Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵԼ ԵՆ

Ապրիլ 02,2009 00:00

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ վերջերս Վարշավայում անցկացված Ֆելիքս Շտամի միջազգային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն, 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը գրավել է երկրորդ տեղը: Բայց ինչպե՞ս:

Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն, հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում հաղթել է Լիտվայի ներկայացուցչին ու մտել եզրափակիչ: Սակայն վճռորոշ մենամարտից առաջ, որում մեր մարզիկը պետք է հանդիպեր ռինգի տեր երկրի բռնցքամարտիկի հետ, վերջինի համերկրացի բժիշկը Ցոլակին արգելել է մտնել ռինգ, պատճառաբանելով, որ նա լուրջ վնասվածքներ ունի: Ինքը՝ Ցոլակ Անանիկյանը, եւ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն արդեն Երեւանում հայտարարել են, որ Ցոլակը վնասվածքներ չի ունեցել, եւ դա արվել է երկու պատճառով: Նախ, որ լեհ բռնցքամարտիկը հաղթելու ոչ մի հեռանկար չուներ, ապա՝ դրա հետեւանքով Լեհաստանը թիմային հաշվարկում կզիջեր Ռուսաստանի հավաքականին: Այսինքն՝ Ֆելիքս Շտամի մրցաշարում մինչեւ 91 կգ քաշային կարգի մեդալների բաշխումը կատարվել է ավտոմատ փոխանցման կարգով:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հիշեցնում է նաեւ, որ ապրիլի 13-18-ը կայանալու է մարզաձեւի հանրապետության մեծահասակների առաջնությունը, որից հետո մեր ազգային հավաքականը մարտական կազմով մեկնելու է Չեխիա՝ մասնակցելու այստեղ մայիսի 12-19-ը կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել