Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փիրսինգը չի ավելացնում սեքսուալությունը

Ապրիլ 02,2009 00:00

Ըստ մասնագետի՝ կան օրգաններ, որոնց անատոմիական կառուցվածքն արգելում է դրանց դիպչել

2000թ. նոյեմբերի 15-ին ՄԵծ Բրիտանիայում Գինեսի ռեկորդների գրքի թեկնածու Լեսլի Հոբբելսը չափից դուրս փիրսինգով տարվելուց՝ հանկարծամահ եղավ: Լեսլին հայտնի էր Կարմիր Սոնյա անունով: Նրա մարմինը «զարդարում» էր 118 տարբեր առարկա, այդ թվում՝ 28 ամրակ, 13 օղ՝ ականջին, 13 շյուղ՝ փորին, 13 օղ՝ շրթունքներին եւ նույնքան օղ՝ քթին, երկու գնդիկ՝ լեզվին: Մնացած անցքերը եղել են մարմնի այլ մասերում: Կարմիր Սոնյայի մահվան պատճառը դարձել էր մարմնին արված անցքերից օրգանիզմ թափանցած վարակը, որն էլ առաջացրել էր սրտի կանգ:

Ընդհանրապես, փիրսինգ բառն առաջացել է անգլերեն pierce՝ ծակել բառից: Այն բոդի արտի ուղղություններից մեկն է: Փիրսինգի էությունն այն է, որ դեմքի եւ մարմնի տարբեր մասերում արված անցքերում դրվում են հնարավոր զարդարանքներ: Ոչ վաղ անցյալում շատ երկրներում փիրսինգն արտահայտվում էր ականջի զույգ բլթակները ծակելով: Դա համարձակորեն կարող էին անել միայն կանայք: Ականջօղով տղամարդը կասկած էր հարուցում եւ հաճախ մեղադրվում էր հոմոսեքսուալության մեջ: Սակայն ոչ միշտ է այս երեւույթն ընդունվել բացասական:

Փիրսինգի պատմությունը սկիզբ է առնում Ամերիկա աշխարհամասի ժողովուրդների ավանդույթներից, Աֆրիկայում, Ավստրալիայում, Օվկիանիայում ապրող ազգերից: Երկու սեռի ներկայացուցիչներն էլ կրում էին ոսկորից եւ մետաղից զարդարանքներ: Դրանք տարբեր նշանակություն ունեին: Հին Եգիպտոսում փիրսինգը վկայում էր հասարակության մեջ բարձր դիրքի, աստվածներին եւ փարավոններին մոտ լինելու մասին: Ցարական Ռուսաստանում հասարակածը հատած ծովայինի ականջին օղ էին անցկացնում: Հուլիոս Կեսարի թիկնապահների կրծքի օղակները խոսում էին իրենց տիրոջ խիզախության եւ առնականության մասին: Անգլիայի թագուհի Վիկտորիայի կառավարման տարիներին կնոջ կրծքին արված փիրսինգն ընդգծում էր կանացիությունը: Թագուհու ամուսնու՝ արքայազն Ալբերտի անունով է կոչվում տղամարդկանց սեռական օրգանին արվող փիրսինգներից մեկը:

Փիրսինգի եւ դաջվածքի մասնագետ Հովսեփ Մանուկյանն ասում է, որ մոտավոր հաշվարկներով Հայաստանում ոչ ստանդարտ փիրսինգ ունի բնակչության 5%-ը: Մեզ համար սովորական են ականջի բլթակների անցքերը, որը նույնպես համարվում է փիրսինգ, իսկ մարմնի այլ մասերին արվածները կոչվում են ոչ ստանդարտ: Նշենք, որ մեզ մոտ արդեն վաղուց քթին, ականջի տարբեր մասերին, շրթունքներին արված փիրսինգները զարմանք չեն հարուցում: «Փիրսինգը հնդկական արվեստ է: Կան նորմեր, որոնց հետեւելու դեպքում այդ երեւույթը վնասակար չի կարող լինել»,- ասում է Հովսեփ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանում դա ահագնացող չափերի է հասել. ալկոհոլի ազդեցության տակ անչափահասներն իրենք են ծակում իրենց մարմինը՝ այն էլ ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում:

Վերականգնման գործընթացը կախված է օրգանիզմի առանձնահատկությունից. լավ խնամելու դեպքում կարող է տեւել 20 օրից 3 ամիս: Բժիշկները խորհուրդ են տալիս վարակներից խուսափելու համար պարբերաբար հանել զարդերն ու ախտահանել: Հովսեփ Մանուկյանը մասնագիտությամբ օրթոպեդ ատամնաբույժ է, Մինսկում հատուկ դասընթացներ է անցել եւ մասնագիտացել այս գործում: Առանց ավելորդ համեստության՝ նա համոզված է, որ մեզ մոտ չկան փիրսինգի մասնագետներ: «Արգելվում է ծակող գործիքով փիրսինգ անել. դրանք նախատեսված են միայն ականջի բլթակը ծակելու համար: Մինչդեռ Հայաստանում կարող են այդ գործիքով քիթ, լեզու ծակել»,- ասում է նա:

Փիրսինգի համար նախատեսված զարդերը՝ փիրսերը, հիմնականում պատրաստվում են երկու մետաղից՝ վիրաբուժական պողպատից եւ տիտանից: Դրանք այն մետաղներն են, որոնք պարտադիր են նախնական ծակման համար: Ըստ Հովսեփի՝ ոսկի կախել են հնդիկները, դա նրանց սովորույթն է, իսկ «այսօր ոսկին չի նայվում փիրսի ոճի մեջ»: Ըստ փիրսինգի մասնագետի. «Վիրաբուժական փիրսինգ ասվածը պիտի զգաստացնի հաճախորդին: Մարմնի վրա անցքեր կարելի է անել անսահմանափակ թվով, սակայն կան օրգաններ, որոնց անատոմիական կառուցվածքն արգելում է դրանց դիպչել»:

Գոյություն ունի անգամ ուղեղի փիրսինգ՝ բրեդփիրսինգ: Ամերիկացի վիրաբույժներից մեկը հնարել է դա՝ օգնելով շատ թմրամոլների: Նրանց գլխում տեղադրում են հատուկ մետաղներ, որոնք հնարավորություն են տալիս թմրամոլին զգալ ավելի մեծ հաճույք: Սակայն դա մասսայականություն չունի, քանի որ շատ թանկ արժե: Հայաստանում ոչ ստանդարտ փիրսինգն արժե 10 հազար դրամ, ընդ որում կապ չունի՝ մարմնի որ մասում է արվում: «Դրանք շատ բարդ ծակումներ են եւ ճշգրիտ չափումներ են պետք, քանի որ փիրսը միշտ պիտի կանգնած լինի իր տեղում»,- ասում է Հովսեփը:

Սովորաբար համարվում է, որ փիրսինգն ավելացնում է սեքսուալությունը, ինտիմ հարաբերություններում ավելի զգայուն է դարձնում: Պետերբուրգցի գիտնականների փորձի արդյունքում պարզվել է հակառակը: Քչերն են փիրսինգից հետո մարմնի ինտիմ տեղերում առաջացած խնդիրների լուծման համար դիմում մասնագետի օգնությանը: Գիտնականների անցկացրած հարցմանը մասնակցած 146 կանանց եւ տղամարդկանց միայն 3%-ն է վարակ հայտնաբերելուց հետո դիմում բժշկի: Հարցվածների 43%-ը փիրսինգ է ունեցել կրծքին, 25%-ը՝ սեռական օրգաններին, իսկ 32%-ը ե՛ւ կրծքին, ե՛ւ սեռական օրգաններին:

Կրծքին փիրսինգ ունեցողների ամենատարածված խնդիրները եղել են զգայունության անկումը, ինչն էլ կազմել է 37%, իսկ մաշկի բորբոքվածություն եւ վարակ հայտնաբերվել է 21%-ի մոտ: Իսկ տղամարդկանց հիմնական խնդիրը միզելու հետ կապված դժվարություններն են՝ 39% եւ զգայունության անկումը՝ 31%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել