Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿ «ԲՐՈՆԶ»

Ապրիլ 02,2009 00:00

7 մասնակից եւ 3 մեդալ

\"\"Երեկ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղից Հայաստանի ազգային հավաքականը վերադառնում է մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալով: Մրցաշարի երկրորդ օրը մրցագորգը տրամադրվել էր 60, 74 եւ 96 կիլոգրամ քաշային կարգ ունեցող ըմբիշներին: Հայաստանի ազգային հավաքականը վերը նշված քաշերում ներկայացուցիչներ ուներ. Արթուր Առաքելյան, Սուրեն Մարկոսյան եւ Էդգար Ենոքյան: Մեր այս երեք ըմբիշներից առավել հաջող մասնակցություն ունեցավ մինչեւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Նա վիճակահանությամբ պայքարի մեջ ներգրավվեց երկրորդ փուլից եւ հերթականությամբ պարտության մատնեց Էլդար Կուրանիձեին (Վրաստան), Սերգեյ Պերնիկաուին (Բելառուս), սակայն երրորդ գոտեմարտում տանուլ տվեց ի վերջո արծաթե մեդալի արժանացած ռուսաստանցի Գեորգի Կետոեւին: Եվ քանի որ վերջինը մտել էր եզրափակիչ, Էդգարը կանոնակարգի համաձայն՝ երրորդ տեղի համար պայքարելու իրավունք ստացավ՝ այդ ճանապարհին պարտության մատնելով Լատվիայի ներկայացուցիչ Իմանց Լագոդսկիյսին:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալու հնարավորություն ուներ նաեւ 60 կգ քաշային կարգը ներկայացնող Արթուր Առաքելյանը, եթե սփոփիչ գոտեմարտում հաղթեր թուրք Էրսին Սետինին: Սակայն մեր ըմբիշը տանուլ տվեց եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից:

Նույն ճակատագրին, բայց մի փոքր ավելի շուտ, արժանացավ նաեւ մեր երրորդ մասնակիցը՝ Սուրեն Մարկոսյանը: Նա մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթելով մեծբրիտանացի Մայքլ Գրանդիին՝ այնուհետեւ չկարողացավ կենտրոնանալ եւ միավորներով զիջեց Գելա Սագիրաշվիլուն ու համալրեց հանդիսականների շարքերը:

Մեր ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունում անհատական հաշվարկով գրավեցին այսպիսի տեղեր.

55 կգ- Միհրան Ջաբուրյան՝ 5-րդ

60 կգ- Արթուր Առաքելյան՝ 7-րդ

66 կգ- Ժիրայր Հովհաննիսյան՝ 3-րդ

74 կգ- Սուրեն Մարկոսյան՝ 12-րդ

84 կգ- Հարություն Ենոքյան՝ 7-րդ

96 կգ- Էդգար Ենոքյան՝ 3-րդ

120 կգ- Ռուսլան Բասիեւ՝ 2-րդ:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը շուրջ երեք տասնյակ երկրների պայքարում հանգրվանեց 5-րդ տեղում (38 թիմային միավորով)՝ իրենից առաջ թողնելով միայն Ադրբեջանին, Ռուսաստանին, Ուկրաինային, Թուրքիային, որոնք նույն հերթականությամբ լրացրին լավագույն հնգյակը:

Վաղը պայքարն են սկսելու հունահռոմեական ոճի ըմբիշները, որտեղ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են Ռոման Ամոյանը՝ 55 կգ քաշային կարգ, Արտակ Հարությունյանը՝ 60, Խոսրով Մելիքյանը՝ 66, Արսեն Ջուլֆալակյանը՝ 74, Դենիս Ֆորովը՝ 84, Արման Գեղամյանը՝ 96 եւ Յուրի Պատրիկեեւը՝ 120:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել