ժամ», «Երկիր», «ՀՀ» թերթերին: Անհատական մրցանակների արժանացան «ՆՏ»-ի խմբագիր Ռոբերտ Եղյանը՝ Եվրոպական թեմաներով լավագույն լրատվական շարքի համար, «Գոլոս Արմենիի» թղթակից Սոնա Մելոյանը՝ Մշակույթի ոլորտում եվրոպական թեմատիկայով լավագույն նյութերի համար: Եվ ինչպես նշեց Կարեն Բեքարյանը՝ գլխավոր մրցանակը «Եվրաինտեգրումը ՀՀ քաղաքացու համար» անվանակարգն էր, որում լավագույնը ճանաչվեց «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել