Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊՐԻԼԻ 1-Ը՝ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Ապրիլ 02,2009 00:00

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ճգնաժամը հանեց համը» խորագրով երգիծանկարների ապրիլմեկյան ցուցահանդեսը: Ներկայացված էին Երգիծանկարիչների ասոցիացիայի անդամների՝ ազատ նկարիչների 160-ից ավելի աշխատանքներ: Երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ Արզօն երգիծանքի միջոցով, բացի ճգնաժամի թեմայից, ներկայացրել էր նաեւ մարտի 1-ը, «7-ի գործով» դատավարությունը եւ այլն: Նա «Առավոտին» ասաց. «Եթե այսպիսի իշխանություն, կառավարություն ունենք, կյանքը շատ հետաքրքիր է, երբեք տխուր չի լինում: Ճգնաժամն էլ էն գլխից մեր գլխին եղել է»:

Ցուցահանդեսի ամենատարեց մասնակից՝ 82-ամյա Գեորգի Յարալյանն իր խոսքում նշեց. «Երգիծանկարչությունը լավ մասնագիտություն է, բայց մի քիչ անշնորհակալ է: Ես կուզենայի շախմատիստ լինել, որովհետեւ հաղթանակը երեւում է անմիջապես, իսկ էստեղ այսօր նոր երեւաց»: Հարություն Չալիկյանն էլ ասաց. «Այն քաղաքական գործիչները, որոնք պետք է հետաքրքրվեին մեր ծաղրանկարներով, որոնք պետք է փոխեին էս երկիրը, միջոցառմանը չեն եկել, թքած ունեն: Էս անտարբերությունը եւս պայքարի մի ձեւ է մեր դեմ… Ի դեպ, երգիծանկարչությունը Հայաստանում ոչ թե չի զարգանում, այլ իր պահանջը չունի: Մեր երկիրն է ծաղրանկարային, այդ պատճառով ծաղրանկարչությունը ավելորդ է դարձել»:

Դավիթ Ղազանչյանը քաղաքական թեմաներով ծաղրանկարներ չի անում, ասում է՝ թող փող տան, նկարեմ, թերթերն էլ միշտ չէ, որ իրենց արդարացնում են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել