Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՈՎ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

Ապրիլ 02,2009 00:00

Ըստ բժշկի՝ ամենակարեւորը երեխայի վստահությունը շահելն է

Դեռեւս հին ժամանակներում գտնում էին, որ բժշկության հիմքը կազմում են երեք գործոններ՝ դանակը, բույսերը եւ խոսքը, ու վերջինիս ազդեցությունը մարդու վրա հատկապես ավելի զգալի է. խոսքով կարելի է եւ՛ խոցել, եւ՛ բուժել: Բժշկության մեջ մարդու վրա խոսքով ներգործելը հոգեբուժությունն է: Այն բժշկի եւ հիվանդի միջեւ ստեղծվող վստահության ու հավատի վրա խարսխվող այն հոգեբանական մթնոլորտն է, որը միշտ պետք է դրական ազդեցություն ունենա, հակառակ դեպքում՝ խոսք անգամ չի կարող լինել բուժման մասին: Եթե որեւէ մեկի մեղքով բժշկի եւ հիվանդի միջեւ փոխադարձ կապ չէր ստեղծվում, Հիպոկրատը խորհուրդ էր տալիս հիվանդին հանգիստ թողնել՝ վերջինիս չվնասելու համար:

Ընդհանուր հոգեբուժության առանձին ճյուղ է համարվում մանկական հոգեբուժությունը:

Հայաստանում այն բավական զարգացած է եւ հատկապես սկսեց զարգանալ 1988 թ. երկրաշարժից հետո: Ինչպե՞ս է սկսվում բուժումը, եւ ի՞նչ պետք է անի մանկաբույժը ցանկալի արդյունքների հասնելու համար: Ըստ մանկական հոգեբույժ Սիլվա Գասպարյանի. «Մանկաբույժի սկզբնական գործունեության կարեւորագույն փուլը ծանոթությունն է ծնողների հետ, նրանց եւ երեխայի հարաբերությունների, դաստիարակության ձեւերի, ընտանիքում տիրող ընդհանուր հոգեբանական մթնոլորտի ուսումնասիրությունը: Բժշկի կողմից ընտանիքում կանխարգելիչ աշխատանքները սկսվում են ծնողների հենց առաջին այցելության ընթացքում՝ առանց երեխաների ներկայության»:

Բուժման պրոցեսում ծնողների դերը շատ կարեւոր է, քանի որ զրույցից հետո բժիշկը կարող է մատնանշել ընտանիքի անդամների վարվելակերպի ու փոխհարաբերությունների կողմեր, որոնք երեխայի վրա բացասաբար կարող են ազդել, իսկ գոնե բուժման պրոցեսում ընտանիքում անդորրի ու ներդաշնակության մթնոլորտն անհրաժեշտություն է:

Ըստ մասնագետների, իրականում տարբեր տարիքի երեխաներին տարբեր մոտեցում է պահանջվում: Նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների վերացական մտածողությունը զարգացած չէ ու գերակշռում է առարկայականը: Այսինքն՝ որքան երեխան փոքր է, այնքան մեծ է նրա զգայական ոլորտի վրա ներգործելու հնարավորությունը. նրանց առարկաների միջոցով խրատելը, ներշնչելը համարվում է առաջնահերթ ու առավել արդյունավետ մեթոդ: Երեխաների բուժման պրոցեսում մի էական խոչընդոտ էլ կա, որը հատուկ է գրեթե բոլոր երեխաներին՝ վախ սպիտակ խալաթով մարդկանց՝ բժիշկների հանդեպ: «Երեւի թե սա ամենախրթին հարցն է, որին մենք հաճախ ենք բախվում: Պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Ամենակարեւորը երեխայի վստահությունը շահելն է, որն արդեն գործի կեսն է: Երեխաներին կարելի է գրավել նաեւ զանազան խաղալիքներով, որոնք անպայման պետք է լինեն բուժման համար նախատեսված սենյակում»,- նշում է Ս. Գասպարյանը:

Բժիշկը հիվանդի վրա ազդելու մեծ հնարավորություն ունի, միայն թե պետք է իմանալ՝ ինչպես խոսել, ինչ խոսել եւ երբ խոսել: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր բժիշկ՝ անկախ իր նեղ մասնագիտությունից, ուսումնասիրի հիվանդի նյարդահոգեկան աշխարհը, իսկ մանկաբույժների համար գործն էլ ավելի դժվար է, քանի որ երեխաների հոգեկան աշխարհը շատ փխրուն է, ու նրանք գործ ունեն դեռեւս չհասունացած, աճող եւ միաժամանակ խոցելի օրգանիզմի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել