Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սկանդալ՝ խաղից առաջ

Ապրիլ 02,2009 00:00

\"\"Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբի ետնապահներ՝ Էստոնիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը, որում, շնորհիվ 83-րդ րոպեին Սանդերս Պուրիի խփած միակ գոլի, նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեցին տանտերերը, դժվար թե ֆուտբոլային հասարակության հատուկ ուշադրությանն արժանանար, եթե հանդիպման մեկնարկից առաջ Էստոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Այվար Պոխլակը հիստերիկ սկանդալ չսարքեր:

Իրազեկ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հայաստանցիները հանդիպումից առաջ հանգիստ մարզվում էին խաղադաշտում (տաքացնում էին մկանները), երբ այդ երկրի ֆուտբոլային թիվ մեկ չինովնիկը անսպասելի՝ բռունցքներով եւ հյուրերի հասցեին լկտի հայհոյանքներով հարձակվել է նրանց վրա, որի արդյունքում հավաքականը որոշել է լքել դաշտը:

Կարծիք կա, որ մերոնք անգամ պատրաստ են եղել բոյկոտել խաղը: Տհաճ միջադեպի պատճառը եղել է այն, որ Պոխլակին թվացել է, թե մերոնք ցանկացել են չար դիտավորությամբ փչացնել Տալլինի «Ա Լե Կոկ» ստադիոնի՝ առանց այդ էլ անորակ խոտածածկը: Միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջամտությունից հետո Այվար Պոխլակը հանդիպումն սկսվելուց մոտ 10 րոպե առաջ գրավոր ներողություն է հայտնել մեր հավաքականից, որից հետո միայն հայ ֆուտբոլիստները, որոնք այդպես էլ լիարժեք նախավարժանք չէին կատարել, մտել են խաղադաշտ:

Այսքանից հետո չէր բացառվում, որ Էստոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի պարտադրած տրամադրությունը կշարունակվեր հանդիպման ժամանակ: Բայց, բարեբախտաբար, երկու թիմերի ֆուտբոլիստները ավելի բարձր մակարդակ են ցուցադրել՝ խաղը ավարտի հասցնելով առանց ավելորդությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել